Հարձակումների նպատակն է ներման խնդրագիր կորզելը

14/11/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը պիկետ էր կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ` ի պաշտպանություն քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել այն մասին, որ նոյեմբերի 11-ի գիշերը ժամը 2:30-ի սահմաններում կալանախցում երկու դիմակավորված անձինք հարձակվել են Նիկոլ Փաշինյանի վրա:
Երեկ կազմակերպված ակցիայի ժամանակ ընդդիմության մի քանի հարյուր ներկայացուցիչներ պահանջում էին ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին ու մյուս 11 քաղբանտարկյալներին: Երեկվա միջոցառումն առանց միջադեպերի չանցավ. ոստիկանները նորից խոչընդոտեցին ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժը: Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին փորձում էր անցնել Գլխավոր դատախազության մայթով, սակայն ոստիկանները նրան հրմշտեցին եւ թույլ չտվեցին: Վարդգես Գասպարին ընկավ, եւ դա դժգոհության ալիք բարձրացրեց պիկետի մասնակիցների շրջանում: Նրանք դիմացի մայթից շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենք: «Ամեն ինչ արեք, որ նման կրքեր չբորբոքվեն, դժվա՞ր է այդ սահմանը պահել: Այս ընդվզումն առաջացավ ոստիկանների քստմնելի արարքի պատճառով»,- Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին եւ Կենտրոնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանին դիմելով` ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Այդ միջադեպից հետո Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ մականունով) ենթականերից մեկին կարգադրեց այլ ոստիկանների եւս կանչել «օգնության»: Դատախազության շենքի հետեւից անմիջապես դուրս եկան մեծ քանակությամբ ոստիկաններ եւ պատ կազմեցին մայթի երկայնքով:
Հիշեցնենք, որ սա կալանավայրում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարված բռնության երկրորդ դեպքն է: «Սա առաջին անգամ չէ, 2008 թվականի դեկտեմբերին նորից եղան բռնարարքներ քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի, Գեւորգ Մանուկյանի, Վարդգես Գասպարիի, Արմեն Սարգսյանի նկատմամբ: Այն ժամանակ այդ բռնարարքներն արվում էին մեկ նպատակով` նրանցից ներման խնդրագրեր կորզելու նպատակով: Այսօր նպատակը փոխվել է, ռեժիմն անհանգստացած է, եւ սա մամուլը լռեցնելու ակնհայտ փորձ է»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Նիկոլ Փաշինյանի վրա հարձակում գործադրելու դեպքի առիթով երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից: Նա կտրուկ հերքեց քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն Ն.Փաշինյանի, այլեւ ընդհանրապես որեւէ դատապարտյալի նկատմամբ կազմակերպված բռնություն գործադրելու փորձերը: Իսկ «չկազմակերպված փորձերի» դեպքում էլ, նախարարի խոսքերով, հարուցվում են քրեական գործեր: «Ավելին, միջազգային փորձագետները, որոնք դատապարտյալների հետ շփվելու շատ լավ սովորություն ունեն, շուտով կհրապարակեն իրենց զեկույցը, եւ առաջին դեպքն է Հայաստանի համար, որ գրում են, թե քրեակատարողական համակարգում բռնությունները դադարել են: Սա գրում են մարդիկ, ովքեր 3-4 տարի առաջ բոլորովին այլ կարծիք են հայտնել»,- ասում է Գ.Դանիելյանը:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը երեկ երկրորդ անգամ փորձել է հերքել, որ Ն.Փաշինյանի վրա հարձակում է եղել: «Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ մեկ անգամ եւս հերքվել է որեւէ եղանակով նշված անձին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, իսկ զննությամբ, որն, ի դեպ, կատարվել էր դեռ նյութերի նախապատրաստման սկզբնական փուլում, մինչեւ ծածկոցը դատապարտյալին վերադարձնելը, որեւէ «սապոգի» հետք չի հայտնաբերվել»,- նշված է երեկ նրա կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Մինչդեռ նախօրեին Նիկոլ Փաշինյանի պաշտպան Վահե Հովսեփյանը հայտարարել էր, որ իր եւ Ն.Փաշինյանի ներկայությամբ հերթապահ պատասխանատու Բեգլարյանը եւ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Զաքարյանը նայել են, վերմակի ծրարի վրա արձանագրել են յոթ հատ սեւ գույնի հետք: «Ակնհայտորեն սապոգի կողմից թողնված, ինչպես նաեւ՝ վերմակի ծրարի հակառակ կողմին` չորս հատ արնանման հետք: Արյան հետքեր առկա են նաեւ Նիկոլի գիշերազգեստի վրա»,- ասել էր փաստաբանը:
Ն.Փաշինյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Տեղեկացնենք նաեւ, որ օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այս ընթացքում չեն եղել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում եւ չեն հանդիպել Ն.Փաշինյանի հետ: «Ա. Հարությունյանը անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը եւ կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից: Կոչը հավասարապես ուղղված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա. Բաբայանին, ովքեր նախքան փորձաքննության արդյունքների ստանալը հանդես էին եկել հայտարարություններով»,- նշված է հայտարարության մեջ:
Իսկ Վ.Հովսեփյանը երեկ մեզ հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչ քայլեր են ձեռնարկելու Նիկոլ Փաշինյանի վրա հարձակվելու այդ դեպքի բացահայտման առիթով: «Այդ գործողությունների մասին առաջիկայում կիմանաք»,- ասաց փաստաբանը: