Հիմա կա՞, թե՞ չկա

09/11/2010

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած գործընթացը լուռ ընթանում է: Այս մասին Լոնդոն մեկնելու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ի պատասխան հարցին, թե «Լոնդոնում մրցանակ եք ստանալու Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի համար: Սակայն այսօր այդ ասպարեզում զարգացումներ տեղի չեն ունենում: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ», Աբդուլլահ Գյուլն ասել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մահացել է, ոչ էլ սառել: Ուղղակի որոշ բաներ անձայն են ընթանում»: Հիշեցնենք, որ ի տարբերություն Ա. Գյուլի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Wall Street Journal»-ում հրապարակված իր հոդվածում նշել էր. «Չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցությունների որեւէ նոր փուլ, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատեւ գործընթացում առկախված միակ քայլը հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումն է` առանց հետագա ձգձգման»: