Ո՞ւմ տունն է իռականում «Մեռ տան» շենքը

11/11/2010

Վերջերս «168 Ժամ» թերթի երեք անընդմեջ համարներում շարունակաբար լույս տեսան հոդվածներ՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դեմ մեղադրանքներով։ Էջմիածնում գործող «Մեր տունը» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը, «իր տանը» հյուրընկալելով թերթի թղթակցին, առատ նյութ էր տրամադրել՝ հայտարարելով, թե Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը կամենում է յուրացնել հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող Էջմիածին քաղաքի Զոյա 13 հասցեում գտնվող շենքը եւ անօթեւան թողնել որբանոցից հետո այստեղ ապաստան գտած աղջիկներին։ Ո՞րն է, սակայն, իրականությունը։
Ավելորդ է ասել, որ Հայ Եկեղեցին եւ մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունում ու աջակցում է բոլոր այն բարեսիրական ծրագրերի իրագործմանը, որոնք ուղղված են անապահովների ու կարիքավորների խնամատարությանն ու կյանքի բարելավմանը։ Այս դեպքը եզակիներից չէր։ Այժմ վերադառնանք 2006թ., երբ «Մեր տունը» հասարակական կազմակերպության ղեկավարը կարողացավ յուրացնել Զոյա 13 հասցեում գտնվող շենքը։
«Մեր տունը» հ/կ-ի ղեկավար Տ. Կարապետյանի հայտարարությամբ՝ 2006թ. «Մեր տունը Inc» կոչվող կազմակերպության խորհրդի անդամները անհրաժեշտ շենքը գնելու համար դրամահավաք են կազմակերպել եւ ստացված 100.000 դոլարը Հայաստան փոխանցելիս հարկային բնույթի դժվարությունների առջեւ են կանգնել: Դրանցից խուսափելու նպատակով, ընդառաջելով կազմակերպության խնդրանքին, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի օգնությամբ եւ Մայր Աթոռի համաձայնությամբ հանգանակված գումարը փոխանցվել է Մայր Աթոռի հաշվին՝ «Մեր տունը» հ/կ-ին փոխանցելու պայմանով։ Արդյո՞ք ամեն ինչ այնպես է, ինչպես շարադրել է Տ. Կարապետյանը, հայտարարելով, որ «Մայր Աթոռի դերակատարումն այստեղ իր հաշվեհամարը որպես գումարի փոխանցման միջոց օգտագործելու թույլտվությունն է եղել»:
Սկսենք Տ. Կարապետյանի նշած «դրամահավաքից»։ Նախ՝ 100.000 դոլար գումարի հիմնական մասը` 75.000 դոլարը, ուղղակի տրամադրել է Ֆիլադելֆիայում բնակվող Կարո Ղարիբյանը` այդ գումարին հավելելով նաեւ իր մորեղբոր` հանգուցյալ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Վարժապետյանի կտակից եւս 17 հազար դոլար: Բարերարի նպատակը մեկն է եղել` ծրագիրը պետք է իրականացվի Հայ Եկեղեցու հովանու ներքո, եւ իր իսկ նամակի համաձայն՝ «իր աջակցությունը պայմանավորված է նրանով, որ կալվածքի սեփականատերը լինի Եկեղեցին»։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2006-ին։
Դեռ 2006թ. հունիսի 8-ի թվակիր իր նամակում ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացնում է. «Հոգեկան գոհունակությամբ կը փափագինք Ձերդ Սրբութեան հայտնել, թե Հայց. Եկեղեցվո Արեւմտյան թեմեն ներս ատենապետությամբ իրավաբանուհի Էտրիեն Գրիգորյանի, հաստատած ենք «Մեր տուն» ծրագիրը, որուն գլխավոր նպատակն է Հայաստանի մեջ գտնվող եւ որբանոցեն ազատ կացուցվող եւ 18-20 տարիքը ունեցող հայորդիներ, ինչպես նաեւ կարիքավորներ ապաստարանի մեջ ապահով կերպով պահել եւ հոգ տանիլ անոնց կարիքներուն»։
Նշելով, որ ծրագիրը հաջողությամբ պսակելու համար հարկավոր է երկու հարկանի կալվածք ունենալ Հայրենիքի մեջ, Հովնան Սրբազանը գրում է. «Թեմական խորհուրդը կը քաջալերե այս նոր նախաձեռությունը։ Համաձայն է նաեւ կալված մը գնելու՝ այն պայմանով, որ կալվածը արձանագրվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունով»։ Կարծես ամեն ինչ ասված է։ Սակայն գործի հետագա ընթացքն այլ ուղղություն է ստանում։
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանի կողմից ստորագրված լիազորագրով «Էջմիածին քաղաքի Զոյա փողոցի թիվ 13 տան ձեռք բերման եւ դրա հետ կապված անհրաժեշտ գործողությունների կատարման նպատակով» Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի անունից հանդես է գալիս Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Ստեփան Կարապետյանը (իբրեւ լրացուցիչ պարզաբանում հայտնենք՝ «Մեր տուն» հ/կ-ի տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի ամուսինը)։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։ Զոյա 13 հասցեի շենքը, հակառակ բարերարի ցանկության, գրանցվում է ոչ թե Մայր Աթոռի, այլ «Մեր տունը» հ/կ-ի անունով՝ դառնալով «Մեր տան» սեփականությունը:
2006թ. օգոստոսին, երբ արդեն «Մեր տան» տնօրենը ճարպկորեն իր սեփականությունն էր դարձրել Զոյա փողոցի թիվ 13 երկհարկանի տունը, Մայր Աթոռի դիվանատնից նամակ է ուղղվում Հովնան Սրբազանին. «Տան ձեռքբերումը կատարվել է առանց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գիտության, եւ տակավին անհստակ է, թե ում անունով է գրանցվել սեփականության վկայականը»։ Հետեւում է 2006թ. նոյեմբերի Հովնան Սրբազանի նամակը «Մեր տուն» ծրագրի վերաբերյալ. «Էջմիածնի պատասխանատուները կամ տնօրենները սեփականացրած-յուրացրած են մեր առաջնորդարանին պատկանած կալվածը եւ չեն ուզեր մեզի հետ որեւէ հարաբերություն ունենալ»։
Այժմ ներկայացնենք ծրագրի հիմնական հովանավոր Կարո Ղարիբյանի՝ 2008թ.Մայր Աթոռ հղած նամակից մի հատված։ Այն ժամանակ, լինելով նաեւ «Մեր տունը» ծրագրի ԱՄՆ խորհրդի անդամ, ահա թե ինչ է գրել Կ. Ղարիբյանը. «Ամենասկզբից իմ նպատակն էր, որ «Մեր տուն» ծրագիրն իրականացվեր Հայ Եկեղեցու հովանու ներքո, եւ որ Զոյա 13 հասցեում գտնվող կալվածքի սեփականատերը լիներ Մայր Աթոռը։ ԱՄՆ խորհուրդը համաձայնել էր աշխատել ԱՄՆ Արեւմտյան թեմի հովանու ներքո, որի թեմական խորհուրդը նաեւ տեղեկացրել էր ԱՄՆ խորհրդին, թե իր աջակցությունը պայմանավորված է նրանով, որ կալվածքի սեփականատերը լինի Եկեղեցին։ Հավանաբար, հիշում եք` 2006թ. հունիսին Արեւմտյան թեմը Մայր Աթոռին փոխանցեց 100.000 դոլար՝ Զոյա 13 հասցեում գտնվող սեփականությունը գնելու նպատակով։ Այդ գումարն ուղղակի փոխանցվել էր «Մեր տուն» կորպորացիայի կողմից։ Հովնան Սրբազանի խնդրանքով Ձերդ Սրբությունը գումարը փոխանցեց հ/կ ներկայացուցիչ Ստեփան Կարապետյանին։ Մեր կողմից, սակայն, փոխադարձաբար, խորհուրդը պետք է ունենար գրավոր ձեւով մեր թելադրությունները, որ կալվածքի սեփականության իրավունքը պետք է պատկաներ Եկեղեցուն՝ համաձայն իմ արտահայտած մտադրության։ Արդյունքում՝ կալվածքը գնվեց «Մեր տուն» հ/կ-ի անունով։ Ավելի քան երկու տարի ԱՄՆ խորհուրդը փորձում էր համոզել «Մեր տուն» հ/կ-ին՝ այդ գործարքը վերաձեւակերպել Մայր Աթոռի անունովգ Մեր հիմնական պահանջներին շարունակաբար չարձագանքելու արդյունքում ԱՄՆ «Մեր տուն» կազմակերպության խորհրդի կեսից ավելին որոշել է առանձնանալ «Մեր տուն»-ի ԱՄՆ խորհրդից։ Նրանք հիմնել են նոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն («Մեր հույսը» ծրագիրը.- Տ. Վահրամ քհն.), նույն առաքելությամբ, որը գործելու է Արեւմտյան թեմի հովանու ներքո»։
Իբրեւ լրացուցիչ տեղեկություն՝ հայտնենք, որ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի «Մեր հույսը» կոչվող նորաստեղծ ծրագրին Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը տրամադրել է իր միջոցներով հիմնովին վերանորոգված մի շենք Երեւանում՝ Արաբկիրի հայորդաց տան հարեւանությամբ։
Այժմ անտեղի չէ, որ մեկ անգամ եւս ընդգծենք ծրագրի հիմնական բարերարի խոսքը. «ԱՄՆ խորհուրդը համաձայնել էր աշխատել ԱՄՆ Արեւմտյան թեմի հովանու ներքո, որի թեմական խորհուրդը նաեւ տեղեկացրել էր ԱՄՆ խորհրդին, թե իր աջակցությունը պայմանավորված է նրանով, որ կալվածքի սեփականատերը լինի Եկեղեցին»։ Այսպիսով, ի սկզբանե անտեսվել էր գլխավոր հովանավորի ցանկությունը, հովանավոր, ում առատաձեռն նվիրատվության շնորհիվ միայն կարող էր կյանքի կոչվել բարեսիրական ծրագիրը։ Ավելորդ է ասել, որ Մայր Աթոռի հետագա բոլոր փորձերը՝ կալվածքը, համաձայն բարերարի ցանկության, եկեղեցու անունով վերաձեւակերպելու ուղղությամբ, մատնվել են անհաջողության։
2007թ. դեկտեմբերի 10-ի իր նամակում Հովնան Սրբազանը հայտնում է, որ «Մեր տուն»-ի խնամակալները ցանկանում են շենքը հանձնել Մայր Աթոռին, եւ «Մեր տունը» կազմակերպության փաստաբան Կարեն Ֆիդանյանն այդ նպատակով ցանկանում է հանդիպել Մայր Աթոռի իրավաբանի հետ` գործընթացի մանրամասները քննարկելու համար: Սակայն հանդիպումը չի կայանում՝ «Մեր տան» ներկայացուցիչների մշտական ձգձգումների պատճառով։ Գործին չեն օգնում նաեւ կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանին քանիցս ուղղված հորդորները։
Այլեւս այլընտրանքը մեկն էր. դիմել դատարան եւ պահանջել, ինչպես կամքն է բարերարի, որպեսզի գույքը վերադարձվի օրինական տիրոջը՝ Եկեղեցուն, ինչն էլ բավարարվել է դատարանի կողմից: Բնականաբար, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները եւս այլ որոշում չէին կարող ընդունել։ Վերջում հավելենք, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն առավել քան նախանձախնդիր է բարեսիրական գործերում։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մոտեցումներում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից Էջմիածնի Զոյա 13 հասցեի շենքը կտրամադրվի անժամկետ օգտագործման այնքան ժամանակ, որքան այդ շենքում կիրականացվի որբերի խնամակալության ծրագիրը։ Սակայն Մայր Աթոռը վերապահ է համագործակցել մի անձնավորության հետ, ով ունակ է զրպարտանքով անարգել Մայր Աթոռը եւ հերյուրալի ու անպատշաճ վերագրումներ կատարել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ցավ եւ ափսոսանք ենք հայտնում նաեւ, որ այդպես հեշտությամբ եւ առանց փաստերը ճշտելու դույզն-իսկ մտահոգության, հնարավոր է ընդառաջ գնալ զրպարտանքին, ազատ խոսքը շփոթել ամենաթողության հետ եւ տրվել հերյուրանքների տարածմանը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, Տ. ՎԱՀՐԱՄ ՔՀՆ. ՄԵԼԻՔՅԱՆ
Հ.Գ. Տ. Կարապետյանը խոսում է նաեւ 1988թ., իբրեւ թե իր եւ ամուսնու կողմից հիմնված ծնողազուրկ երեխաներին աջակցության «Քասփ» ծրագրի մասին։ Հայտնենք, որ բարեսիրական այդ ծրագիրը եւս գործել է եկեղեցու հովանու ներքո՝ լինելով ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի բարեսիրական կառույցը։ Այս ծրագրով, այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի նախաձեռնությամբ, Արարատյան թեմում հիմնվեց ծնողազուրկ երեխաների գրասենյակ, որն առ այսօր գործում է։ Նույն ծրագրով եկեղեցական օգնություն էր տրամադրվում նաեւ Գավառի մանկատանը։

Ի պատասխան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի այս նամակի՝ նկատենք, որ դեռեւս հրապարակումներից առաջ մեր թերթի լրագրողը պարզաբանումներ ստանալու նպատակով փորձել է կապվել Տեղեկատվական համակարգի, մասնավորապես՝ Տ. Վահրամ քհն. Մելիքյանի հետ: Ավելին, պարզաբանումներ ստանալու նպատակով մեր բազմաթիվ զանգերից հետո, ի վերջո, Մայր Աթոռից մի քանի տողով գրություն ստացանք, որում ընդամենն ասվում էր. «168 Ժամ» թերթի հոկտեմբերի 19-ի համարում հրապարակված է «Համարձակվել է Մայր Աթոռի դեմ դուրս գալ» վերտառությամբ հոդվածը, որտեղ «Մեր տունը» հ/կ տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը հանդես է գալիս իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով եւ Ամենայն Հայոց Հայրապետին վարկաբեկող վերագրումներով։ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը հերքում է հոդվածում տեղ գտած ստահոդ տեղեկությունները եւ դատապարտում հիմնազուրկ եւ անպատշաճ հաստատումները»։ Հոկտեմբերի 22-ին այս գրությունը ստանալուց հետո դարձյալ կապվեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հետ, մասնավորապես` մամուլի պատասխանատու Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ, եւ խնդրեցինք հարցազրույց տալ այս խնդրի վերաբերյալ եւ հակափաստարկներ ներկայացնել: Այս պայմանավորվածությունից որոշ ժամանակ անց, սակայն, Տեր Շահեն կրկին զանգահարել էր եւ ասել հետեւյալը. «Մենք խորհրդակցեցինք եւ եկանք այն եզրահանգման, որ այդ փաստաթղթերը ավելի ուշ կներկայացնենք, մոտ երկու շաբաթից»: Այնպես որ, «168 Ժամ» թերթին եւ լրագրողին Մայր Աթոռից չեն կարող մեղադրել՝ «այդպես հեշտությամբ եւ առանց փաստերը ճշտելու դույզն-իսկ մտահոգության, հնարավոր է ընդառաջ գնալ զրպարտանքին, ազատ խոսքը շփոթել ամենաթողության հետ եւ տրվել հերյուրանքների տարածմանը», ինչպես ասված է այս պատասխան-նամակում։