Մեր տեղեկություններով` առաջիկա ընտրություններին ընդառաջ իշխանությունները փորձում են բարձրացնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վարկանիշը: Նախօրեին Տ.Սարգսյանը կառավարության նիստում շատ խիստ քննադատեց Առողջապահության, Կրթության եւ գիտության, Գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարություններին՝ թերացումների եւ կոռուպցիոն երեւույթների համար: Տ.Սարգսյանը համապատասխան նախարարներին կարգադրեց շտկել թերացումները` ընդհուպ մինչեւ որոշ պաշտոնյաներին ազատ արձակելու պայմանով: Որ այդ ոլորտներում կոռուպցիան ու չարաշահումները զանգվածային են, հայտնի է վաղուց ու բոլորին, այդ թվում` Տ. Սարգսյանին: Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ հանկարծ որոշեց նման ձեւով քննադատել սեփական կաբինետի անդամներին, որոնց ղեկավարում է ինքը` ավելի քան 2 տարի: Բանն այն է, որ ՀՀ թիվ 1 սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարբերաբար սոցհարցումներ է անցկացնում իշխանությունների համար եւ պարզել է, որ նման ելույթներից հետո Տ. Սարգսյանի վարկանիշը բարձրանում է: Այնպես որ, առաջիկայում մենք պարբերաբար ականատես կլինենք նման դրսեւորումների: Չէ՞ որ ՀՀԿ վերնախավում քննարկում են 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորողի հարցը: Տ.Սարգսյանը 1-ին հորիզոնականի հիմնական հավակնորդներից է: