– Դուք Ձեր ներկայացումներում տարբեր խնդիրներ եք արծարծում՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական: Ի՞նչ եք կարծում՝ Ձեզ դիտելու եկած պաշտոնյան, կամ այն մարդիկ, ովքեր քծնում են իշխանություններին, ինչպե՞ս են ընկալում Ձեր ասածը, ինչպիսի՞ ազդեցություն են գործում Ձեր ասածները նրանց վրա:
– Արվեստը, ընդհանրապես, խոսակցություն է սրտերի միջեւ, արվեստը հաղորդակցության միջոց է, որտեղ արվեստագետը, հանդիսատեսը, ունկնդիրը շփվում են իրար հետ, հաղորդակցվում են իրենց զգացմունքների եւ մտքերի միջոցով: Այդ իմաստով անպայման ինչ-որ բան տեղի ունենում է, ինչ-որ փոխհարաբերություններ տեղի են ունենում, բայց թե կոնկրետ որեւէ քաղաքական գործիչ ներկայացումից հետո ինչպիսի՞ փոփոխություններ իր մեջ կկրի, եւ դա ինչպե՞ս կանդրադառնա իր աշխատանքային գործընթացներում, ես դժվարանում եմ ասել: Արվեստը ծառայում է մի նպատակի` թեկուզ մեկ քայլ ազնվացնել մարդուն: Թե այդ ազնվացումը արդեն ինչպիսի՞ փոփոխությունների կբերի, դժվարանում եմ ասել:
– Ինչպե՞ս եք գնահատում արդեն 2012թ. ընտրությունների համար վերջին շրջանում սկսված ներքաղաքական պայքարը:
– Դա միայն հայաստանյան իրականության խնդիրը չէ։ Դա այսօրվա աշխարհի քաղաքական դրվածքն է: Հանրապետությունը, ինչպես տեսնում ենք, այդքան էլ կատարյալ ձեւ չէ: Ժողովրդավարությունը՝ նույնպես: Որպես պետական համակարգ՝ հանրապետությունն ինձ համար այդպես կատարյալ մի բան չէ: Առավել եւս՝ աշխարհում այնպիսի վիճակ է, որ լինի դա Ֆրանսիայում թե Գերմանիայում, հանրապետության նախագահը՝ դառնալով նախագահ, հաջորդ օրվանից սկսում է պայքարել իր մրցակից կուսակցության դեմ, որովհետեւ հենց այդպիսի վիճակ է ստեղծված: Մրցակից կուսակցությունը սկսում է գանակոծել, իսկ դու սկսում ես ամրապնդել քո աթոռը եւ մշտական գզվռտուքի մեջ ես: Լինի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում թե մեզ մոտ, իշխանությունը՝ որպես այդպիսին, չի կարողանում լրջորեն կատարել իր առջեւ դրված խնդիրները: Վերցրեք Ֆրանսիայում՝ Սարկոզիին, ԱՄՆ-ում՝ Օբամային: Տալիս են 100 օր ժամանակ, արդեն լարվածությունը ստեղծված է: 100 օր հետո քեզնից հարցնելու ենք. «Ի՞նչ ես դու անելու, հը-հը, տեսնենք»: Այդ լարվածության մեջ 100 օրում պիտի կարողանաս խնդիրներ լուծել: Բայց պարզվում է, որ երկիրն ունի խորքային լուրջ խնդիրներ, եւ 100 օրվա ընթացքում հնարավոր չի լուծել դրանք:
– Եվ ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում:
– Այդ ընթացքում մրցակից կուսակցությունն ամեն ինչ անում է, որ նա չկարողանա լուծել այդ խնդիրը, որպեսզի առաջին իսկ օրը դատապարտված լինի պարտության: Ե՛վ Օբամայի, եւ՛ Սարկոզիի պարագայում այդպես եղավ: Հետո գալիս է երկրորդ 100 օրը, առաջին տարին, երկրորդ տարին:
– Հետո՞:
– Ինձ` որպես ոչ քաղաքական գործչի, որպես սովորական մարդու, զարմանալի օրինաչափություն է թվացել այն հանգամանքը, որ սովորաբար նախագահները` երկրի կառավարիչները, իշխանները, մեծ խոստումներով գալով պետության ղեկին (ընդ որում՝ ինչքան ճարտար է լեզուն, այնքան խոստումները շատ են)՝ առաջին երկու տարին այդ խոստումները տալը շարունակում են, ինչ-որ բան են փորձում անել, ձեւական որոշումներ են փորձում կայացնել, բայց հետո իսկական դեմքն են սկսում ցույց տալ: Նման վառ օրինակ է Սարկոզին: Ես ասել էի, որ մի սարսափելի երկընտրանքի առաջ է կանգնած ֆրանսիական ժողովուրդը. մի կողմից՝ Սարկոզին, մյուս կողմից` Սեգոլեն Ռոյալը: Այդպիսի մի տեսակ երկընտրանքի առաջ կարծես լիներ Հայաստանն անցած ընտրություններին: Երկընտրանքի մեջ չես իմանում` ո՞ւմ ընտրես: Չգիտեմ` հիշո՞ւմ եք, թե՞ ոչ, բայց այսպիսի բան էին ասում. կարծես թե քեզ հնարավորություն է տրվում զարմանալիորեն մարդասիրաբար կամավոր ընտրություն կատարելու ժանտախտի եւ խոլերայի միջեւ` որն ուզում ես՝ ընտրի՛ր: Քեզ կարող են գնդակահարել կամ կախել՝ ինքդ ընտրիր: Ծիծաղելի է թվում: Եվ պատահական չէ, որ այսօր ես տեսնում եմ եւ՛ արեւմտյան մեծ երկրներում, եւ՛ Եվրոպայում, այդ սարսափելի անկումը՝ դեգրադացիան քաղաքական կյանքում, ճգնաժամ կոչեցյալը, որից փորձում են իբր թե հանել մարդկանց, բայց, ցավոք սրտի, գնալով ավելի ու ավելի են խրվում այդ ճահճի մեջ, որովհետեւ կարծես թե՝ փոխանակ լուծման ելքերը փնտրելու, հակառակը` գիտակցված խենթի պես իրենց գցում են առաջ՝ դեպի փոսը:
– Հիմա ինչպե՞ս կբնութագրեք քաղաքական դաշտը: Ճահճացա՞ծ է:
– Ես որեւէ երկիր չեմ տեսնում, որտեղ չկա ճահճացած վիճակ, ուղղակի՝ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ: Քաղաքական ճգնաժամ տիրում է ամբողջ աշխարհում՝ եւ՛ արեւմտյան, եւ՛ արեւելյան երկրներում: Այդ ճգնաժամից դուրս երկիրը Չինաստանն է, որն ուժեղ վերելքով բարձրանում է: Իսկ Ռուսաստանը, Ղազախստանը, ԱՊՀ նոր երկրներն են, որոնք դուրս են գալիս, ճեղքել են, եւ նրանք հարստանում են, Ադրբեջանն իր նավթի շնորհիվ հարստանում է դեռեւս, բայց դրանով հանդերձ՝ նաեւ գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, որովհետեւ այդ մեծ ճգնաժամը վերաբերում է բոլորին: Կարծես ստեղծված է գլոբալ ճգնաժամ: Վերջինն էլ ոչ թե իրերի բերումով այդպես եղավ, այլ կազմակերպված, սարքված է ժամանակին, եւ կամաց-կամաց այսօրվա արդյունքին հասավ: Ֆրանսիայում մի քաղաքագետ ասում էր՝ զարմանալի է, տարիներ առաջ, երբ այդ ճգնաժամն ընդամենը 1 մլն դոլարի էր, մենք մատներս մատներիս չխփեցինք, անտարբեր նայում էինք՝ շատ լավ հասկանալով՝ ուր է տանում: Երբ դարձավ 100 մլն-ի, բանի տեղ չէինք դնում, երբ դարձավ 3 մլրդ-ի, 5 մլրդ-ի, էլի բանի տեղ չդրեցինք, իսկ այսօր արդեն մի քանի տրիլիոն է, նոր սկսել ենք խառնվել: Բայց ուշ է, սա շուտով կդառնա բիլիոն, մի քանի 10-յակ, 100 միլիարդներ: Ահա՛ թե ինչ ցնցում է առաջացել ամբողջ աշխարհում: Իսկ հիմա մենք իրար ենք խառնվել: Մի ուրիշ բիզնեսմեն խոսում էր, ռադիոյով ուղղակի հիստերիայի հասած ահավոր ճչում էր՝ այս տարիների ընթացքում դուք ոչ մի բան չարեցիք, միայն 2 տարի շարունակ խոսեցիք։ 3 տարի ճգնաժամից դուրս գալու ելքերը, մեթոդները, միջոցները ցույց տալու՝ ոչինչ չարեցիք: Ընդհակառակը՝ շատ ավելի խորացավ: Ֆրանսիայի օրինակը վերցրեք, որը շատ ակնառու օրինակ է, այնտեղ մարդիկ անընդհատ դուրս են գալիս, ջարդուխուրդ են անում: Այնտեղ ավելի է երեւում, պրոցեսներն այդքան թաքնված չեն, մյուսներում այդ պրոցեսներն ավելի թաքնված են: Բայց այդ ճգնաժամն այսօր եկել է աշխարհի գլխին: Այդ ճգնաժամը պատահական չէ: Այդ ճգնաժամը գալիս է մարդու ճգնաժամից:
– Այսինքն՝ բնությունը պատժո՞ւմ է:
– Այո: Մարդը մինչեւ 18-19, 20-րդ դար ապրում էր Աստծո եւ բնության հետ հարմոնիայի մեջ. ես, բնությունը եւ Աստված, մենք միասին ենք, մենք մի մասնիկ ենք, մի արարած ենք: Եվ այդ ամենը տեսնում էինք մենք եւ՛ արվեստում, եւ՛ գրականության մեջ, անընդհատ առկա էր: Եթե տեսնենք այդ ընթացքում, այդ ժամանակի արվեստը եւ այսօրվանը, երբ մարդն Աստծուն ինքն իր շուրթերից, հոգուց շպրտեց դուրս, մարդը որոշեց անկախ ու մենակ գնալ առաջ, ինքը եկավ-հասավ մի բանի, որ տեսավ, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այսօրվա կոնցեպտուալ արվեստը. նկարչական պատկերասրահներ ես գնում` ոչինչ ոչնչի մասին, դատարկ պատ, որտեղ ինչ-որ արվեստ է կայացել, դուք ներկա չէիք: Ամեն ինչ անում են, բայց իրականում ոչինչ ոչնչի մասին է: Սա՛ է մարդն առանց Աստծու: Դրա համար եմ ասում, որ մարդը կա՛մ պիտի շուռ գա դեպի Աստված, հասկանա, որ առանց նրա ինքը ոչինչ է, եւ որպես Աստծո մասնիկ՝ շարունակի ձեռք ձեռքի տված հոր հետ՝ վերելքի ուղով, կա՛մ նա ինքնակործան գնա մինչեւ վերջ: Դրա համար այս ամենն իմ մեջ որեւէ խուճապ չի արթնացնում: