Ոչինչ չկա՞

14/11/2010

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ «լուռ դիվանագիտություն», ոչ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ոչ էլ նոր բանակցություններ»,- Նյու Դելիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էր վերջերս հայտարարել, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «լուռ դիվանագիտություն» է ընթանում: «Թուրք քաղաքական գործիչներից ոմանք եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ, թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»,- ասել է նա` հավելելով, թե միակ քայլը, որ մնում է այս երկարատեւ գործընթացում` հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է` առանց հավելյալ ձգձգումների: «Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների»,- ասել է Նալբանդյանը: