Կիվին ծագումով «չինացի» է, այլ կերպ այն կոչվում է չինական «փշոտ հաղարջենի»։ Այս խավոտ պտուղը մշակվում է Միջերկրական ծովի հյուսիսային ափերին, Իսրայելում, Լատինական Ամերիկայի Արեւմտյան մասում եւ Նոր Զելանդիայում։ Առավել խոշոր արտահանողներն են Իտալիան եւ Նոր Զելանդիան, որտեղ կիվիի բերքահավաքը կրում է համաժողովրդական բնույթ եւ ավարտվում մեծ տոնախմբությամբ։ Այս պտղառատ բույսը հեշտ է աճեցվում։ Որպես մշակաբույս ներմուծվել է 20-րդ դարի սկզբին։ Էկզոտիկ մրգերի արտահանման ծավալով կիվին զբաղեցնում է 2-րդ տեղը՝ անանասից հետո։ Մեծ քանակությամբ արտահանվել է 1931թ. տնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում։ Արտահանողները կիվին անվանում էին «առողջության պտուղ»։ Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է հիմնավորված այդ պնդումը։
Կիվիի 100 գրամ պտղամսի մեջ մոտ 75մգ ասկորբինաթթու է պարունակվում, որն ավելի շատ է, քան նարնջի մեջ (65 մգ), անանասի մեջ (40մգ), կիտրոնի մեջ (30 մգ), սակայն, մոտ 5 անգամ զիջում է սեւ հաղարջենուն։ Հայտնի է, որ վիտամին C-ն ամրացնում է դիմադրողական համակարգը, թեթեւացնում է սթրեսային վիճակը, լավացնում է ախորժակը, կանխում է արյունահոսությունը։
Դիմադրողականությունն ամրացնելու համար կիվին մաքրեք, կտրատեք մածունի մեջ եւ մշտապես կերեք: Չափազանց համեղ է, եւ շատ օգտակար եւ արդյունավետ միջոց է:
Կիվին նաեւ մեծ քանակությամբ մագնիում է պարունակում, որը վիտամին C-ի հետ միասին օգտակար է սրտի աշխատանքին։ Ըստ սրտաբանների` ասպիրինը կարելի է փոխարինել կիվիով (օրական ուտելով 2-3 պտուղ)։ Դրական ազդեցությունը կզգացվի 1,5 ամիս հետո։ Մագնիումը կարեւոր է բջիջների նյութափոխանակության համար, առողջ քուն է պարգեւում, կարգավորում է զարկերակային ճնշումը, առիթմիան, նվազեցնում է քրոնիկ հոգնածությունը, քնկոտությունը, հանգստացնում է նյարդերը, կանխում է գլխացավը եւ հոդացավերը։
Կիվիի մեջ նաեւ կալիում է պարունակվում, որը բարերար ազդեցություն ունի հիպերտոնիայի դեպքում, իսկ ֆոսֆորը նպաստում է լավ հիշողությանը։
Կիվիի մեջ պարունակվող երկաթն անհրաժեշտ է անեմիայի բուժման համար, քանի որ արյան որակը կախված է կարմիր գնդիկների բավարար քանակից, որոնց մեջ պարունակվող հեմոգլոբինը թթվածինը հասցնում է հյուսվածքներին։ Անեմիայի` սակավարյունության հիմնական պատճառը (մոտ 90%-ը) երկաթի պակասն է։ Երկաթ պարունակող մթերք օգտագործելիս (լոբի, լյարդ, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն) համատեղել բետտա-կարոտին, B2, B12, C վիտամիններ եւ ֆոլիաթթու պարունակող սննդամթերքը։ Կիվին պարունակում է նշված նյութերի 80%-ը, սակայն պակասում է B12-ը, որը կարելի է լրացնել խմորիչով (դրոժ), ձողաձկան լյարդով, պանիրով, ծովային ջրիմուռներով։ Այսպիսի սնունդը կօգնի յուրացնել եւ բավարարել օրգանիզմը այս կարեւորագույն «հակաանեմիկ» միկրոտարրերով, որոնք, ի դեպ, պարունակում է կիվին։
Յուրաքանչյուր ծնողի մտահոգում է իր երեխայի առողջ ապագան, որի հիմքում դրված է փոքրիկի մտավոր զարգացումը։ Այդ պատճառով պետք է իմանալ, որ ուղեղը ավելի շատ վիտամին C-ի պահանջ ունի, քան մյուս օրգանները։
գ Վիտամին E-ի պակասը վատացնում է հիշողությունը, իսկ E-ն սնում է մտքերը, նպաստում բանականության (ինտելեկտի) կատարելագործմանը, պաշտպանում է ուղեղի հյուսվածքները եւ նյարդային բջիջները։
գ B խմբի վիտամինները ամրացնում են հիշողությունը, ակտիվացնում մտքերի «արտադրությունը», պաշտպանում նյարդերը սթրեսից, երկարացնում ուղեղի կյանքը։
գ Կալցիումը նպաստում է «երկարատեւ» հիշողությանը։ Թեեւ կիվին կալցիում չի պարունակում, բայց կալիումը, մագնիումը եւ ֆոսֆորը նպաստում են դրա յուրացմանը։ Նշենք, որ կալցիումի յուրացմանը նպաստում են գազարի, սպանախի, բողկի, բազուկի հյութերի խառնուրդները։
գ Կիվին բուսական սպիտակուց-ակտինիդին է պարունակում, որը նպաստում է ամինաթթուներից (տրիպտոֆան, գլիցին, տիրոզին, գլուտամին) առաջացող սպիտակուցների յուրացմանը։ Այս ամինաթթուները շատ կարեւոր են մարդու մտավոր զարգացման համար։
Նշենք, որ ասկորբինաթթուն, բետտա-կարոտինը, վիտամիններ B2-ը, B3-ը, B6-ը կանխում են աչքի հյուսվածքների ծերացումը, կատարակտը, հստակեցնում լույսի եւ գույնի ընկալումը, հանգստացնում աչքերը։ Այս բոլորը պարունակվում է կիվիի մեջ։
Կիվին նաեւ օրգանական թթուներ է պարունակում, պեկտիններ, շաքարներ, ֆլավոնոիդներ, բջջանյութ, մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնց շնորհիվ կարգավորվում է մարսողությունը, պակասում է թրոմբների առաջացման հավանականությունը, այրում է ոչ ցանկալի ճարպերը, ունի հակաուռուցքային հատկություն։
Ամփոփելով նշենք, որ այս պտուղը առավել նպաստավոր է երեխաների եւ տարեցների համար (փոքրիկ երեխաների դեպքում չափաբաժնի կապակցությամբ բոլոր դեպքերում խորհրդակցեք բժշկի հետ)։
Օրական մեկ կիվի ուտելով` կհագեցնեք օրգանիզմը անհրաժեշտ քանակի վիտամին
C-ով, որի մեջ պարունակվող մնացած տարրերը եւ վիտամինները կնպաստեն ձեր առողջությանը։
Ասկորբինաթթուն նպաստում է նաեւ կոլագենի գոյացմանը, օրգանիզմը պաշտպանում է վնասակար մանրէներից, լնդաբորբից եւ պարոդոնտոզից։
Կիվիի պտուղները անհրաժեշտ է պահել սառնարանի մեջ, իսկ որպեսզի խակ կիվին հասունանա, անհրաժեշտ է այն դնել սկահակի մեջ` բանանի եւ նարնջի հետ մեկտեղ։
Հայտնի է, որ մթերքի գույնը եւ դրա բուժիչ հատկությունները որոշակի կապ ունեն միմյանց հետ: Կիվին իր մեջ պարունակում է.
գ սպիտակ գույնը` հանգստացնող, հակասթեսային, հականեխիչ, թույները հեռացնող է,
գ կանաչը` սնուցում է ուղեղը, բարձրացնում է օրգանիզմի ակտիվությունը եւ դիմադրողականությունը,
գ դեղինը` կարգավորում է մարսողությունը, գրգռում ախորժակը, մաքրում արյունը, ավելացնում օրգանիզմի էներգիան։
Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են իրենց բնօրրանում, սնվել այս վայրերին բնորոշ բնամթերքներով, որոնք գենետիկորեն տարբեր են ներմուծվող տարաշխարհիկ պտուղ-բանջարեղենից։ Նորամուտ սնունդը կարող է նաեւ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Կիվին շատ լավ է համադրվում մսեղենի, պանրի, ձկնեղենի հետ, դրանով մշակված եւ պատրաստված մսամթերքը յուրահատուկ համ ունի։ Օրը սկսեք վարսակի շիլայով եւ նրանում կտրատած կիվիով։ Այս ուտեստը լիարժեք մարսվելով` օրվա ընթացքում կբավարարի ձեր օրգանիզմը ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների եւ միկրոտարրերի անհրաժեշտ քանակությամբ։ Կիվին կիրառելի է գեղարարության մեջ. այն ունի մաշկը մաքրող, սնուցող հատկություն։
Դիմակներ
1. Մեկ կիվիի եւ կես բանանի պտղամիսը լավ տրորել, խառնել 2-3 թեյի գդալ բիոյոգուրտի հետ։ Դիմակը 20 րոպե պահել դեմքին, ապա լվանալ գոլ ջրով։ 2. Խոնավացնող, աշնանային դիմակ. կիվիի պտղամիսը մանրացնել, խառնել 2 ճաշի գդալ ոչ յուղոտ կաթնաշոռի հետ, քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպեից լվանալ ոչ շատ տաք ջրով։