«Հայ-թուրքական, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները հայտնվել են այնտեղ, որտեղ գտնվում էին առնվազն 3 տարի առաջ»,- նման կարծիք է հայտնել ամերիկացի փորձագետ, հետխորհրդային, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Արիել Քոենը «Caucasus Times» հանդեսին տված հարցազրույցում: Արիել Քոենի կարծիքով, Բաքվում, Թբիլիսիում, ինչպես նաեւ Երեւանում կարծում են, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքական ուղեգիծը մոտ է ձախողման: «Ֆուտբոլային դիվանագիտությամբ, ապա Ցյուրիխում հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունների ստորագրմամբ հաղթականորեն սկսված հայ-թուրքական հարաբերությունները դանդաղ վախճանվեցին, կամ ամենաքիչը «խորը քուն են մտել»,- ասել է նա: Ըստ Քոենի, ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվեց կողմերին համոզել հրաժարվել նախապայմաններից, որոնք խանգարում են հարաբերությունների կարգավորմանը: «Թուրք պաշտոնյաները չեն դադարում զուգահեռներ անցկացնել հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ` միանշանակ հայտարարելով, որ այդ գործընթացները իրար հետ կապված են, եւ դրանք առանձին լուծել հնարավոր չէ»,- ասել է նա` ավելացնելով, որ Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքերի թուլացմանը զուգահեռ, Մոսկվան ամեն ինչ անում է տարածաշրջանում իր առաջատար դիրքն ամրապնդելու համար, ինչը, ըստ նրա, ստեղծված իրավիճակում դժվար չի լինի: «Արդեն երկու տարի է, ինչ Մոսկվան պատրաստակամորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իր սխեմաներն է առաջարկում եւ ամրապնդում է իր համագործակցությունը Երեւանի ու Բաքվի հետ, այդ թվում` նաեւ ռազմական համագործակցությունը»,- ասել է Քոենը` մանրամասնելով,- Ադրբեջանին C-300 համակարգեր մատակարարելու մասին ակնարկելով` Ռուսաստանն օգտագործում է հայկական կողմի վախը, նրան առաջարկում է անվտանգության ավելի ամուր ծածկոց` Գյումրիի ռազմաբազաները մինչ 2044 թվականը, ինտեգրացիա ՀԱՊԿ ՀՕՊ համակարգին` դրանով ապահովելով իր առաջատար դիրքը Հարավային Կովկասում երկար տարիներ»: