Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Առաջին լրատվական» կայքի հետ զրույցում` անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրված հռչակագրին, ասել է. «Ես դրական եմ գնահատում ստորագրված եռակողմ հռչակագրի փաստը: Աստրախանի հռչակագիրն արձանագրում է, որ հակամարտությունը պետք է ոչ միայն կարգավորվի խաղաղ ճանապարհով, այլ նաեւ ռազմագերիների եւ զոհերի փոխանակման կարեւոր դրույթ է պարունակում: Իսկապես արձանագրվածը շատ փոքր, բայց կարեւոր առաջընթաց էր»: Հանդիպումից հետո ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը հայտարարել էր, թե մինչ դեկտեմբերին Աստանայում կայանալիք գագաթաժողովը կողմերը կարող են համաձայնության հասնել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարն էլ նախօրեին հայտարարել էր, թե հնարավոր է՝ կողմերը կարողանան «Ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության գալ: «Դժվար է ասել, որ կողմերը Աստանայում կարող են այդպիսի քայլի գնալ` հասնել համաձայնության «Ճանապարհային քարտեզի» կամ հիմնարար սկզբունքների շուրջ: Եթե դա տեղի ունենա, դա շատ կարեւոր հանգրվան կհանդիսանա կարգավորման գործընթացում կողմերի համար` խթանելով, որպեսզի կողմերը երկուստեք առաջ ընթանան կարգավորման ուղղությամբ այն սկզբունքների շուրջ, որոնք քննարկվում են 2005-ից: Դրանք շատ կարեւոր են երկու կողմերի համար էլ, եւ պետք է ասել, որ Աստանան, 1999-ից ի վեր, շատ կարեւոր առիթ է այդպիսի համաձայնության հասնելու ուղղությամբ: Բայց պետք է ասել, որ ես մի փոքր անհանգստացած եմ, որովհետեւ այդ սկզբունքների շուրջ ես չեմ տեսել հասարակական երկխոսություն, ուստի թույլ եմ տալիս ինձ հոռետես գտնվելու, որ կողմերը կարող են Աստանայում որոշակի համաձայնության հասնել»,- նկատել է Ս. Ֆրեյզերը: Դիտարկմանը, թե հոկտեմբերին ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներում փաստահավաք առաքելության դիտարկումը, որին մասնակցում էին նաեւ փորձագետներ ՄԱԿ-ից, արդյո՞ք չի վկայում, որ հիմնահարցի լուծումը լուրջ փուլում է գտնվում, փորձագետը պատասխանել է. «Փաստահավաք խմբի առաքելությունը շատ կարեւոր էր` այն առումով, որ միջազգային կազմակերպությունները եւ հատկապես ՄԱԿ-ի ներկայացուցիչները կարողանան հասկանալ իրավիճակը տեղում` Լեռնային Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում: Սա կարեւոր է` անկախ ամեն ինչից, որպեսզի այդ կազմակերպությունները պատկերացում ունենան խաղաղության հաստատումից հետո զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձի եւ անվտանգության երաշխիքներ հաստատելու նպատակով: Եթե խաղաղությունը խարխլվի, այդ դեպքում միջազգային հանրության համար ավելի հեշտ կլինի միջոցներ ձեռք առնել: Մյուս կողմից` պատերազմի հռետորաբանությունն է առավել սաստկանում, եւ խնդիրը ուժով լուծելու կողմնակիցների թիվն ավելի է մեծանում: Եվ այս առումով էլ կարեւոր է, որպեսզի միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ը անմիջապես տեղում տեղեկանան խնդրի ողջ էությանը` արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու համար: Տարիներ ի վեր շատ սահմանափակ թվով կազմակերպություններ են եղել Ղարաբաղի շրջակա տարածքներում, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի նրանք բավարար պատկերացում չունենան խնդրի կարգավորման առնչությամբ»:
Հարցին, թե՝ Դուք հավատո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող է կառուցողական դեր խաղալ ԼՂ կարգավորման գործընթացում, նա պատասխանել է. «Ես հավատում եմ, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ կարգավորման գործընթացում, հատկապես նախագահ Մեդվեդեւը արդեն որերորդ անգամ հանդիպում է կազմակերպում նախագահների միջեւ: Ռուսաստանը, իհարկե, դոմինանտ դերակատարություն ունի կարգավորման գործընթացում, Ռուսաստանն ունի խորը կապեր եւ ազդեցություն Հայաստանում եւ Ադրբեջանում, ես հավատում եմ, որ նախագահ Մեդվեդեւը անձնական շահագրգռվածություն ունի այս հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, որովհետեւ ինքը աշխարհի բոլոր առաջնորդներից ամենաշատն է տեղեկացված այս հակամարտությունից, ուստի այդ ուղղությամբ բավարար ջանքեր է գործադրում: Ռուսաստանի համար դա կարեւոր է, որովհետեւ Ռուս-վրացական պատերազմից հետո ՌԴ-ն իր վստահությունը կորցրել է, Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնագրի դրույթներն ամբողջությամբ չկատարվեցին: Ուստի Ռուսաստանը, որը կորցրել է վստահությունը Վրաստանի հարցում, կարող է վերականգնել այդ վստահությունը ղարաբաղյան խնդրում: Սա եւս լրացուցիչ պատճառ է, թե ինչու Ռուսաստանը պետք է կարեւորի իր դերակատարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»: Հարցին էլ, թե` եթե իշխանությունները իրենց հասարակություններին չեն նախապատրաստում կարգավորման, ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը կարո՞ղ է ԼՂ խնդրի դեպքում եւս կիրառել այն, ինչ գործադրվեց Բալկաններում` Դեյտոնյան տարբերակով խաղաղություն պարտադրելով կողմերին, Ս. Ֆրեյզերը պատասխանել է. «Եթե դիտարկենք Բոսնիայի մոդելը, պետք է արձանագրել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Բոսնիա-Հերցեգովինան ամբողջապես խաղաղություն հաստատեցին, եւ այս առումով, ինչու չէ, կարող ենք ասել, որ Դեյտոնը լավ տարբերակ է ԼՂ հակամարտության կարգավորման համար: Սակայն Դեյտոնի պարագայում տեղի ունեցան ռմբակոծումներ, որոնք ՆԱՏՕ-ի` շուրջ 3000 զինվորների կողմից ռմբակոծումների հետեւանքն էին: ԼՂ խնդրի դեպքում միջազգային հանրության մոտ քաղաքական եւ ռազմական այդպիսի ներգրավվածություն ունենալու ցանկություն չկա, որը կստիպեր Հայաստանին եւ Ադրբեջանին գնալու նման համաձայնագրի: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան հասնել այդպիսի համաձայնության, միջազգային հանրությունը կհետեւի նրանց` ամրացնելով նրանց կայացրած համաձայնությունը: Ուստի, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը եվրոպական եւ ամերիկյան զինվորական ներկայության շուրջ համաձայնության չեն եկել, միջազգային հանրությունն էլ չի կարող ոչինչ պարտադրել: Բայց եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն ուժի կիրառմամբ կարգավորման հասնել, կասկած չունեմ, որ միջազգային հանրությունը համարժեք քայլերով կողմերին խաղաղություն կպարտադրի»: