Վրաստանի սեւ շուկայում հայտնաբերվել են հայերի կողմից մաքսանենգ ճանապարհով տեղափոխված միջուկային նյութեր: Վրաստանում տեղի ունեցած փակ-գաղտնի դատավարության ժամանակ պարզվել է, որ բարձր հարստացված ուրանը, որը կարող է օգտագործվել միջուկային ռումբ պատրաստելու համար, վաճառքի էր հանվել նախկին խորհրդային երկրների սեւ շուկայում: Վրաստանում դեռ մարտ ամսին երկու հայեր` գործարար եւ ֆիզիկոս, խոստովանել էին, որ մաքսանենգ ճանապարհով բարձր հարստացված ուրանը կապարապատ փաթեթներով Երեւան-Թբիլիսի գնացքով տեղափոխել են Վրաստան: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլին Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային գագաթաժողովի ժամանակ այս դեպքի մասին տեղեկացրել է նաեւ այլ երկրների ղեկավարներին, սակայն մինչեւ այժմ միջադեպի մասին մանրամասներ չէին հրապարակվել: Հետաքննչական մարմինները «The Guardian» թերթին հայտնել են, որ ուրանի նմուշը, որը վաճառում էին Սումբատ Տոնոյանն ու Հրանտ Օհանյանը, գողացվել է մի քանի տարի առաջ: Ամերիկյան փորձաքննության համաձայն՝ ուրանը հարստացվել էր 89.4%-ով եւ պիտանի էր միջուկային մարտագլխիկի համար: Վրաստանում հայերն ասել էին, թե իրենք միայն 18գ ուրան ունեն, բայց իրենց հայաստանյան մատակարարը կարող է ավելի շատ ուղարկել: