Միջազգային հանրությունն` ի դեմս միջազգային զանազան կազմակերպությունների ու կառույցների, վերջին շրջանում բառի բուն իմաստով «ձեռ է առնում» Հայաստանի հասարակությանը: Մի կողմից՝ իրար հետեւից հրապարակվում են հայերի մասնակցությամբ քրեական գործերի բացահայտումներ` դրանք կապելով նաեւ ՀՀ իշխանությունների հետ, մյուս կողմից՝ հանդես են գալիս այնպիսի գնահատականներով, որոնց մասին կարող է երազել ցանկացած ոչ ժողովրդավարական իշխանություն: Ասենք, անցած շաբաթ Շվեյցարիայում կայացած տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի 6-րդ համաժողովում մասնակից երկրների պաշտոնյաների կողմից այնպիսի հիացական խոսքեր են հնչել ՀՀ-ում մրցակցային դաշտի վերաբերյալ, որ նույն Շվեյցարիան «ղալաթ է արել»: «Փորձագիտական առաջարկներին արագ եւ արդյունավետ արձագանքելու Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը: Մասնակից երկրներից շատերը ցանկություն են հայտնել հետեւելու ՀՀ-ի սկսած բարեփոխումների օրինակին»,- ասված է ՄԱԿ-ի համաժողովի մասին պատմող հաղորդագրության մեջ։ Հետ չեն մնում նաեւ արդարադատության ոլորտում ՀՀ իշխանությունների հետ «համագործակցող» միջազգային փորձագետները: «Միջազգային փորձագետները, որոնք դատապարտյալների հետ շփվելու շատ լավ սովորություն ունեն, շուտով կհրապարակեն իրենց զեկույցը, եւ առաջին դեպքն է ՀՀ-ի համար, որ գրում են, թե քրեակատարողական համակարգում բռնությունները դադարել են: Սա գրում են մարդիկ, ովքեր 3-4 տարի առաջ բոլորովին այլ կարծիք են հայտնել»,- երեկ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Ընդ որում, նա հայտարարել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեակատարողական հիմնարկում իրականացված բռնության արդեն երկրորդ դեպքի կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիայից հետո: Իսկ բրիտանական «Economist» հանդեսի վերլուծական բաժինը` ՀՀ ներկայիս վիճակի եւ ապագա զարգացումների մասին զեկույցում ընդհանրապես «քարը քարին չի թողել»: «Տնտեսական ակտիվության հեռանկարները 2011 -2012թթ. բարելավման միտում ունեն արտաքին տնտեսական միջավայրի վերականգնման եւ տեղական պահանջարկի ավելացման հաշվին, ինչը կպակասեցնի սոցիալական հուզումների հնարավորությունը»,- գրել են զեկույցի հեղինակները, որոնց «հեղինակավոր» կարծիքով՝ ՀՀ իշխանություններն այսօր ուժեղ են առավել, քան երբեւէ, ընդդիմության հնարավորություններն էլ` ընդհակառակը` մեծ չեն, ՀՀԿ-ն էլ ապագա խորհրդարանում «կշարունակի իր գերակայությունը»: Իսկական «Հայկական աշխարհին» տրված գնահատականներ: Հետաքրքիր է` նման գնահատականները «ատկատների՞», «Գառնի Գեղարդի՞», թե՞ ինչ-որ խոստումների դիմաց են կորզվում: Կարծում ենք, այս հարցի պատասխանը գտնելու նպատակով արժե ՀՀ-ում մեծ միջազգային գիտաժողով կազմակերպել` դրա անցկացման համար որպես պետական պարտք՝ տրամադրելով մի քանի տասնյակ միլիոն դոլար: Կամ ֆունտ ստեռլինգ: