ՀՀ կառավարության նոյեմբերի 4-ի նիստում որոշում է ընդունվել ՀՀ Քաղաքաշինության նախարարության ենթակայությունից հանել «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ տեղափոխել Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ: «Դրա հիմքում կապիտալ ծախսերի հաշվարկման տարանջատումն է գնումների գործընթացից»,- կառավարության որոշումն այդպես է պարզաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջերս այդ ՊՈԱԿ-ում ստուգումներ է անցկացրել եւ խախտումներ է հայտնաբերել ՀՀ Վերահսկիչ պալատը: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս քայլը եւս տեղավորվում է պետական կառավարման համակարգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքերը թուլացնելու` քաղաքական որոշման տրամաբանության շրջանակներում: Հիշեցնենք, որ կառավարության նույն նիստի ժամանակ Տ.Սարգսյանը քննադատել էր նաեւ Առողջապահության նախարարությանը: Իսկ այս երկու նախարարություններն էլ կոալիցիոն քվոտայով ղեկավարում են ԲՀԿ անդամները: