Հայ Ազգային կոնգրեսը երեկ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը նախօրեին տեղի ունեցածի մասին է, երբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում միջադեպ էր եղել Ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ, եւ 4 ակտիվիստների՝ Արեգ եւ Սարգիս Գեւորգյան եղբայրներին, Վահագն Գեւորգյանին եւ Սարգիս Խաչատրյանին բերման էին ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին եւ ծեծի ենթարկել: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման մեջ նշված է. «Ոստիկանները խոչընդոտել են ոչ զանգվածային օրինական միջոցառումը, դուրս են եկել իրենց լիազորություններից, կիրառել են ոչ օրինաչափ ուժ, խոչընդոտել են երիտասարդների փաստաբան ունենալու իրավունքը, ծեծի են ենթարկել ոստիկանական բաժանմունքում»: Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները նոյեմբերի 9-ին ոստիկանների կողմից բռնության էին ենթարկվել: Նրանց Ոստիկանությունում զգուշացրել են, որ իրենց դեմ հարուցվել է քր.գործ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում):