Ամեն անգամ ռուս-վրացական հարաբերություններում ծագող լարվածության հերթական շրջադարձի մասին գրելիս, մտածում եմ, որ դրանից ավելի վատթարացում լինել չի կարող: Եվ ամեն անգամ, ցավոք, սխալվում եմ: Արդեն եւ՛ պատերազմն է ետեւում, եւ՛ դիվանագիտական հարաբերություններն են խզված, եւ՛ շփումներն են տեղի ունենում միջնորդի օգնությամբ` ի դեմս Շվեյցարիայի: Սակայն պարզվում է` դեռ «առաջ գնալու» տեղ կա:
Երեքշաբթի օրը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կառավարական պարգեւների արժանացրեց Վրաստանի ՆԳՆ մի խումբ աշխատակիցների, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ռուսական հատուկ ծառայությունների օգտին աշխատող լրտեսական թիմի անդամների կալանավորման գործում: Ինչպես հայտնի է, լրտեսների ձերբակալությունը տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ: Նոյեմբերի 5-ին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը մի ամբողջ ֆիլմ է ցուցադրել այդ հատուկ գործողության մասին: Ցուցադրման ամսաթիվը պատահական չէր ընտրված. այդ օրը Ռուսաստանը տոնում էր հետախույզի տոնը: Ի դեպ, այդ տոնն օրացույցում մնացել է դեռ խորհրդային ժամանակներից: Վրաստանի իշխանությունների ցանկությունը` որքան կարելի է ավելի ցավոտ խայթել հյուսիսային հարեւանին, ընդհանուր առմամբ հասկանալի է. այդ հարեւանը վերջին տարիներին չափազանց շատ «արյուն է պղտորել», իսկ հետո էլ անդարմանալի խորը վերք է հասցրել` ճանաչելով Վրաստանի ինքնավար մարզերի` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Մարդկային տեսանկյունից հասկանալի է: Ավելի ճիշտ` մարդկային թուլության տեսանկյունից: Բայց ոչ քաղաքականության:
Եթե հիշենք ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման պատմությունը, ապա բացասական զարգացումների հանգուցային պահերից մեկը դարձավ ռուսաստանյան Պետական հետախուզական վարչության (թՀձ) չորս սպաների ձերբակալությունը: Պատճառը ձերբակալման փաստը չէր ինքնին. ի վերջո, ամբողջ աշխարհում էլ փորձում են բռնել լրտեսներին: Այլ այն, թե ինչպես դա արվեց, եւ թե հետախույզներն ինչ ստորացուցիչ ձեւով հանձնվեցին ռուսական կողմին` ձեռնաշղթաներով, Վրաստանի ՆԳՆ-ի շքերթի ժամանակ, որոնց ուղեկցում էին ոստիկանական համազգեստով աղջիկները, որոնք ավելի շատ ֆոտոմոդելների էին հիշեցնում, քան իրավապահ մարմինների աշխատակիցների: Նման սցենարը, որ գրվել էր Վրաստանի առաջին դեմքերի մասնակցությամբ, անգամ երկրի կառավարության որոշ անդամների դժգոհությունն առաջացրեց: Նրանք բացահայտ խոստովանում էին, որ ժամանակակից աշխարհում ընդունված չէ նման շոուներ կազմակերպելը, եւ որ լրտեսական ցանցերի բացահայտումները, որպես կանոն, տեղի են ունենում առանց ավելորդ աժիոտաժի, առանց աղմուկի եւ սովորաբար ավարտվում են բացահայտված «շտիռլիցների» սուսուփուս փոխանակմամբ: Թե դրան ինչ հետեւեց, երբ Ռուսաստանն ընդունեց իր «տապալված» հետախույզներին եւ ցուցադրաբար նրանց պարգեւատրեց շքանշաններով ու մեդալներով, նույնպես լավ հայտնի է. շարքային վրացիներին Մոսկվայից եւ մյուս ռուսաստանյան քաղաքներից արտաքսեցին գրեթե բերնեբերան լցված տրանսպորտային ինքնաթիռներով:
Սակայն այժմ պաշտոնական Թբիլիսին, ըստ էության, նորից կրկնեց իր գործողությունները` շարունակելով «ձեռ առնել» Մոսկվային: 13 լրտեսների ձերբակալությունը, որոնցից չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են, ուղեկցվում էր տեղական մամուլի եւ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների ցինիկ մեկնաբանություններով: «Ինֆորմացիոն դիմակահանդեսի» պսակը դարձավ վավերագրական այն ֆիլմը, որը պատմում էր, թե ինչպես է վրացական հատուկ ծառայություններին հաջողվել Ռուսաստանի թՀձ-ի մեջ ներդնել իր լրտեսին` «Էնվեր» մականունով, եւ թե ինչպես է այդ «Էնվերը» տեղեկատվություն հայթայթել Վրաստանում ռուսական լրտեսական ցանցի մասին, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դարձել բացահայտումը:
ՌԴ ԱԳՆ-ն, նախքան վրացական կողմին Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիների մասին հարցում անելը, երկար լռություն պահպանեց: Նոտան Վրաստանին փոխանցվեց Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Վրացական կողմը խոստացավ պրոտոկոլային ժամկետում պատասխան տալ: Սմոլենսկի հրապարակում ընդամենն ուսերը թոթվեցին` թող լինի պրոտոկոլային ժամկետում: Մոսկվայի` այժմյան լռությունը չարագույժ տպավորություն է թողնում: Կարող է նույնիսկ թվալ, թե Թբիլիսին որոշակիորեն թերագնահատում է իրավիճակը` մի տեսակ էյֆորիայի մեջ գտնվելով պրոֆեսիոնալ ձեւով իրենց իրականացրած հատուկ գործողությունից հետո: Համենայն դեպս, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՆԳՆ աշխատակիցների պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարեց. «Մեր դեմ պայքարում է մի իսկական հրեշ, սակայն մենք կհաղթենք…: Մենք մեր հնարամտությամբ եւ աշխատանքով կարող ենք նրան առավելագույնս չեզոքացնել: Ոմանք ասում են` չե՞ն սրվի արդյոք հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ես ուզում եմ բոլորին հիշեցնել. Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքների մի զգալի մասը: Սրանից ավելի ի՞նչ կարող է սրվել: Երկիրը օրը ցերեկով զբաղված է թալանով եւ փորձում է օրինականացնել Վրաստանի տարածքի զավթումն ու կես միլիոն մարդու անօթեւան թողնել: Մենք պայքարելու ենք հանուն լիակատար ազատագրման… եւ իբրեւ դրա արդյունք` վտարելու ենք բռնազավթիչներին»:
Այս ամենը գուցե եւ այդպես է: Սակայն մինչեւ 2008թ. օգոստոսյան պատերազմը Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում ժամանակ առ ժամանակ հնչում էր այդ նույն հռետորական հարցը` սրանից ավելի ի՞նչը կարող է սրվել: Սակայն շատ արագ հարաբերություններն ավելի սրվեցին: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Կուզենայի գոնե այս անգամ սխալվել: