Ոչ անդամ է, ոչ էլ համակիր

06/11/2010

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը երեկ հերքեց, թե ինքն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ավելին, նա մեզ ասաց, որ ատում է այն մարդկանց, ովքեր «մի կուսակցության գրկից թռնում են մյուս կուսակցության գիրկը` որեւէ ակնկալիք ունենալով»: Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակել էինք հոկտեմբերի 30-ին ԲՀԿ-ական դարձած մշակույթի մի շարք անդամների անունները (Ժիրայր Ալթունյան, Արմինե Միրզոյան, Տիգրան Տիգրանյան, Հակոբ Սիմոնյան, Արթուր Մխիթարյան, Հրաչիկ Նազարյան, Գրիգոր Կուզիկյան եւ այլք), որտեղ նշված էր նաեւ Գ. Կարապետյանի անունը: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում Գ. Կարապետյանն ասաց, որ, ճիշտ է, ինքը ներկա է եղել Երեւանի գինու եւ կոնյակի գործարանում կազմակերպված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցառմանը, սակայն ինքը կուսակցական չէ: Ըստ Գ. Կարապետյանի` իրեն այդ հանդիպմանը հրավիրել է Գեղամ Մելիքսեթյան անունով մեկը, որին ինքը ծանոթ չի եղել: «Ինձ մոտ եկել են ուղղորդված` Մշակույթի նախարարի խորհրդականի անունից: Գեղամ Մելիքսեթյան անունով մեկն է եկել: Մեր թատրոնը նոր է, եւ մեր տեղը քչերը գիտեն: Նա ասաց, որ նախարարի խորհրդականն է տվել իմ հեռախոսահամարը: Ես փորձեցի զանգահարել նախարարին, նախարարը տեղում չէր: Պարզեցի, որ խորհրդականն էլ չէր տվել իմ հեռախոսահամարը: Ավելի ուշ պարզեցի, որ նա ինտերնետից է վերցրել իմ տվյալները (քանի որ թատրոնի տարածքում դեռեւս քաղաքային հեռախոս չկա, այնտեղ իմ բջջայինն են գրանցել): Ներկայացավ ու ասաց, որ պարոն Ծառուկյանն ուզում է գալ մշակութային դաշտ, ինչպես միշտ հովանավորել է, հիմա էլ ուզում է մշակույթի աշխատողների հետ հանդիպում ունենալ ու ձեր ցավը, խնդիրները իմանալ, եւ որ տրված գումարը արդյունավետ լինի: Ասաց` բազմիցս գումար է տրվել անարդյունք, ու հիմա նա ուզում է անձամբ ճանաչել մշակույթի գործիչներին: Ես զանգահարեցի նախարարություն, նախարարն այնտեղ չէր, որ ես որեւիցե ձեւով ճշտեի` այդ հանդիպումն իրենց կողմից ուղղորդվա՞ծ է, թե՞ ոչ: Այնտեղից ինչ-որ մեկը պատասխանեց ու ասաց. «Եթե մարդն ուզում է հովանավորել, խնդիր չկա` գնացեք, թող հովանավորեն»: Ամենայն անկեղծությամբ եմ ասում` ես ոչ մեկին չեմ ճանաչել»,- մեզ հետ զրույցում ասաց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենը: Նաեւ հավելեց. «Գնացել եմ հանդիպման, եւ ինձ չեն ասել` կուսակցական ժողով է: Եթե այդպիսի բան ասվեր, հաջորդ քայլս այն կլիներ, որ դռան մոտից դուրս կգայի: Ինքս, իմ ընտանիքը ՀՀՇ-ի զոհ ենք: Դա հին պատմություն է: Ես երդվել եմ իմ երեխաների անունով՝ երբեւէ որեւէ կուսակցություն չմտնել, չհարել եւ ընդհանրապես` անդամ չդառնալ: Ես մշակույթի մարդ եմ, իմ կուսակցությունն իմ թատրոնն է, ով հովանավորում է, ես նրա ծառան եմ, այդտեղ որեւէ խնդիր չկա: Ի՞նչ է` բոլոր ծանրամարտիկները կուսակցակա՞ն են, որոնց Գ. Ծառուկյանը հովանավորում է: Ես դա նկատի ունենալով, այդ հանդիպման ժամանակ ասել եմ` պարոն Ծառուկյան, իսկապես ձեր ձեռագիրն ակներեւ է, եւ հավատալի է, որ ձեր խոսքը գործ է, եւ հավատում ենք, որ ձեր թեթեւ ձեռքով նաեւ մշակույթը կարող է ավելի լավ ապագա ունենալ: Սա է եղել մեր այնտեղ գնալու նպատակը: Եվ պարոն Ծառուկյանն ինքն էլ ասաց, որ կարեւոր չէ կուսակցական լինելը, կարեւորն այն է, որ ամեն մարդ լինի իր տեղում, իր գործին, այնպես չլինի, որ անկապ մարզիչը մարզիկի առջեւ դնում է 250 կիլոգրամ, այն դեպքում, երբ նա ի վիճակի չէ 100 կիլոգրամից ավելի բարձրացնելու: Պարոն Ծառուկյանն օրինակներ է բերել, մենք էլ գոհ ու շնորհակալ հեռացել ենք»: Ի դեպ, Գ. Կարապետյանի հետ զրույցից պարզ դարձավ նաեւ, թե ինչու է նրա անունը կապվել ԲՀԿ-ի հետ: «Մինչեւ Գագիկ Ծառուկյանի խոսքը, Գեղամ Մելիքսեթյանը ներկայացրեց կուսակցության անդամներին, իմ ազգանունն էլ սխալ ասաց, ես ուղղեցի, հետո պարզվեց, որ մեր խմբի եկածներից մարդիկ կային, ովքեր 6 ամիս առաջ դարձել են կուսակցականներ: Իրենց գործն է: Ես կուսակցական չեմ եղել, չեմ լինի եւ չեմ էլ լինելու: Ես գնացել եմ այդ մարդու ձեռագրի համար: Ինչի՞ համար է այս ամբողջ խոսակցությունը»,- ասաց նա: