Կվերաբերի՞ քաղբանտարկյալներին

14/11/2010

«Երկու հարթության վրա մենք այսօր խնդիրներ ենք քննարկում, հանրապետության ղեկավարը եւս այդ հարցում հետեւողական է: Առաջինը՝ որ վերանայվեն, ընդհանրապես պատժից պայմանական վաղաժամկետ ազատման եւ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը»,- երեկ հայտարարել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը` պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ օրենսդրական փոփոխությունների կամ անկախ հանձնաժողովների որոշման արդյունքում քաղբանտարկյալները պատժից վաղաժամկետ ազատ արձակվեն: «Հարցը շատ ավելի խորն է, եւ մենք այս առումով փորձելու ենք պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտը հավասարազոր դարձնել միջազգային չափանիշներին եւ միջազգային փորձին: Այդ օրենսդրական փոփոխություններից հետո դրանք կհանգեցնեն ուղղակի նոր իրավիճակներում պատժից վաղաժամկետ ազատման՝ նոր չափանիշներով, նոր մոտեցումներով: Ո՞ւմ վրա դա կտարածվի, նախապես ասել հնարավոր չէ: Կտարածվի այն անձանց վրա, ովքեր բավարարում են այդ չափանիշները: Ինչ վերաբերում է առանց օրենսդրական չափանիշների պատժից վաղաժամկետ ազատմանը, դա կարող է վերաբերել կոնկրետ անձանց: Ներման ինստիտուտի մասին է խոսքը, եւ որոշակի կատեգորիայի անձանց կարող է վերաբերել, եթե խոսքը համաներման մասին է»,- ավելացրել է Գ.Դանիելյանը: