Ռեստորան` եկեղեցու տեղում

09/11/2010

ԱՄՆ Արեւելյան ափի Հեւենվիլ քաղաքի հայերը ցանկանում են վաճառել հայկական եկեղեցին, իսկ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել այն: Associated Press գործակալության փոխանցմամբ, եկեղեցին պաշտպանողներն ասում են, որ քաղաքի համար մեծ սխալ կլինի 163 տարվա պատմություն ունեցող եկեղեցին վաճառելը կառուցապատողին` շինարարական մի ընկերության, որը ցանկանում է քանդել այն եւ տեղում «Բուրգեր Քինգ» կառուցել: Քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերն ասել է, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցու քանդելը կփոխի քաղաքի դեմքը: Եկեղեցու սպասավորները ասում են, թե հին շենքը վերանորոգելու համար 1.5 միլիոն դոլար է անհրաժեշտ, եւ նրանք ստիպված վաճառում են այն` ավարտելու համար նոր եկեղեցու շինարարությունը: Ծխական խորհրդի նախագահ Սքոթ Սահակյանը «Eagle Tribune» թերթին ասել է, թե գործարքը խոչընդոտելու փորձերը կրոնական եւ էթնիկ հետապնդումներ են: