Որ մին զարկի, ջարդի…

11/11/2010 ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում որոշում է ընդունել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը պատկանող «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղափոխել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ:
«Որոշմամբ սկիզբ է դրվում այս բնագավառում ակնկալվող բարեփոխմանը: Այն շարունակվելու է եկող եւ հետագա տարիներին: Դրա հիմքում կապիտալ ծախսերի հաշվարկման տարանջատումն է գնումների գործընթացից»,- այդ որոշումն այսպես է պատճառաբանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչ այս որոշման ընդունումը Քաղաքաշինության նախարարությունում ու վերը նշված ՊՈԱԿ-ում ստուգումներ է անցկացրել ՀՀ Վերահսկիչ պալատը: Որոշ տեղեկությունների համաձայն, հենց ՎՊ-ի ուսումնասիրության արդյունքներն են հիմք հանդիսացել, որպեսզի կառավարությունն` ի դեմս Տ. Սարգսյանի, այդ կարեւոր կառույցը Քաղաքաշինության նախարարությունից տեղափոխի Էկոնոմիկայի նախարարության կազմ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր ղեկավարած կառույցը ստուգումներ է անցկացրել այդ ՊՈԱԿ-ում: «ՊՈԱԿ-ը ամեն ամիս սահմանում էր շինարարության գները: Ասենք` փայտն ի՞նչ արժի, քարն ու ավազն ի՞նչ արժեն եւ այլն: Ուսումնասիրության ընթացքում այնտեղ բավականին խախտումներ ենք նկատել, որոնց հետ կապված նաեւ եզրակացություն էինք տվել կառավարությանը, որ անպայման պետք է կառույցը դուրս գա այդ համակարգից այն պատճառով, որ շինանյութի գները պետք է այլ կառույցում որոշվեն: Առաջարկել ենք Էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այդ գները որոշելը լուրջ գիտություն է, մեթոդիկա: Կամ պետք է աշխարհի փորձը վերցնեն եւ որոշեն, թե ինչպես պետք է սահմանեն այդ գները, եւ իրագործողներն իրագործեն: Չի կարող նույն կառույցը միաժամանակ եւ գին սահմանել, եւ այդ գներով աշխատել: Սա տրամաբանությունից հեռու է: Մեկ աղբյուրից վերցնում էին շինանյութերի գները ու տեղեկագրում տեղադրում էին որպես շուկայական գներ, այն դեպքում, երբ ըստ մեթոդիկայի, պետք է մի քանի տեղերից վերցնեին, համադրեին ու միջին գներ տային: Կան կազմակերպություններ, որոնք տվյալ արտադրանքը չէին արտադրում, բայց, չգիտես ինչու, ՊՈԱԿ-ին գներ էին տվել, դա նույնպես զարմանալի էր: Կային դեպքեր, երբ ստացվել էր մի միջինացված գին, բայց տեղեկագրում տպագրվում էր ավելի մեծ թիվ»,- մեզ հետ զրույցում ասաց Ի. Զաքարյանը: Փաստորեն, քաղաքաշինության նախարարության իրականացրած շինարարական ծրագրերի համար այս ՊՈԱԿ-ն էր սահմանում շինարարական նյութերի գները: Եվ քանի որ գին սահմանող եւ շինարարություն իրականացնող կառույցները գտնվում են նույն համակարգում, այստեղ անարգել կարող էր նաեւ մեծածավալ ստվերային շրջանառություն գործել: Իսկ քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերը հիմնականում ֆինանսավորվում են պետբյուջեից: Ու քանի որ շինարարությունը ստվերային շրջանառության, մեծ գումարներ լվանալու եւ շորթելու հիմնական բնագավառն է, կարելի է միայն ենթադրել, թե ինչ գումարներ են փոշիացվել այս կառույցի միջոցով: Սակայն բարեփոխումների անվան տակ իրականացված կառուցվածքային այս փոփոխության հիմքում կարծես թե պետական գումարների նպատակային օգտագործման անհրաժեշտությունը չէ, որ ընկած է: Այս գործընթացի խորքում կարծես թե նաեւ քաղաքական հաշվարկներ են ընկած, նաեւ շահերի բախում կա: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետը խոսել էր շինարարական ոլորտի, հատկապես ճանապարհաշինության բնագավառում գոյություն ունեցող «ատկատների մեխանիզմի» մասին: Այն ժամանակ նա իր խոսքն ուղղել էր տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին եւ հայտարարել, թե ճանապարհաշինության վերջին մի քանի ծրագրերում «գործ ունենք մոտ 1,8 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի ատկատի հետ»: Վստահաբար կարելի է պնդել, որ ատկատներ կան նաեւ պետական բյուջեից կամ վարկային միջոցներով իրականացվող ցանկացած շինարարական ծրագրում: Եվ վերը նշված ՊՈԱԿ-ի «տեղաշարժը», ամենայն հավանականությամբ, պայմանավորված է պետական ծրագրերով իրականացվող շինարարության ոլորտում գոյություն ունեցող ստվերային հսկայական գումարների շրջանառությունը վերահսկելու ցանկությամբ: Բանն այն է, որ այդ ՊՈԱԿ-ը գտնվում էր կոալիցիոն քվոտայով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասած Քաղաքաշինության նախարարության հաշվեկշռում: Եվ հիմա, փաստորեն, կառավարության որոշմամբ, այդ կառույցի ֆորմալ, եւ որ ավելի կարեւոր է` ոչ ֆորմալ գործունեության վերահսկողությունն անցնում է Տ. Սարգսյանի մերձավոր շրջապատին պատկանող, ՀՀԿ-ական Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին: Եվ որքան էլ հրապարակավ Տ. Սարգսյանը քննադատի «ատկատների» երեւույթը, նա վստահաբար շատ լավ պատկերացնում է այդ մեխանիզմը: Որեւէ մեկը չի կարող հերքել, որ «ատկատների» նմանատիպ մեխանիզմ գործում է նաեւ վարկային ոլորտում: Միջազգային կազմակերպություններից ու այլ պետություններից պարտք վերցրած հսկայական գումարների` որպես վարկային միջոցների բաշխումը նույնպես զերծ չէ արատավոր «ատկատի մեխանիզմից»: Խոսակցություններ են շրջանառվում, թե ցանկացած նման վարկից 20 տոկոսը ետ է վերադառնում այն հատկացնող պաշտոնյաների գրպանը: Այնպես որ, ակնկալել, թե նման փոփոխությունները զուտ բարեփոխումների նպատակ ունեն, միամտություն կլինի: Մյուս կողմից, կառավարության այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի: Տ. Սարգսյանն իր վերջին նիստում մի քանի հարված հասցրեց ԲՀԿ-ին` նախ այս ՊՈԱԿ-ը, նույնն է թե՝ ստվերային շրջանառությունը, հանեց այդ կուսակցությանը բաժին հասած Քաղաքաշինության նախարարության կազմից: Հիշեցնենք, որ այս տարի բավականին լարվել էին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու Տ.Սարգսյանի հարաբերությունները: Գ. Ծառուկյանը քննադատել էր կառավարությանը` հայտարարելով, թե եթե Ն. Երիցյանն ասում է, որ Հայաստանը հաղթահարել է ճգնաժամը, ուրեմն նախարարն «իր տեղում չէ»: Անցած շաբաթ վարչապետը սուր քննադատության ենթարկեց նույն ԲՀԿ-ին բաժին հասած Առողջապահության նախարարության աշխատանքը եւ պաշտոնից հեռացրեց երկու փոխնախարարներին: