Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում ընթացող ուրանի պաշարների որոնման աշխատանքները դժգոհություն են առաջացրել տեղի բնակչության շրջանում: Նրանք պատրաստվում են բողոքի հանրահավաք անցկացնել դրա դեմ: Ստեղծվել է այդ գործընթացի դեմ հանդես եկողների նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ. «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար: Նոյեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի կունենա խաղաղ եւ արտոնված հանրահավաք մեր տարածաշրջանում թափառող ուրանի ուրվականի վերաբերյալ: Հարգելի բախտակից հայրենակիցներ, կոչ ենք անում Ձեզ՝ հաղթահարել վախի եւ անտարբերության մթնոլորտը եւ մասնակցել Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում կայանալիք խաղաղ եւ արտոնված հանրահավաքին եւ «ոչ» ասել ուրանի ուրվականին»: