Երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ստորագրել է այն օրենքը, որով նախատեսվում է թոշակի անցնելու տարիքը երկրում 60-ից հասցնել 62 տարեկանի, իսկ պետական լրիվ կենսաթոշակային տարիքը` 65-ից հասցնել 67-ի: Խոսքն այն օրենքի մասին է, որի պատճառով տեւական ժամանակ Ֆրանսիայում բողոքի հզոր ալիք է բարձրացել, գրեթե բոլոր քաղաքներում հանրահավաքներ ու լայնամասշտաբ գործադուլներ են տեղի ունենում: Մինչեւ վերջերս քիչ չէին այն կանխատեսումները, որ Սարկոզին` տեղի տալով դժգոհությունների ալիքին, ի վերջո կհրաժարվի կենսաթոշակային այդ բարեփոխումներից, սակայն Ֆրանսիայի նախագահն արեց այն, ինչն իր կամ իր քաղաքական թիմի համոզմամբ՝ անհրաժեշտ էր պետության երկարաժամկետ զարգացման համար: Այսօր չափազանց դժվար է ասել՝ ինչպես կզարգանան իրադարձություններն այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, բացառված չէ, որ դա հանգեցնի հասարակական ընդվզման նոր` ավելի հզոր ալիքի եւ քաղաքական ցնցումների պատճառ դառնա` ընդհուպ հանգեցնելով իշխանափոխության: Խնդիրը, տվյալ դեպքում, սակայն, այլ է: Սարկոզիի կողմից նման հակապոպուլիստական օրենքի ընդունումն, առաջին հերթին, քաղաքական կամքի, սեփական համոզմունքներին ու գաղափարներին հավատարիմ լինելու եւ կոնյունկտուրային չենթարկվելու վկայությունն է, որը լավ օրինակ կարող է ծառայել մեր կամ մեր տիպի երկրների իշխանությունների համար: Ընդ որում, նորանկախ Հայաստանի պատմության մեջ եւս կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է իշխանությունն ընդունել ու իրագործել ոչ ամբոխահաճո այնպիսի որոշումներ, առանց որոնց պետության կենսագործունեությունն ուղղակի հնարավոր չէր լինի: Այդպիսի որոշումների շնորհիվ 1990-ականների սկզբին կյանքի կոչվեցին տնտեսական բարեփոխումները` հողի սեփականաշնորհում, ապապետականացում, գների ազատականացում…: ՀՀ առաջին իշխանությունները տուրք չտվեցին հասարակական դժգոհություններին եւ կարողացան իրականացնել այդ բարեփոխումները: Նույն իշխանությունն, առնվազն՝ Լ. Տեր-Պետրոսյանը համոզված լինելով 1998թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության փաստաթղթի արդարացվածության մեջ, չստորագրեց այն եւ մինչ օրս պնդում է իր այն տեսակետը, որ դա լավագույնն էր, որ կարելի էր երբեւէ ստանալ բանակցային գործընթացում: Եվ այսօր քիչ չեն այն կարծիքները, որ եթե առաջին նախագահը ստորագրեր այդ փաստաթուղթը` Հայաստանը միանգամայն այլ` ավելի բարենպաստ վիճակում կլիներ: Ֆրանսիական եւ հայկական իրականությունների միջեւ այս համեմատությունների «ամենատխուր» եզրահանգումն այն է, որ եթե նախկին իշխանությունների գործունեության մեջ կարելի է հիշել քաղաքական կամքի դրսեւորման կամ չդրսեւորման բազմաթիվ օրինակներ, ապա վերջին ավելի քան 10 տարվա կտրվածքով հնարավոր չէ գտնել համադրելի մի դեպք, երբ ՀՀ իշխանությունը դիմել է պետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող, սակայն հակապոպուլիստական քայլի: Սա իշխանության որակի մասին վկայող բավական «տարողունակ» ցուցանիշ է: