– Վերջին տարիներին հատկապես պատանիների շրջանում շատացել են ինքնասպանության դեպքերը: Այդ պատանիներից շատերն ընդգրկված են լինում էմոական շարժման մեջ: Ովքե՞ր են էմոները հոգեբանական տեսանկյունից:
– Ըստ նախնական տեղեկությունների` էմոներն այն մարդիկ են, ովքեր ունեն տրամադրության հաճախակի տատանումներ (անվանումը գալիս է հույզ-էմոցիա բառից), ընդ որում` գերիշխում է տխուր տրամադրությունը: Զարմանալին այն է, որ էմոները հաճույք են ստանում վատ տրամադրությունից, թեեւ հոգեբանական գրականության մեջ վաղուց ի վեր նշվում է մելանխոլիայի հաճույքի մասին: Էմոների առանձնահատկություներից մեկը չափազանց ծայրահեղական լինելն է:Հատկապես վաղ պատանեկան տարիքում բավական հեշտ է այդ հոսանքներին ենթարկվելը: Խնդիրն այն է, որ վաղ պատանեկան տարիքը անձի սեփական ես-ի ինքնության փնտրտուքի ամենավառ շրջանն է: Այդ տարիքում պատանիները կարող են ունենալ հակասոցիալական եւ հասարակության կողմից ընդունված արժեհամակարգի հակառակ վարքագիծ:
Խորհրդային համակարգն ուներ հստակ գաղափարախոսություն, այդ տարիքի համար, օրինակ, սպորտային համալիրներ, պիոներ պալատներ էին ստեղծված, որոնք կարողանում էին հագեցնել պատանու առօրյան` լցնելով այն բացը, որն ընտանիքը չէր կարող: Իհարկե, հիմա կան «Հայորդաց տներ», անհամեմատ քիչ քանակով, սակայն այսօրվա պատանու կյանքում միայն այդքանը բավարար չի կարող լինել, չէ՞ որ փոխվել է դարաշրջանը: Մերօրյա համակրգչային մշակույթով հետաքրքրված պատանիներին գրավում են այն մարդիկ կամ հոսանքները, ովքեր անսովոր են կամ գոնե` ավանդականից դուրս են: Չէ՞ որ նրանք փորձում են ինքնահաստատվել` անսովորության եւ անսպասելի արարք գործելու ճանապարհով:
– Այնուհանդերձ, հայ էմոներից ոմանք նշում են, որ իրենց դեպրեսիվ հոգեվիճակին նպաստում են ծնողները, ընտանիքը բնավ չի հասկանում իրենց, ընտանիքի անդամների հետ անընդմեջ տարաձայնությունների մեջ են, եւ այլն: Ի վերջո, ի՞նչն է ստիպում պատանուն կամ երեխային դառնալ էմո, գոթ, սատանայապաշտ:
– Մենք չենք կարող մեկ ընդհանուր բանաձեւով ներկայացնել դա: Մենք կարող ենք ուղղակի նշել, որ դրդապատճառներից մեկը պատենական նեգատիվիզմի դրսեւորումն է, որը բնորոշ է 14-16 տարեկաններին: Այդ նեգատիվիզմը արտահայտվում է նաեւ որպես ընդունված հեղինակությունների եւ արժեքների ոտնահարում կամ հակառակ վարքի ցուցաբերում:
Տվյալ իրավիճակում էմոները, գոթերը կամ մյուս հոսանքները ապհովում են առնվազն 2 խնդրի լուծում` մի կողմից թյուր տպավորություն է ստեղծվում, իբրեւ նրանք ծնողների չհասկացած խնդիրներին հստակություն են հաղորդում, մյուս կողմից` որոշակի դաշտ է ստեղծվում ինքնահաստատման համար:
Նրանց լոզունգների մեջ կարելի է գտնել «մեր կյանքը դաժան է», «մեզ չեն հասկանում» կամ «end» տիպի արտահայտություններ, որը բխում է իրենց կանոնադրության մեջ նշված թիվ 31-35, 46-49 կետերից, որոնցով, որպես ելք, ներշնչվում կամ առաջադրվում է ինքնասպանությունը, կամ ծնողների վերաբերմունքի չարաշահման ձեւը:
– Ու ներշնչանքը հասցնում են այն գագաթնակետին, որ երեխային դրդում են ինքնասպանություն գործել կամ գոնե ինքնասպանության փորձ անել, այո՞:
– Այո, որքանով ինձ հայտնի է, նրանց պարտադրվում են որոշ ծեսեր կապված «արյուն հանելու» հետ, որը կարող է նաեւ ենթադրել հիստերոիդ (կամ ցուցադրական) բնավորության շեշտվածություն: Ինքնասպանության կամ, ասենք, ձեռքը վնասելու փորձով նրանք ուզում են գրավել հասարակության եւ ընտանիքի ուշադրությունը: Թեեւ բացասական ճանապարհով, բայց նրանք ձեռք են բերում կարեւորություն: Այսպիսի «հաջողությունը» եւս մեկ անգամ խոսում է այն վակուումի մասին, որ գոյացել է գաղափարախոսական դաշտում: Մի շերտը ընտանիքն է, որ ավելի հաճախ զբաղված է առօրյա խնդիրներով: Մյուս շերտը` դպրոցն է, որտեղ նույնպես առայժմ անարդյունավետ փորձեր են կատարվում: Նկատի ունեմ ավագ դպրոցը: Պատկերացնենք նոր ստեղծված այս կառույցը, որտեղ կան 10-15 նույն տարիքի համար ստեղծված դասարաններ, յուրաքանչյուրը` 25-30 աշակերտներով պետք է փորձեն գաղափարախոսական խնդիրներ լուծել: Տարբեր դպրոցներից հավաքված, դեռեւս խումբ չդարձած այս կառույցներում պայքար է ծավալվել` ո՞վ է առաջնորդը կամ ո՞վ է ավելի կարեւոր: Իսկ այդ պայքարի մեջ պատանիներն իրենց հասակակիցների կողմից ենթարկվում են հոգեբանական տրավմաների: Խնդիրն այսօր այդ ավագ դպրոցներում փորձել են լուծել ոստիկանների միջոցով: Իսկ այդ իրավիճակում` հուսահատված, ընկերների կողմից անտեսված պատանին շատ հեշտությամբ պատրաստ է ներգրավվել այն խմբի մեջ, որտեղ նրան գրկաբաց կընդունեն: Ու ստեղծված իրավիճակում պատանու համար բնավ կարեւոր չէ` այդ շարժումը էմոական է, թե՞ այլ բնույթի: Դրա միջոցով նա գտնում է համախոհների, ովքեր արժեւորում են նրա անձը, հույզերը, կենտրոնանում են նրա դժգոհությունների վրա եւ լուծման պատրանք փոխանցում` սեւ կամ վարդագույն հագուստի, մի աչքը ծածկող սանրվածքի, կամ այլ աքսեսուարների միջոցով: Իսկ արժեւորման ձեւերը կրկին ընդգծում են բացասական եղանակով, ինչպես օրինակ, եթե դու ուզում ես դառնալ մեզնից մեկը, ապա պետք է ինքնասպանության փորձ կատարես, կամ հայտարարես այդ մասին: Այս մասին խոսելը ինչ-որ տեղ վտանգավոր է այն իմաստով, որ կարող է ռեկլամել նրանց գաղափարախոսությունը:
– Ովքե՞ր են պատասխանատուները:
– Այս պարագայում պատասխանատվությունը կարող ենք դիտարկել մի քանի շերտերով. ընտանիքը` կողմնորոշիչ արժեհամակարգով, ինչպես նաեւ` հասարակությունը, դպրոցը եւ լրատվամիջոցները: Դպրոցը պետություն է պետության մեջ, որտեղ փոխանցված են այն նույն «վիրուսները» ինչով տառապում է հասարակությունը` աչքակապություն, կաշառակերություն եւ դրանց ածանցյալ բազում հիվանդություններ: Ի դեպ, մեր երկրի մեծագույն թշնամին կաշառակերության համատարած ժանտախտն է` սոցիալ-հոգեբանական ամենասարսափելի հիվանդությունը: Ափսոս, որ հստակ չէ հայ մարդու զարգացման կամ ձեւավորման գաղափարախոսությունը, հստակ չէ` ո՞ւր է գնում հայ պատանին կամ իր մեջ ի՞նչ է ներառում հայեցի դաստիարակությունը:
– Այսինքն` ընտանիքի եւ հասարակության կողմից անտեսված պատանին պատրաստի նյութ է ցանկացած կործանիչ շարժման համար:
– Անշուշտ, քանի որ այդ տարիքում պատանին դեռեւս ճկուն է եւ առաձգական` չձեւավորված արժեքակողմնորոշիչ համակարգով: Ցավոք, Հայ առաքելական եկեղեցին դեռեւս չի կարողացել թափանցել մեր ընտանիքներ: Մենք հաճախ գնում ենք եկեղեցի` զուտ պարտականությունից ելնելով, երբեմն գուցե հետաքրքրության համար, սակայն հավատը դեռեւս մեր կենցաղավարության մաս չի կազմում, եւ չունի իր անփոխարինելի դերը: Հակառակ դեպքում հավատի պակաս ունեցող պատանիներն իրենց ներաշխարհի էքզիստենցիալ բացը կլցնեին հավատի (կրոնի) միջոցով:
– Փոխարենն՝ ընտանիքի, հասարակության կամ դպրոցի թողած բացերը լրացնում է վիրտուալ իրականությունը, իսկ ավելի ճիշտ` սոցիալական կայքերը, որոնք եւս հեղեղված են կործանիչ շարժումների մասնակիցներով: Այս պարագայում ինչպե՞ս վարվել` երեխային «կտրե՞լ» այդ իրականությունից:
– Վիրտուալ շփման առավելություններից մեկն այն է, որ ցանկացած պահին կարող ես դադարեցնել հաղորդակցությունը, դուրս գալ շփումից: Մյուս կողմից, վիրտուալ դաշտում անձը հանդես է գալիս երեւակայական կամ ցանկալի կերպարով: Սա նշանակում է, որ իրական դաշտում կան որոշակի խոչընդոտներ, որտեղ պատանին շատ հաճախ չունի ինքն իրեն լավագույն ձեւով դրսեւորելու հմտություններ: Դա է պատճառը, որ նա կրկին վազում է դեպի վիրտուալ աշխարհ:
– Պարոն Գասպարյան, Ձեզ բազմաթիվ խնդիրներով են դիմում: Արդյոք եղե՞լ է այնպիսի դեպք, երբ էմոական շարժման մեջ ներգրավված երեխայի ծնողները դիմեն:
– Եղել է էմոական շարժման համակիր մի պատանի: Բարեբախտաբար հնարավոր եղավ կանխել, դժվար չէր, քանի որ այդ պատանին ի սկզբանե շարժման մեջ որոշ բացասական երեւույթներ էր տեսել:
– Ի՞նչ բացասական երեւույթներ:
– Էմոները պարտադրող որոշակի գործողություններ ունեն, ինչպես օրինակ` մանրամասն պլանավորել ինքնասպանությունը, փորձ անելը, իբր դրանով նա պետք է վախեցներ ծնողներին կամ մեծահասակներին:
– Իսկ ինչպե՞ս էր նա դարձել էմոների համակիր:
– Առանց այցելուի համաձայնությունը ստանալու չի կարելի մանրամասներ պատմել հոգեբանին դիմած այցելուի վերաբերյալ: Դա հոգեբանության էթիկայի սահմաններից դուրս կլինի:
– Լավ, որպես հոգեբան` ի՞նչ խորհուրդ կտայիք այն ծնողներին, որոնց երեխաները, այսպես ասած` վտանգավոր գոտում են, եւ այն ուսուցիչներին, որոնք գործ ունեն պատանիների հետ: Ինչպե՞ս վերահսկել պատանուն:
– Վերահսկելը բավական բարդ գործընթաց է: Խնդիրն այն է, որ պատանին այն տարիքում է, որ կողնորոշված է դեպի դուրս: Նա ավելի շատ կարեւորում է արտաքին աշխարհն ու հարաբերությունները, քան իր ընտանիքը: Երբեմն նա պատրաստ է անմնացորդ նվիրվել իր ընկերներին, մինչդեռ ընտանիքի նկատմամբ լցված է լինում թշնամանքով: Ծնողներին եւ ուսուցիչներին առաջարկում եմ կիրառել հետեւյալ բանաձեւը. միակ ճանապարհը, որ նրանք կարող են իրենց երեխաներին պահել իրենց կողքին` նրանց սիրելու ճանապարհն է: Եթե անդադար քննադատեք, ասեք, որ նրանք լավ չեն սովորում, նրանց մեղքի զգացում փոխանցեք, պատերազմ հայտարարեք` մտածելով, որ դա հետ պահելու լավագույն ձեւն է, ապա հակառակ արդյունքը կստացվի: Այդպիսով, կմեծանա այն տարածությունը, որ գոյություն ունի Ձեր եւ Ձեր պատանու միջեւ: Այս տարիքը որոշակի անջրպետ է ենթադրում ծնողի եւ երեխայի միջեւ: Եվ դեստրուկտիվ քննադատության դեպքում հեշտ է կորցնել պատանուն, ում անմիջապես ձեռք կբերեն էմոական կամ այլ շարժումները: Ընդհանրապես խմբին պատկանելը կարեւոր հանգամանք է մարդու հոգեկան առողջության համար: Եվ եթե ընտանիքը պատանուն զրկում է` ընտանիքի նկատմամբ, որպես խմբին պատկանելու զգացումից, որովհետեւ վիրավորում է նրան այս կամ այն պատճառով (ցածր առաջադիմության, ծխելու, եւ այլ պատճառներով), ապա տվյալ դեպքում պատանին առավել հակված է լինում նոր խումբ գտնելուն: Հետեւաբար, ծնողները ժամանակ առ ժամանակ պետք է ընդունեն, որ պատանին կարող է նաեւ ոչ վայելուչ արարքներ, հակասական վարքի ձեւեր իրեն թույլ տալ, եւ դրան պետք է մոտենալ որպես զարգացման բնականոն դրսեւորում, այլ ոչ թե կորցնել հուզական կապը պատանու հետ: Ընտանիքը միշտ պետք է հիշի` պատանու հետ սիրո կամուրջները չի կարելի այրել: