Մեկ դերասանի թատրոն

11/11/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Նոյեմբերի 4-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություն էր հայտնել Գյուղատնտեսության, Ֆինանսների, Կրթության եւ գիտության, ինչպես նաեւ՝ Առողջապահության նախարարությունների գործունեության կապակցությամբ` պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար: Նա նախարարներից պահանջել էր նույնիսկ կադրային փոփոխություններ կատարել` ընդհուպ մինչեւ փոխնախարարների մակարդակով:

Եվ ինչպես լինում է նախապես մշակված շոուների դեպքում, նախօրեին Առողջապահության նախարարի երկու տեղակալներ` Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը, իրենց դիմումների համաձայն՝ ազատվել են աշխատանքից: Թ. Հակոբյանն իր քայլը պատճառաբանել է նրանով, թե այլեւս չի ցանկանում աշխատել «էդ նախարարությունում», իսկ Ա. Մանուկյանը որեւէ պարզաբանում չի տվել ու դարձել է անհասանելի: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ` հենց Աբրահամ Մանուկյանի միջոցով են «ստվերային» գումարները վերահսկվել ու փոխանցվել ուր որ պետք է: Ասում են, որ նա որոշ ժամանակ նույնիսկ վերահսկել է Սոցապ նախարարության ֆինանսական մուտքերն ու հոսքերը. հիշեցնենք, որ սոցապ նախարարը նույնպես ԲՀԿ-ական է:
Ինչ վերաբերում է մյուս նախարարություններին, որոնց «պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար» մեղադրել էր Տ. Սարգսյանը, դեռեւս որեւէ կոնկրետ քայլ չի կատարվել, այսինքն` ոչ ոք հրաժարականի դիմում չի ներկայացրել: Շատերի կանխատեսմամբ` նման հրաժարականներ չեն էլ լինելու, որովհետեւ Տ. Սարգսյանի հիմնական թիրախը հենց Առողջապահության նախարարությունն էր, եւ, որ մյուսների անունները նա թվարկել է, որպեսզի իրեն չմեղադրեն ԲՀԿ-ի դեմ դուրս գալու մեջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Տ. Սարգսյանին հանձնարարված է ԲՀԿ-ին վերապահված նախարարությունների դեմ ինչ-որ քայլեր անել` թուլացնելու համար նրանց ռեսուրսները (բոլորին է հայտնի, թե բուժհաստատություններն ընտրությունների ժամանակ ինչպես են ակտիվանում` անվճար հետազոտություններ, վիրահատություններ եւ այլն): Իշխանությունների հաշվարկներով, եթե Տ. Սարգսյանի «խրոխտ» հանձնարարականին հետեւեն մեկ-երկու նախարարի հրաժարականները, ապա Տ. Սարգսյանի, մի քիչ էլ` ՀՀԿ-ի վարկանիշը կբարձրանա: Ու հիմա Թ. Հակոբյանի ու Ա. Մանուկյանի հրաժարականները Տ. Սարգսյանը համարում է իր «քրտինքով աշխատածի» արդյունք` աջ ու ձախ հպարտանալով, թե իրեն այլեւս չեն ասի՝ «վարչապետի դեկորացիա»: Սակայն Տ. Սարգսյանը մոռացել է, որ իր քննադատության թիրախներն էին նաեւ Ֆինանսների, Կրթության եւ գիտության, Գյուղատնտեսության նախարարությունները: Օրինակ, կառավարության նույն նիստում Տիգրան Սարգսյանը բարձրաձայնել էր նաեւ Գյուղատնտեսության նախարարության Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության թերացումների մասին` գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին հանձնարարելով «լուծել Բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»: Հիշեցնենք, որ Գյուղնախարարության Բուսասանիտարիայի տեսչությունը ղեկավարում է «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին անդամ Վռամ Գյուլզադյանը, ով քաղծառայող է, եւ նրան աշխատանքից հնարավոր է հեռացնել միայն քաղծառայության խորհրդի որոշմամբ, կամ` սեփական դիմումի համաձայն: Սակայն սա բոլորովին այլ պատմություն է. խնդիրն այն է, որ Վ. Գյուլզադյանից արդեն երկար ժամանակ ցանկանում է ազատվել հենց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ այն բանի համար, որ նա 2008թ. համարձակվել է լքել ՕԵԿ-ը: Այս մասին Վ. Գյուլզադյանը բազմիցս հայտարարել է, նույնիսկ բաց նամակներ է գրել: Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ա. Բաղդասարյանի պատվերով Վ. Գյուլզադյանի դեմ նույնիսկ քրեական գործ էր հարուցվել: Սակայն Ա. Բաղդասարյանը դրանով չբավարարվեց, ու նա հիմա պահանջել է, որպեսզի Վ. Գյուլզադյանին հեռացնեն պետի պաշտոնից: Դա առայժմ նրան չի հաջողվում, քանի որ, ինչպես նշեցինք, նախ` նա քաղծառայող է, որին ազատելու մեխանիզմներն ավելի բարդ են, եւ երկրորդ` այժմ գտնվում է արձակուրդում եւ հանրապետությունում չէ: Նրա օգնականը մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ Գյուլզադյանը Հայաստան կվերադառնա նոյեմբերի 18-ին: Իսկ մինչ նա կվերադառնա արձակուրդից, Գյուղնախարարությունում ակտիվ աշխատում են` Վ. Գյուլզադյանի դեմ նյութեր հավաքելու ուղղությամբ: Ի դեպ, նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանն «Ազատությանն» ասել էր, թե` «Օրենքով սահմանված կարգով կներկայացնենք Բուսասանիտարիայի տեսչության պետին աշխատանքից ազատելու բոլոր հիմնավորումները»: Մեր աղբյուրների փոխանցմամբ` որպես հիմնավորում բերվելու է վարչապետի վերահսկողական ծառայության հաշվետվությունը` Բուսասանիտարիայի տեսչությունում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ: Բանն այն է, որ ՕԵԿ-ական գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը «խնդրանքով» դիմել էր վարչապետին, որպեսզի վերջինս թույլ տա ստուգումներ անցկացնել մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում, քանի որ «ահազանգեր էին ստացվում քաղաքացիներից, որ թունաքիմիկատների առեւտուրն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ»: Տ. Սարգսյանն Ալավերդյանին թույլատրում է, եւ ստուգման արդյունքում Ալավերդյանն ընդամենը մեկ խախտում է արձանագրում: Հետո Տ. Սարգսյանը «որոշում» է իր վերահսկողական ծառայությանն ուղարկել այդ ստուգման հետքերով: Այս պատմությունն ավարտվում է նրանով, որ եւ՛ լիցենզավորման վարչությունը, եւ՛ Բուսասանիտարիայի վարչությունը «պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները», բոլոր այդ օբյեկտներում վարչապետի վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ, որոնք չեն արձանագրվել: Ու Տ. Սարգսյանը դրանից հետո «հասկացել» է, որ «այլեւս հանդուրժելի չէ նման աշխատաոճը» ու կառավարության նիստում միանգամից ուղիղ հայտարարել է, թե պետք է «լուծել Բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»: Այն, որ խնդիրն անձնական է` ակնհայտ է դառնում նաեւ նրանից, որ վարչապետին բացարձակ չեն հետաքրքրում կոնկրետ տվյալ վարչության կողմից իրականացված խախտումների հետեւանքով պետության կրած վնասի չափերը: Հակառակ դեպքում` նա կհանձնարարեր նախ վերադարձնել պետությանը հասցված վնասն ու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սակայն նրա համար կարեւորը` Վ. Գյուլզադյանի «հարցը լուծելն» է:
Իհարկե, սա ամենեւին չի նշանակում, որ դիցուք Վռամ Գյուլզադյանը անաղարտ կերպար ունեցող պաշտոնյա է, եւ նրա գործունեության մեջ չարաշահումներ հնարավոր չէ գտնել: Պարզապես առանձին վերցրած այս օրինակով լավագույնս երեւում է, որ իշխանություններն ընդամենը էժանագին շոու են կազմակերպել` Տ. Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ:
Ի դեպ, ոչ ոք այդպես էլ չիմացավ` Առողջապահության այլեւս նախկին փոխնախարարներ Թ. Հակոբյանն ու Ա. Մանուկյանն էին նախարարության «կոռուպցիոներները»: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանն ասել էր. «Լրջագույն դժգոհություններ են հասնում մեզ առողջապահության ոլորտում կոռուպցիոն երեւույթների մասին. 10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտած նախարարի տեղակալներով, որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երեւույթների դեմ: ՀՀ նախագահի հանձնարարականները պետք է մեզ սթափեցնի, որովհետեւ այս նեգատիվ երեւույթների դեմ մեր պայքարն արդյունավետ չի, արդյունքներ չի տալիս: Սրանք առաջին քայլերն են այդ ուղղությամբ` կադրային փոփոխություններ. եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք»: Շատերը ենթադրում են, որ առաջիկայում հենց Առողջապահության նախարարությունում էլի հրաժարականի դիմումներ կներկայացվեն: