ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը երեկ հայտարարել է, թե հասարակությունն արդար ընտրություններ անցկացնելու մասին ՀՀԿ-ի խոստումներին կհավատա միայն այն դեպքում, երբ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: «Երբ խոսքը հնչեցնում է մի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, որը կեղծել է 2008թ. ընտրությունները, ծեծուջարդ իրականացրել…»,- ասել է նա: Կարապետյանի խոսքն ընդհատել է ասուլիսի ՀՀԿ-ական մասնակից Հովհաննես Սահակյանը` ասելով. «Կեղծիքների հետ դուք ավելի շատ գործ ունեք 1996թ. սկսած»: «Նրանք սպանդ են իրականացրել 2008թ. մարտի 1-ին: 10 հոգի զոհվել է, եւ որեւէ մեկը չի պատժվել: Եվ միայն դրա շնորհիվ է, որ այդ քաղաքական ուժն այսօր բազմել է իշխանական աթոռին»,- նշել է Կարապետյանը: ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձել է` ասելով. «Այդ 10 զոհերի պատասխանատվությունը հավասարաչափ նաեւ դուք եք կրում»: