Երեկ Երեւանում ավարտվեց Եվրամիության կազմակերպած ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության սեմինարը, որին մասնակցեցին միջազգային տարբեր կառույցների բազմաթիվ պաշտոնյաներ, նաեւ` հայաստանյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Սեմինարի ժամանակ երկու կողմերից էլ հնչեցին մարդու իրավունքների պաշտպանության, արդար դատավարության իրավունքի եւ դատարանների անկախությանը վերաբերող բազմաթիվ դիտարկումներ: Սեմինարի ավարտին փորձեցինք եվրոպացի պաշտոնյաներից ճշտել, թե ի՞նչ տպավորություն ստացան Հայաստանում այդ ոլորտների մասին: Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների բաժնի միջազգային կապերի պատասխանատու Վոյչեխ Վիսոցկին հրաժարվեց մեկնաբանություններ տալ` նշելով, թե ինքն իրավասու չէ: Իր փոխարեն նա մատնանշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերին: Պարոն Լուցենբերգերն իր հերթին հրաժարվեց պատասխանել հարցերին: Նա միայն սեմինարի փակման իր ելույթում խոսեց այն մասին, թե ԵՄ-ն ինչ օգնություն, ինչ ծրագրեր է իրականացնում Հայաստանում այս ոլորտների բարեփոխման համար: Մեզ հաջողվեց մի քանի հարցեր տալ միայն Արդարադատության միջազգային կոմիտեի փոխնախագահ Պոլ Հաուչ Ֆինգերին:
– Դուք երկու օր Երեւանում մասնակցեցիք մի սեմինարի, որի ժամանակ Հայաստանի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից լսեցիք մարդու իրավունքների պաշտպանության եւ արդար դատաքննության, դատարանների անկախությանը վերաբերող բազմաթիվ դիտարկումներ: Բացի այդ, նախօրեին տեղի ունեցան ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները, որի ժամանակ չորս երիտասարդներ ձերբակալվեցին: Ձեր տպավորությամբ՝ Հայաստանում նշված ոլորտներն ի՞նչ վիճակում են:
– Իմ կարծիքով` առաջին խոշոր մարտահրավերն այն է, որ ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կառույցների` մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող փաստաթղթերը թարգմանված չեն եւ դատավորներին մատչելի չեն: Եվ եթե դատարաններին ու դատավորներին հասանելի չեն այն հիմնական փաստաթղթերը, որոնց վրա պետք է հիմնվեն դատավճիռները, որոնց վրա պետք է կայացվեն դատապարտումները, ապա Հայաստանի բնակիչներն ինչպե՞ս կարող են օգտվել մարդու իրավունքներից: Առաջին հերթին խնդիրն այդ սկզբնաղբյուրների մատչելիության բացակայությունն է: Երկրորդ խնդիրը. կարելի է կարծել, թե Հայաստանի բնակչությունը մեծածավալ հանրային կրթման աշխատանքների կարիք ունի: Մարդու իրավունքների կրողները հենց ՀՀ քաղաքացիներն են, եւ եթե նույնիսկ դատարաններին հասանելի չի ՄԻ պաշտպանության փաստաթղթերի այդ ողջ բազմազանությունը, իսկ շարքային քաղաքացին տեղեկացված չէ իր իրավունքների, իր գոյության հետ անմիջական առնչվող իրավունքների մասին, ապա ինչ-որ բան սխալ է: Ապա այդ դեպքում ինչ կարելի է ակնկալել կառավարությունից, եթե ոչ դատական համակարգն է տեղեկացված, ոչ քաղաքացին: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունից ակնկալվում են նման քայլեր, այլապես այս սեմինարը տեղի չէր ունենա:
– Տեղյա՞կ եք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
– Որոշ աղբյուրների համաձայն՝ ես լսել եմ, որ, այո, դա այդպես է:
– Անցած մի քանի տարիներին ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բանտարկված էին, բայց նրանք ունեին գրագետ ու Ձեր նշած փաստաթղթերին ծանոթ փաստաբաններ: Այդ փաստաթղթերին ծանոթ են նաեւ դատարաններն ու իրավապահ ողջ համակարգը, սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ մինչեւ հիմա ընդդիմադիր որոշ գործիչներ ազատազրկված մնան:
– Այո, այո, ես տեղյակ եմ: Իհարկե, ամբողջ տեղեկատվությունը չունեմ, այնպես որ, դժվար է այդ մասին մեկնաբանություն տրամադրել: Բայց դուք առաջին լրագրողն եք, որ այս հարցը տալիս եք ինձ:
– Ամեն դեպքում, Ձեր տպավորությամբ՝ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման պատճառն իր իրավունքների մասին հասարակության անդամների անտեղյակությո՞ւնն է, թե՞ իշխանությունների, դատական համակարգի ցանկությունը:
– Անշուշտ, պատասխանատվությունը կառավարությանն է: Կառավարությունը պետք է տարածի մարդու իրավունքներին անհրաժեշտ տեղեկությունները բնակչության շրջանում: Ես չէի ասի, թե Հայաստանի բնակչությունը ոչինչ չգիտի մարդու իրավունքների մասին, բայց գիտակցության մակարդակը կարող էր շատ ավելի բարձր լինել: Օրինակ, ճիշտ կլիներ, եթե մարդու իրավունքներ առարկան ուսուցանվեր տարրական եւ ավագ դպրոցում` ակնկալելով հեռահար հաջողություններ, որ այս ծրագիրը կբերի իր հետ: Երբ կառավարությունը կիմանար, որ ժողովուրդը գիտի այդ մասին, ավելի համահունչ կգործեր միջազգային չափանիշներին: Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների խնդրին, ապա ՄԱԿ-ի զեկույցներով նույնպես նշում են, որ այդ խնդիրն առկա է Հայաստանում:
– Դուք Դանիայից եք: Ձեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ:
– Քանի տարի է, արդեն չկա:
– Ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հրավիրած հանրահավաքում հայտարարեց, թե քաղբանտարկյալների ազատ արձակման համար միջազգային հանրությունը բավարար ջանքեր չի գործադրում: Ինչո՞ւ է դա այդպես:
– Ոչ, դա արդեն Հայաստանի պատասխանատվությունն է, եւ այդ պատասխանատվությունը դուք չեք կարող երկրից դուրս հանել եւ ինչ-որ արտաքին ուժի վրա դնել: