Երկու երես

09/11/2010

Կիրակի օրն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, «ջախջախիչ» հաղթանակ է տարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Իշխող այդ ուժը Միլի մեջլիսի 125 տեղերից կստանա ավելի քան 70-ը: Ընդ որում, «Ենի Ազերբայջանի» ներկայացուցիչների մեծ մասն ընտրվել է թե կուսակցական ցուցակներով, թե մեծամասնական ընտրակարգով: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արդեն անբավարար է գնահատել Ադրբեջանում կայացած ընտրությունները` հայտարարելով, որ դրանք «ընդհանուր առմամբ բավարար չէին երկրի ժողովրդավարական զարգացման գործում զգալի առաջընթաց ապահովելու համար»: Առաջին հայացքից շատ ծանոթ իրավիճակ է. վերջին առնվազն 2-3 գումարման խորհրդարանները Հայաստանում նույնպես ձեւավորվել են նույն սկզբունքով: Իսկ այսօր` Հայաստանի ԱԺ առաջիկա ընտրություններից թեկուզ բավական ժամանակ առաջ, Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունները մեզ համար կարող են երկակի նշանակություն ունենալ: Եթե հնարավոր լինի ավելի որակյալ ընտրություններ անցկացնել (տեսականորեն ամեն ինչ հնարավոր է), ապա ժողովրդավարության վիճակի առումով ՀՀ-ն կարող է գոնե «զգալի առաջընթաց ապահովել», ինչը չափազանց կարեւոր է ղարաբաղյան բանակցություններում միջազգային հանրության կողմից դրական վերաբերմունքի առումով: Հակառակ դեպքում առնվազն ԱԺ ընտրությունների «հոդվածով» Հայաստանը արժանի տեղ կզբաղեցնի Ադրբեջանի կողքին` վերջինիս հետ ռեսուրսային եւ տնտեսական անհավասարության պայմաններում ընթացող պայքարում չունենալով նաեւ «ժողովրդավարական խաղաքարտ», ինչը մինչեւ 1998 թվականը համարվում էր Հայաստանի հիմնական մրցակցային գործոնը ԼՂ հակամարտության բանակցություններում: Դատելով արդեն այսօր ՀՀ իշխանական շրջանակներից հնչող հայտարարություններից, երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական է: Իշխող Հանրապետական կուսակցության շարքերում դժվար է գտնել որեւէ հրապարակային գործչի, ով արդեն չի հասցրել հայտարարել, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմելու հաջորդ խորհրդարանում: