Բաց նամակ ՃՈ պետին

09/11/2010

Հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի ընկերոջը Ճանապարհային ոստիկանության աշխատակից ներկայացած ինչ-որ մեկը «տուգանել» է 20 հազար դրամով։ Խնդիրն այն է, որ տուգանքի դիմաց չի տրվել որեւէ անդորրագիր, իսկ ինքը՝ ոստիկանը, իր պահվածքով ու հագուկապով խիստ կասկածելի է թվացել։ Պարզապես լուսանկարչի մեքենան այդ պահին եղել է նրա ընկերոջ մոտ, ով, թերեւս, չի ցանկացել «գլուխ դնել» ոստիկանի հետ եւ հոժարակամ վճարել է պահանջվող գումարը։ Ինքը՝ Գերման Ավագյանը, սակայն, մտադիր չէ հենց այնպես հրաժարվել անհասկանալի մեկին անհասկանալի պատճառով մուծված գումարից, եւ որպես այն վերադարձնելու ձեւ՝ ընտրել է Facebook սոցիալական ցանցում ՃՈ պետ Մարգար Օհանյանին բաց նամակ գրելը։ Այն ներկայացված է ստորեւ։

«ԳԱԻ»-ի աշխատակիցը (Անկախ Հայաստանում այս կառույցն այլ կերպ է կոչվում, բայց իմաստը ձեզ հասկանալի է) 20 հազար դրամի չափով թալանել է իմ ընկերոջը, որի մոտ ես թողել էի իմ մեքենան հանրապետությունից բացակայածս ժամանակ։ Ուսադիրներ կրող այդ թալանչու կրծքանշանի համարն ինձ հայտնի է։ Իմ հեռախոսի համարն էլ ձեզ է հայտնի (եթե մոռացել եք, կարող եմ հիշեցնել, թե ով կարող է ձեզ այն հիշեցնել)… Ես պահանջում եմ վերադարձնել փողերն իմ ընկերոջը։ Ընդամենը այդքանը։ Ես չեմ մանրանա դետալների մեջ, ինչպես, օրինակ, այն, որ ԳԱԻ-ի աշխատակիցը համազգեստ չէր հագել, սակայն վարում էր ծառայողական Տոյոտա։ Չեմ մանրամասնի նաեւ մյուս «օյինբազությունները»։ Սակայն հանդիպման դեպքում հաճույքով կպատմեմ, թե ինչեր են անում ձեր աշխատակիցները»։