ՀՀ առողջապահության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հարություն Քուշկյանը քաղաքական ենթատեքստում չի դիտարկում ո՛չ իր ղեկավարած նախարարությանն ուղղված` վարչապետի քննադատությունները, եւ ո՛չ էլ նախարարության երեք պաշտոնյաների աշխատանքից ազատվելը: Այդ մասին երեկ նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանը, իսկ նոյեմբերի 9-ին էլ հրաժարական էին ներկայացրել փոխնախարարներ Աբրահամ Մանուկյանն ու Թաթուլ Հակոբյանը: Գ. Սայադյանի աշխատանքից ազատվելը Հ. Քուշկյանը պատճառաբանել է պաշտոնավարման ժամկետի ավարտով. «Ժամկետն արդեն լրացել էր` 8 տարի է արդեն աշխատում աշխատակազմի ղեկավար, երկրորդ անգամ էլ նշանակվել էր, ավարտվեց, դուրս եկավ, եւ նշանակվեց նոր աշխատակազմի ղեկավար` բուժվարչության պետը` Պողոսյան Վահանը»: Իսկ փոխնախարարներ Աբրահամ Մանուկյանի ու Թաթուլ Հակոբյանի հրաժարականների առնչությամբ էլ նախարար Հ. Քուշկյանն ասել է. «Իրենք ազատվել են իրենց դիմումի համաձայն, առանձնապես բացատրություն չունեմ: Կադրային փոփոխություններ բոլոր գերատեսչություններում էլ, բոլոր հիմնարկներում էլ ժամանակ առ ժամանակ լինում են: Հիմա էլ իրենք որոշեցին անցնել այլ աշխատանքի: Դա իրենց որոշումն էր»: Արձագանքելով Թ. Հակոբյանի` մամուլին տված այն մեկնաբանությանը, թե իր եւ նախարարի հարաբերությունները լարված են եղել, Հ. Քուշկյանն ասել է. «Ես շատ խիստ ղեկավար եմ, ինձնից շատ մարդիկ նեղանում են, որովհետեւ ես իրենց հաճախ պատժում եմ այս կամ այն գործառույթը լավ չկատարելու համար»:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների այս հրաժարականները հաջորդեցին նոյեմբերի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստին, որտեղ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կրթության եւ գիտության, Առողջապահության նախարարություններին մեղադրեց կոռուպցիայի մեջ` պահանջելով տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել իրեն` «ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտված նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներում մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երեւույթների դեմ»:
Ի դեպ, փոխնախարարներ Հակոբյանն ու Մանուկյանն անկուսակցականներ էին, իսկ ՀՀԿ-ին անդամակցող երկու փոխնախարարները շարունակում են պաշտոնավարել: Հարցին, թե դա կարելի՞ է դիտարկել արդեն քաղաքական ենթատեքստում, Հ. Քուշկյանը պատասխանել է. «Չէ, դա բացարձակապես կուսակցության հետ կապ չունի: Ուղղակի իրոք իրենք ցանկացել են ուրիշ ոլորտում աշխատել»: Հարցին էլ, թե հրաժարական ներկայացրած պաշտոնյաները կապ ունեի՞ն վարչապետի մատնանշած «նեգատիվ երեւույթների» հետ, եւ արդյոք ուղիղ կապ կա՞ այս հրաժարականների ու վարչապետի հայտարարությունների միջեւ, առողջապահության նախարարը պատասխանել է. «Ես չեմ ուզում ուղիղ կապեմ: Ես ուղղակի կխնդրեի չսեւեռվել այս` պաշտոնանկություն, կամ մեկը ինչ-որ գործից ազատվել է գ որովհետեւ դա՛ կարեւոր չի, կարեւորն այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել ու ինչ արել ենք այս 3 տարվա ընթացքում»: Թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ին անդամակցող վարչապետի քայլերը իրեն են ուղղված եւ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստանին» հարվածելու միտում ունեն, Հ. Քուշկյանը պատասխանել է, թե ինքը նման միտում չի տեսնում, քանի որ վարչապետը կառավարության նիստում քննադատել է նաեւ «Օրինաց Երկիր», Հանրապետական կուսակցություններին անդամակցող նախարարների ղեկավարած գերատեսչությունների աշխատանքը: «Ես նման տիպի չեմ դիտարկում, որովհետեւ հարված ընդհանրապես չեմ տեսնում: Հետո, մենք կոալիցիոն կառավարություն ենք: Այսինքն` ասվել է բոլորին, որպեսզի բոլորը է՛լ ավելի արդյունավետ աշխատեն, ավելի ուշադիր լինեն: Իրոք, ես համաձայն եմ այդ ամեն ինչի հետ, որ պետք է ավելի ինտենսիվացնել աշխատանքը, ու պարտավոր ենք, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը հրահանգում է, այդ ամեն ինչը կատարել ու ավելի մեծ արդյունքների հասնել»,- ասել է Հարություն Քուշկյանը: