Նոյեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Գեղարքունիքի եւ Լոռու մարզեր: Գեղարքունիքի մարզում նա ծանոթացել է Սեւան-Լճաշեն ճանապարհի Սեւան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին: Ս. Սարգսյանին զեկուցել են, որ 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ, նշված ճանապարհահատվածում պետբյուջեի միջոցներով կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ եւ հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, կատարվել են նաեւ ճանապարհային պաստառի ամրացման աշխատանքներ: Ս. Սարգսյանը հանձնարարել է ճանապարհի դիտարկվող հատվածի ասֆալտապատման համար միջոցներ տրամադրել, եւ եղանակային բարենպաստ պայմանների պարագայում` արդեն 2011թ. գարնան սկզբին ճանապարհը կասֆալտապատվի: Հանձնարարվել է նաեւ մինչ այդ ապահովել ճանապարհի անցանելիությունը: Այնուհետեւ Սերժ Սարգսյանին ներկայացվել են ջրածածկ եւ ճահճացած տարածքներում Սեւանա լճի մաքրման աշխատանքներ կատարելու համար նախատեսված «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի տեխնիկական հնարավորություններն ու մաքրման ենթակա տարածքների քարտեզները: ՀՀ նախագահը հանձնարարություններ է տվել նաեւ լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների հետ կապված` ընդգծելով ջրի մաքրման կարեւորությունը:
Գեղարքունիքի մարզից Սերժ Սարգսյանը մեկնել է Լոռի: Նախ այցելել է Ստեփանավան, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին` «Քաղաքի օր» տոնակատարությանը, Անդրանիկ Մարգարյանի անունը կրող հիմնանորոգված մշակույթի պալատի եւ նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը: Այնուհետեւ մեկնել է Արմանիսի լեռնահարստացման համալիր, որտեղ այցելել է «Սագամար» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի հարեւանությամբ գտնվող սպասարկման համալիր: Ընկերության վարչական մասնաշենքում Ս. Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների` «Սագամար» եւ «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «Նեւա-Ռուս» ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը: Հիշեցնենք, որ ձեռնարկությունների աշխատանքը ղեկավարում է «Գլոբալ Մեթալս» ընկերության հայաստանյան մասնաճյուղը: Ս. Սարգսյանն այնուհետեւ մեկնել է Սպիտակ, ծանոթացել նորակառույցների բնակարանային պայմաններին, «Սպիտակի նոր քաղաք» թաղամասի հետագա կառուցապատման նախագծերին ու շինարարական աշխատանքների կազմակերպման հետագա ծրագրերին: Այցելել է նաեւ շահառու ընտանիքներին: