Խաչիկյանն անհետացե՞լ է

14/11/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն, արդեն որքան ժամանակ է` անջատել է հեռախոսներն ու անհասանելի է դարձել բոլորի համար: Մեր տեղեկություններով` նրա ղեկավարած ծառայությունում ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումները դեռ նոր սկսած` խոշոր չարաշահումներ էր հայտնաբերել, ու երբ դա ներկայացվել է Վ. Խաչիկյանին, նրա մոտ ճնշման կտրուկ տատանում է առաջացել: Եվ Վ. Խաչիկյանին շտապօգնությամբ տեղափոխել են Նորքի սրտաբանական հիվանդանոց: Պարզվել է, որ Վ. Խաչիկյանը սրտի անոթի խցանում է ունեցել: Մեր տեղեկություններով` իշխանությունները փնտրում են Խաչիկյանին, սակայն չեն կարողանում գտնել: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ նա առողջական այդ խնդրի պատճառով մեկնել է Մոսկվա: Հեռախոսները կրկին անհասանելի են, ուստի նրա հետ կապ հաստատելն անհնար է: Խաչիկյանին գտնելու համար նույնիսկ դիմել են նրա կնոջը` Լիլիթ Ասատրյանին, բայց վերջինս պատասխանել է, թե իրեն այդ հարցով այլեւս չդիմեն, քանի որ ամուսինն իրեն տեղյակ չի պահում իր քայլերի մասին: Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն անցած շաբաթ սոցապ ծառայությունում փակեց վճարումների ծառայությունը եւ թոշակների բաժանման ծառայությունը հանձնեց «Հայփոստին»: Սոցիալական ապահովության ծառայությունում հսկայական գումարներ են շրջանառվել: Գաղտնիք չէ, որ ծառայության տեսուչները յուրաքանչյուր թոշակառուից ամեն ամիս 200 դրամ են պահել, իսկ Հայաստանում հաշվվում է մոտ 500.000 թշակառու: Արդյունքում, այդ չնչին թվացող` 200-ական դրամները գումարվելով՝ ամեն ամիս կազմում են մոտ 100 մլն դրամ: Այսինքն` ամեն ամիս թոշակառուներից շորթվում է այդքան գումար, որի մեծ մասը, բնականաբար, հասնում է սոցապ ծառայության պետին: Բացի այդ, պետբյուջեից թոշակներին հատկացվող գումարները երբեմն ժամանակից շուտ են փոխանցվում այս ծառայության հետ աշխատող բանկերին, բանկերը դրանք շրջանառության մեջ են դնում, ու դրանից նույնպես ահռելի տոկոսներ են գոյանում: Եթե նույնիսկ Խաչիկյանի ղեկավարած հիմնարկում այլ չարաշահումներ չլինեն, ապա միայն այս երկու հանգամանքները բավարար են: Մյուս կողմից, սակայն, երբեք գաղտնիք չի եղել, որ տարիներ շարունակ թոշակառուներից 200-ական դրամներ են պահվել, որը հսկայական գումար է կազմում: Գաղտնիք չի եղել նաեւ, որ բանկերում այդ գումարները դրվում են շրջանառության մեջ, եւ խոշոր շահույթներ են ստացվում: Պարզապես, ըստ շրջանառվող լուրերի` Խաչիկյանը վերջերս շատ է «հաբռգել»` կրճատելով վերեւների «հասանելիքը»: Մամուլում հրապարակվել էր, թե նա օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Ասում են, որ իշխանական վերնախավում նրա ազատման հարցը լուծված է, պարզապես քննարկվում է դրա ձեւը եւ ժամկետը: Հնարավոր է, որ Խաչիկյանին ազատեն Առողջապահության, Գյուղատնտեսության եւ Ֆինանսների նախարարություններում վերջին աղմկոտ ազատումների հետ միասին, այսինքն` ցույց տան, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները չեն խնայում նաեւ իրենց թիմակիցներին: Քննարկվում է նաեւ այն տարբերակը, թե նրան կազատեն 1-2 ամիս հետո, երբ ՎՊ-ի բացահայտումների աղմուկը մեղմացած կլինի, եւ նրան կնշանակեն մեկ այլ` ավելի ցածր պաշտոնի: Իսկ Խաչիկյանն այդ պաշտոնին 5 տարի առաջ նշանակվել է Հարկային ծառայության նախկին պետի` Վահրամ Բարսեղյանի միջոցով, ում հետ ունեցել է քավոր-սանիկային հարաբերություններ: Այժմ, ըստ լուրերի` ՀՀԿ-ում սկսել են քննարկել, թե ում պետք է նշանակեն Վ. Խաչիկյանի փոխարեն: