Այսօր մեկնարկում է Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության սեմինարը, որի ժամանակ քննարկվելու են հիմնականում արդարացի դատավարության իրավունք եւ անկախ դատարան թեմաները:
Այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանելու եվրոպական կառույցների պաշտոնյաներ, այդ թվում` Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների բաժնի միջազգային կապերի պատասխանատու Վոյչես Վիսոցկին, Արդարադատության միջազգային կոմիտեի փոխնախագահ Պոլ Հաուչ Ֆենգերը եւ այլք:
Հայտնի է, որ 2009 թվականից Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ընթանում է մարդու իրավունքների թեմայով երկխոսություն` հիմնականում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի եւ հեռանկարում ասոցիացման պայմանագրի շրջանակներում: Մարդու իրավունքների ոլորտում ունեցած գնահատականի արդյունքում էլ կորոշվի, թե արդյո՞ք խորանալու է համագործակցությունը վերը նշված ծրագրի շրջանակում: Այսօր եւ վաղը եվրոպական բազմաթիվ պաշտոնյաներ լսելու են հայաստանյան հասարակական կառույցների գնահատականներն ու տվյալները մեր երկրում մարդու իրավունքների բնագավառում ստեղծված իրավիճակի մասին: Սեմինարի ընթացքում հնչած մոտեցումների ու գնահատականների հիման վրա ձեւավորվելու է Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Սեմինարին հրավիրված են եւ մասնակցելու են նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ գրասենյակի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը դատական իշխանության, կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտման տարբեր բնագավառներին վերաբերող զեկույց է ներկայացնելու: Եվ քանի որ սեմինարի բուն թեման արդար դատավարության իրավունքն ու անկախ դատարաններն են, բնականաբար, ներկայացվելու է Հայաստանում այս ոլորտների պատկերը: Ա.Սաքունցի խոսքերով՝ եթե մեր երկրում դատավորներին նշանակում է նախագահն անձամբ, ընդ որում, այդ նշանակումը կատարվում է արդեն դատավոր դառնալու համար որոշակի փուլ անցած թեկնածուների ցանկից, ապա ինչպե՞ս կարող են նրանք անկախ լինել եւ արդար դատավարություն իրականացնել: Եվ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դատական իշխանության դերը չափազանց կարեւոր է, որովհետեւ խախտված իրավունքները պետք է վերականգնվեն այս ատյաններում: Իսկ եթե դատարաններն անկախ չեն, ապա ՄԻ պաշտպանության բնագավառում դժվար է առաջընթաց ակնկալել: Ա. Սաքունցի խոսքերով՝ Հայաստանի դատարաններում գրեթե անհնար է դարձել պետական կառույցների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերականգնումը: Եվ այս պարագայում իրավապաշտպանը այնքան վտանգավոր չի համարում ՄԻ ոտնահարման համատարած երեւույթները, որքան, որ դրանք մեկ անգամ եւս խախտվում են դատական ատյաններում: «Բայց եթե նման երեւույթները համատարած են ու դրանց դեմ պայքարի ճանապարհին միշտ պատի ենք դեմ առնում, դա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք ծակել այդ պատը»,- ասում է Ա.Սաքունցը:
Անդրադարձ է լինելու նաեւ Մարտի 1-ի գործերով դատավարություններին, որովհետեւ հենց այս դեպքերում զանգվածաբար խախտվեց անկախ դատավարության իրավունքն այն աստիճան, որ ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ մինչ այժմ բանտերում են, մինչդեռ 10 զոհերի վրա կրակողները, այդ թվում՝ եւ մարդասպան ոստիկանները չեն հայտնաբերվել:
Սեմինարին մասնակցելու է նաեւ Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով իր զեկույցում անդրադառնալու է դատավորների նշանակման ժամանակ դատական իշխանությանը մեծ դերակատարություն հատկացնելու խնդրին, դատավորների սոցիալական եւ հոգեբանական անկախությանը: Ինչպես նաեւ` արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես՝ դատական մատչելիության, դատական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու, դատարանների անկախության հետ կապված հարցերի: «Փորձելու եմ վերլուծել, թե ինչ պատճառներ կան, որ մեր դատավորների անկախությունը վտանգվում է»,- ասում է Արա Զոհրաբյանը:
Արդեն հայտնի է, որ ԵՄ կազմակերպած այս սեմինարի առիթով այսօր հանրահավաք եւ 6-ժամյա պիկետ է կազմակերպելու Հայ Ազգային կոնգրեսը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այս միջոցառումներն անցկացնելով` նպատակ ունեն եվրոպական կառույցներին ու պաշտոնյաներին որքան հնարավոր է տեղյակ պահել Հայաստանի իրավիճակի մասին: «Բացի այդ, նրանք պետք է համոզվեն, որ այդ տեղեկությունները հենց այնպես չեն տրվում, որ դրա հետեւում կանգնած է համաժողովրդական շարժում, որին սատարում է մի ամբողջ ժողովուրդ: Ցույցի իմաստը հենց դա է»,- ասաց ՀԱԿ համակարգողը:
Բայց արդյո՞ք եվրոպական կառույցները տեղյակ չեն, թե ինչ վիճակ է Հայաստանում ՄԻ պաշտպանության առումով, կամ արդյո՞ք նման ակցիաները լուրջ ազդեցություն ունենում են ԵՄ կառույցների վրա: «Եվրախորհրդի ճնշման արդյունքում իշխանությունները ստիպված եղան բաց թողնել քաղբանտարկյալների մեծ մասին: Մեր շարժման ճնշման տակ նորից ստիպված եղան թույլ տալ անցկացնել հանրահավաքներ եւ երթեր: Դա էլ հեշտ չի ձեռք բերվել: Չէին արտոնում, խանգարում էին, հարձակվում էին ցուցարարների վրա: Կամաց-կամաց մենք վերահաստատեցինք մեր իրավունքները, եւ իրավունքների վերահաստատման պայքարը մենք պետք է շարունակենք: Մենք պետք է ազատագրենք Ազատության հրապարակը, պետք է հասնենք «Ա1+»-ի բացմանը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը, մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը եւ այլն: Վերջնական նպատակը ժողովրդի կողմից սեփական կառավարությունը ընտրելու իրավունքի վերահաստատումն է»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Երեկ մարտի 1-ի զոհերի հարազատները նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակին: Նրանք հանդիպում են պահանջում ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության սեմինարի մասնակիցների հետ: Գրասենյակից զոհերի հարազատներին վստահեցրել են, որ նամակն անպայման կփոխանցեն հասցեատերերին: Զոհվածների հարազատները հայտարարել են, թե այնքան կդիմեն համապատասխան ատյաններին, մինչեւ ի վերջո նրանք լրջորեն անդրադառնան սպանությունների բացահայտման խնդրին ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն: