Երեկ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում շուրջ 15 դատապարտյալներ բունտ էին բարձրացրել եւ հացադուլ սկսել: Նրանք հիմնականում այն դատապարտյալներն են, ովքեր հիվանդ են ՁԻԱՀ-ով, սակայն նրանց մեջ կան նաեւ այլ հիվանդություններով տառապող անձինք: Հիվանդանոցի վարչակազմը նրանց հացադուլի համար տեղ չէր հատկացրել, եւ նրանք ստիպված են եղել բարձրանալ տանիք եւ այնտեղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հետ չի հանդիպել ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Մինչ այդ դատապարտյալները գրավոր դիմել էին Կալանավայրերի վարչության պետ Հայկ Հարությունյանին` պահանջելով ապահովել իրենց բուժումը: Նրանք երեկ վկայակոչել են նաեւ կալանավայրերում մահացության դեպքերի աճի մասին` 3-4 հոգի ամսական: Ըստ դատապարտյալների` օրեր առաջ կալանավայրերից նրանց հետ հանդիպման է գնացել Հայկ Հարությունյանը եւ ասել, թե իրենց ուժերից վեր է նրանց բուժելը, իսկ դատապարտյալների խոսքին` թե իրենք չեն կարող այդ վիճակում մնալ, վարչության անդամները պատասխանել են` գնացեք կախվեք: Նրանք էլ, ստիպված, դիմել են այս քայլին: Նրանց մեծ մասը ՁԻԱՀ-ով տառապող հիվանդներ են, որոնք բուժման խիստ կարիք ունեն, սակայն բուժում չեն ստանում եւ անուշադրության են մատնված: Երեկոյան դատապարտյալները համաձայնել են իջնել տանիքից: Նրանց եւ Կալանավայրի վարչության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց կողմից առաջադրված պահանջները կկատարվեն: