Դժվար է լինելու

11/11/2010

«Այս տարի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւն ավելի մեծ աջակցություն կգտնի»,- այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Hurriyet» օրաթերթը, երեկ Անկարայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին: «Հայոց ցեղասպանության բանաձեւի առնչությամբ այս տարի Թուրքիայի գործն ավելի դժվար է լինելու: Չեմ կարող իմանալ, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, բայց Ցեղասպանության բանաձեւն այս տարի ավելի շատ աջակիցներ է ունենալու»,- հայտարարել է Քերին: Նշենք, որ մերձավորարեւելյան շրջագայության շրջանակում Ջոն Քերին այցելել է նաեւ Թուրքիա, որտեղ ամերիկացի սենատորը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում, երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ, քննարկվել են նաեւ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարվածությունը, Իրանի միջուկային խնդիրը, ՆԱՏՕ-ի հակահրթիռային տարրերի տեղակայման հարցը, Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) եւ այլ հարցեր: «Թուրքիան տարածաշրջանում միշտ էլ կարեւոր դերակատարություն եւ ազդեցություն է ունեցել այնպիսի հարցերում, ինչպիսիք են` իսրայելա-սիրիական հարաբերությունները, Լիբանանը, Իրանը: Թուրքիայի հետ հարաբերությունները կարեւոր են բոլորիս համար: Այդ պատճառով ոչ թե անցյալին, այլ ապագային պետք է նայել»,- հայտարարել է Քերին: