Ադրբեջանում սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի հարցով Հայաստանի պետական մարմինները եւ հասարակական կազմակերպությունները պետք է դիմեն միջազգային ատյաններ, մասնավորապես Մարդու իրավունքների միջազգային դատարան եւ ՄԱԿ-ի խոշտանգման դեմ կոմիտե: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` նկատելով, որ թեեւ Մ. Սարիբեկյանի սպանության կապակցությամբ Հայաստանում քր.գործ հարուցվել է, սակայն խնդիրը պետք է բարձրացնել միջազգային ատյաններում` ոչ միայն համարժեք արձագանքի, այլեւ պատժելիության սկզբունքն իրականացնելու համար: Ի դեպ, Լ. Ալավերդյանը տեղեկացրել է, որ մեկ ամիս առաջ ինքը խորհրդարանում Մ. Սարիբեկյանի դեպքի առնչությամբ ստորագրահավաք է կազմակերպել, եւ ԱԺ բոլոր հինգ խմբակցությունների համաձայնությամբ ու ստորագրությամբ դիմել միջազգային չորս կառույցների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն եւ Եվրախորհուրդ` ուշադրություն հրավիրելով այդ դեպքի վրա: Մինչեւ օրս, սակայն, նամակին չեն արձագանքել, ինչն Ալավերդյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ հիշյալ կազմակերպությունների համար նման նամակն աննախադեպ է: Ըստ նրա, հիշյալ կառույցները նման ընթացակարգեր չունեն` այդօրինակ նամակներին արձագանքելու համար: Պատգամավորը նոր նամակի նախագիծ է պատրաստել եւ հետամուտ է լինելու միջազգային կառույցներից պատասխան ստանալուն: Ինչ վերաբերում է ՀՀ-ում հարուցված քրեական գործին, Լ. Ալավերդյանը նշել է, որ Հայաստանն այդ հարցով կարող է դիմել Եվրոպական դատարան եւ մեղադրանք առաջադրել Սարիբեկյանի մահվան համար մեղավորներին: Ըստ նրա` նման նախադեպեր Եվրոպական դատարանն ունեցել է: Ի դեպ, Սարիբեկյանի ծնողները նույնպես կարող են դիմել միջազգային դատարան, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի Խոշտանգման դեմ կոմիտե` պահանջելով պատժել իրենց որդու մահվան համար մեղավորներին։