Ադրբեջանը «ափսոսանք եւ տարակուսանք» է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ, որի համաձայն, նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունները այդ երկրում «չեն անցկացվել միջազգային չափանիշներին համապատասխան»: Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած հայտարարությունում ասված է. «Այս կամ այն երկրում անցկացված ընտրությունների գնահատման ժամանակ, որպես կանոն, Պետդեպարտամենտի հայտարարությունը արմատապես չի տարբերվում դրանց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տված գնահատականից: Պետդեպարտամենտի հայտարարությունում հղում է արված ընտրությունների ընթացքին հետեւած ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽ առաքելությունների եզրակացության վրա: Սակայն փաստաթղթում, որի վրա հղում է արված, չկա Պետդեպարտամենտի տվածին նման գնահատական»: Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը վստահեցնում է, թե «ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը պետության գլխավոր նպատակն է, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու համապատասխան ընտրական կառույցները, հավանություն տալով այդ ուղղությամբ կատարված դրական աշխատանքին, լրջորեն կուսումնասիրեն ընտրական գործընթացում դիտարկված որոշ թերություններ եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն»: