Դեղատոմսեր

11/11/2010

Անեմիայի դեպքում: Միմյանց խառնեք 200 մլ նռան, 100 մլ կիտրոնի, խնձորի, բազուկի, գազարի հյութերը։ Ավելացրեք 50 գրամ մեղր։ Օգտագործելուց առաջ խառնեք։ Այդ զանգվածից 2 ճաշի գդալ լուծեք 100 գրամ գոլ ջրի մեջ եւ խմեք օրը 3 անգամ։
Մրսածության դեպքում: Խառնեք միջին չափերի 2 նռան եւ 1 սոխի հյութերը։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Սա 1 օրվա չափաբաժինն է։
Հավկուրության դեպքում: Օրվա ընթացքում խմեք 100 մլ նռան հյութ։ Ցանկալի է այն լուծել ջրի հետ` 1։1 հարաբերությամբ։ Խմեք ձողիկներով։
Հիպերտոնիայի դեպքում: Քնելուց առաջ լուծեք մեկ թեյի գդալ մեղրը 50 մլ ջրի մեջ։ Ավելացրեք նույն քանակության նռան հյութ։ Կանոնավոր օգտագործելու դեպքում կկարգավորվի արյան ճնշումը։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄ: Ստամոքսի խոցի, քրոնիկ փորկապության, թութքի դեպքում չի կարելի նուռ օգտագործել։
Ձեռքերի քսուք: Մանկական ձեռքի քսուքին ավելացնել մի քանի կաթիլ նռան հյութ։ Վիտամիններ A, C-ն եւ կիտրոնաթթուն սպիտակեցնում, թարմացնում եւ սնուցում են մաշկը։ Նռան հյութի պարբերական օգտագործումը կպաշտպանի մաշկը վաղաժամ ծերացումից (եթե չունեք անհատական անընկալունակություն նռան հանդեպ)։
Լոգանք ոտքերի համար: Կես նռան կեղեւի վրա 2 բաժակ եռջուր լցրեք, 15 րոպե պահեք թույլ կրակի վրա, ապա քամեք։ Լցրեք թասի մեջ, ավելացրեք գոլ ջուր եւ ոտքերի լոգանք ընդունեք։ Վերականգնում է մաշկի առաձգականությունը։

Ի դեպ
Նռնաքարը համարվում է բարեկամության եւ սիրո խորհրդանիշ, այն պաշտպանում է դեպրեսիայից, միմյանց նվիրում են` ի նշան երախտագիտության։ Նռնաքարը կրում են գլխացավի, կոկորդային բորբոքումների դեպքում։ Ըստ ժողովրդական հավատալիքի` նռնաքարը հեշտացնում է ծննդաբերությունը, մանկիկին պարգեւում կենարար ուժ։
Պատրաստեց ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ