Հիմա էլ Հնդկաստանից

14/11/2010

Նոյեմբերի 11-ին Հնդկաստանում անցկացվող «Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում» ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է նաեւ ԼՂՀ հիմնախնդրին: Ըստ նրա` «Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը»: Խոսելով Աստրախանում ձեռք բերված ռազմագերիների եւ զոհերի դիակների փոխանակման պայմանավորվածության մասին՝ նա նշել է. «Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով: Նոյեմբերի 7-ին, այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում, նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ եւ վիրավորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնյակ-հազարավոր այդպիսի հերոսներգ որոնք սպասում են Գերագույն Հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»` խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ, եւ նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրն «ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը եւս մեծ վերելք է ապրում»: Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ` դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում՝ թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ Հայաստանը եւ Երեւանը ադրբեջանական հող է, ու դրա մասին պետք է մանուկներն իմանան: Սա 1939-ի Գերմանիան չէ, սա 2010-ի Ադրբեջանն է: 2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ: Եվ գրեթե կրկնապատկվել է 2010-2011-ին: Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10%-ը, ապա 2011-ին լինելու է ՀՆԱ-ի մոտ 20%-ը: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին ոչ թե ձեւական, այլ գործնական մասնակցություն ունենալուն»: