Անգլիական ձեւով

14/11/2010

Հեղինակավոր «Economist» պարբերականի վերլուծական բաժինը` Economist Intelligence Unit-ը, հրապարակել է Հայաստանին վերաբերող զեկույցը, որում վերլուծում է երկրի ներկայիս վիճակն, ու կանխատեսումներ են արվում առաջիկա տարիների համար: Քաղաքական ոլորտում «Economist»-ի վերլուծաբանները փաստում են, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը այժմ առավել ապահով են թվում. տնտեսական իրավիճակը բարելավվել է անցյալ տարի գրանցած 14.4 տոկոսանոց անկումից հետո»: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր ՀԱԿ-ի հնարավորությունները կառավարության երկարակեցությունը վտանգելու կամ նշանակալի փոփոխությունների հասնելու համար ներկայումս մեծ չեն: Չնայած 2010թ. մարտին ՀԱԿ-ը հանրահավաք կազմակերպեց 2008թ. մարտյան դեպքերի զոհերի հիշատակին, դա չվերաճեց կառավարության կամ իշխանությունների դեմ բողոքի ցույցի:
ՀԱԿ-ը համախմբված միասնական քաղաքական ծրագիր չունի եւ կառավարությանը քննադատում է` առանց այլընտրանքային քաղաքականություն առաջարկելու: Այսպիսի գործողությունները հազիվ թե համոզեն հասարակությանը, թե ՀԱԿ-ը կարող է համախմբված ընդդիմադիր ուժ ձեւավորել: Բացի այդ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերը ընդդիմադիր առավել լայն հարթակ ստեղծելու ուղղությամբ` Դաշնակցության եւ «Ժառանգության» հետ միասին, արդյունք չտվեցին: Նախագահ Սերժ Սարգսյանին, մինչդեռ, հաջողվեց ամրապնդել իր իշխանությունը քաղաքական եւ գործարար վերնախավի շրջանում»,- ասված է զեկույցում: «Տնտեսական ակտիվության հեռանկարները 2011-2012թթ. բարելավման միտում ունեն արտաքին տնտեսական միջավայրի վերականգնման եւ տեղական պահանջարկի ավելացման հաշվին, ինչը կպակասեցնի սոցիալական հուզումների հնարավորությունը: Լարվածությունը, այնուամենայնիվ, սրված է մնում իշխանական կոալիցիայի ներսում»: Ինչ վերաբերում է 2012 թ. ԱԺ եւ 2013-ի նախագահական ընտրություններին` վերլուծությունը հավանական է համարում, որ նախագահ ՀՀԿ-ն «կշարունակի իր գերակայությունը խորհրդարանում»: Ըստ «Economist»-ի, ՀՀԿ-ն ընտրություններում իր դիրքերն ամրապնդելու համար «կօգտագործի վարչական ռեսուրսը, իսկ ընդդիմությունը կրկին դժվարությունների կհանդիպի միասնական բլոկով հանդես գալու անհնարինության պատճառով»: