ՀՀ ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցությունն առանձին է մասնակցելու: «Մենք ոչ մեկի ցուցակով չենք մասնակցելու: Անցած համապետական ընտրությունները ցույց են տվել, որ ՕԵԿ-ն ինքը այնքան հնարավորություն, այնքան ուժ, այնքան պոտենցիալ, այնքան ռեսուրսներ ունի, որ շատ հանգիստ կարող է մասնակցել ընտրությունների: Եվ չնայած բոլոր այն ոչ պոզիտիվ կանխատեսումներին, որոնք կատարվում էին պարբերաբար, եւ ՕԵԿ-ի հետ կապված ինչ-որ գուշակություններ էին անում, մենք կարողանում ենք հաղթահարել մեր առջեւ դրված բոլոր խնդիրները եւ մեր տեղն ունենալ ԱԺ-ում»,- ասել է Խ. Հարությունյանը: Նա միաժամանակ հայտարարել է, թե ՕԵԿ-ը 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Գիտեք, որ 2013-ին թեկնածու էլ ունենք, եւ այդ թեկնածուն այնքան հնարավորություն ունի, որ կարող է մասնակցել, եւ մասնակցել ոչ միայն մասնակցության համար: Պարզապես մենք ունենք պայմանավորվածություն եւ հավատարիմ ենք այդ պայմանավորվածությանը»: