Մեր թերթի նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել ենք երգիչ Մասիս Պետրոսյանի (Ավեդիս) եւ նրա սիրուհու «արկածախնդրությունից» տուժած քաղաքացիների բողոքներին:
Հիշեցնենք՝ Մ. Պետրոսյանն ամենուր հայտարարել է, թե ինքը լինելով երգիչ, մասնավորապես` համագործակցելով երգչուհի Նանայի հետ, մեծ հեղինակություն է վայելում, բոլորին նվիրել է իր «CD»-ն` այդպիսով մարդկանց մոտ կասկած անգամ չառաջացնելով, որ խարդախության ճանապարհով տիրանալու է նրանց ունեցվածքին: Այնուհետեւ իրենց ավտոմեքենաները վաճառքի դրած քաղաքացիների հետ նոտարական ձեւակերպում իրականացնելուց հետո, առանց գումարը վճարելու՝ գաղտնի կերպով գույքը գրավատուն դնելով՝ «փախել» է: Մենք արդեն ներկայացրել ենք Մ. Պետրոսյանի եւ նրա սիրուհու` Աննա Թադեւոսյանի կողմից խարդախության ճանապարհով ուրիշի գույքին տիրանալու երկու դեպքի մասին փաստեր: Խոսքը մասնավորապես 2010թ. մայիս ամսին Էդգար Մանասերյանի 4 մլն 200.000 դրամ արժողությամբ «Մազդա 6» եւ Շուշաննա Մանուկյանի 5 մլն դրամ արժողությամբ «Մերսեդես ML» մակնիշների ավտոմեքենաների հափշտակության մասին է: Տուժողների իրավահաջորդ Արմեն Հայրապետյանը հետագայում պարզել էր, որ հափշտակված գույքը գտնվում է «Վեմ եւ Վիգ» գրավատանը, որը պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանին: Այս ընթացքում պարզվել է, որ բացի վերոնշյալ երկու դեպքերից՝ այս հանցավոր խմբից տուժած շատ քաղաքացիներ կան, ընդ որում, որպես կանոն, հափշտակված գույքը գրավ է դրվել նույն գրավատանը: «Ես արդեն հիմքեր ունեմ պնդելու, որ գրավատունը համագործակցել է այդ երկու հանցագործների հետ: Դրա վկայությունն է նաեւ նախաքննական մարմնի այն գործողությունը, որ ոչ մի դեպքում չի ցանկացել անդրադառնալ գրավատան անօրինական գործողություններին»,- վստահեցնում է Ա. Հայրապետյանը, ով ներկայումս զբաղվում է նրանց թակարդն ընկած մեկ այլ քաղաքացու դատական գործով (մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա համարներից մեկում): Նշենք նաեւ, որ Էրեբունու ոստիկանությունում կրկին ահազանգեր են եղել Մ. Պետրոսյանի, Ա. Թադեւոսյանի կողմից խաբեությամբ «Յագուար» եւ եւս մեկ «Մազդա» մակնիշների ավտոմեքենաներին տիրանալու մասին, եւ ներկայումս այս դեպքերով նախաքննություն է կատարվում: Մասիսի ոստիկանությունում էլ նրանց կողմից հափշտակված «notebook» համակարգիչների մասին դիմումներ կան, որի կապակցությամբ նույնպես գործ է հարուցվել: Արդեն տեւական ժամանակ է` մենք ներկայացնում ենք տուժած քաղաքացիների փաստերը, ինչը, թվում էր, թե պետք է խիստ անհանգստացներ մեր իրավապահ մարմիններին: Այս հանցավոր խմբի թակարդը բազմաթիվ քաղաքացիներ են ընկել, նույնիսկ` ոսկու բիզնեսով զբաղվող վաճառականները:
Անօգնական քննիչ Արամյանը
Անդրադառնանք իրավապահ մարմիններին, որոնց հանդեպ ունեցած մեր քաղաքացիների անվստահությունը կարելի է արդարացնել թեկուզ այս մեկ օրինակով: Տուժողներ Շուշաննա Մանուկյանի եւ Էդիկ Մանասերյանի բողոքի հիման վրա Արաբկիրի քննչական բաժնում քննություն է կատարվել: Ընդ որում, ավտոմեքենաները կորցրած քաղաքացիները տեւական ժամանակ դիմել էին Երեւանի տարբեր վարչական շրջանների ոստիկանական բաժանմունքներ, սակայն նրանց դիմումներին արձագանքող չէր եղել: Նրանց իրավաբան Ա. Հայրապետյանն անձամբ հետաքննություն էր կատարել, հանցագործություն կատարելու մասին բազմաթիվ փաստեր էր ձեռք բերել եւ դիմել էր Արաբկիրի Քննչական բաժին: Այլ կերպ ասած` հանցագործության փաստերը «ծամել-դրել էր քննիչի բերանը»: Ամիսներ տեւած նախաքննության արդյունքում՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա. Արամյանը ընդամենը մեկ էջանոց տեսքստով Մ. Պետրոսյանին եւ Ա. Թադեւոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել: Ամենաուշագրավն այն է, որ լինելով նախաքննական մարմին՝ Ա. Արամյանը ոչինչ չի արել, քանի որ իր որոշման համար հիմք է վերցրել այն, ինչ գրվել է մամուլում, եւ այն, ինչ ներկայացրել է իրավաբան Ա. Հայրապետյանը: Համոզվելու համար պետք է կարդալ «նախաքննությունից» զուրկ նրա ստորագրությամբ տուժողներին տրամադրված թերթիկը: Նշենք նաեւ, որ մեր հրապարակումից հետո քննիչ Ա. Արամյանը զանգահարել էր խմբագրություն եւ «համոզում» էր տեղեկատվություն տալ այն տուժած քաղաքացիների մասին, ովքեր ելնելով իրենց անվտանգությունից՝ խնդրել էին չնշել իրենց անունները: Խոսքը մասնավորապես ոսկու առուվաճառքով զբաղվող մարդկանց մասին է, որոնք ընկել էին Մ. Պետրոսյանի եւ Ա. Թադեւոսյանի ծուղակը եւ մեծ գումարներ էին կորցրել: Ա. Արամյանին մենք խորհուրդ տվեցինք օգտագործել իր լծակները եւ փորձել ոսկու շուկայում անձամբ օպերատիվ քննություն կատարել` բացատրելով, որ ԶԼՄ-ների առաքելությունը տեղեկատվություն հաղորդելն է, իսկ իրենցը` դրանց հետքերով գնալը եւ նախաքննություն կատարելը: Քանի որ մեր նախաքննական մարմնի ներկայացուցիչները սիրում են «նստած տեղը» «գործ սարքել»` քննիչ Արամյանն, այնուամենայնիվ, սկսեց մեզ անհանգստացնել` հրավիրելով Արաբկիրի ոստիկանություն: Ոստիկանություն հրավիրելու ծանուցագիր ուղարկեց` չներկայանալու դեպքում բերման ենթարկելու սպառնալիքով: Ընդ որում` ծանուցագիրը ստացանք առավոտյան ժամը 11-ին` պահանջով, որ մեկ ժամ հետո, ժամը՝ 12-ին, պետք է ներկայանանք Ոստիկանություն: Այնուհետեւ «ԶԼՄ-ների մասին» օրենքի համապատասխան դրույթները մանրամասն հեռախոսով թելադրելուց հետո քննիչ Արամյանը հավանաբար հասկացավ, որ այն ինֆորմացիան, որը նա ուզում է պատրաստի ստանալ լրագրողից` պետք է ձեռք բերի իր աշխատանքի միջոցով: Ինչեւէ, Մ. Պետրոսյանին եւ Ա. Թադեւոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը քննիչ Արամյանն այսպես է բացատրել. «Աննա Թադեւոսյանը եւ Մասիս Ավեդիսը գալով նախնական համաձայնության, խարդախություն կատարելու դիտավորությամբ 2010թ. ապրիլի 26-ին շինծու առուվաճառքի եւ փոխառության պայմանագրերը որպես վստահությունը չարաշահելու եղանակ օգտագործելու պատրվակով, Էդգար Մանասերյանից հափշտակել են վերջինիս պատկանող «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենան` նրան պատճառելով խոշոր չափի 4 մլն 200.000 դրամի գույքային վնաս: Բացի այդ, կրկին անգամ նախնական համաձայնությամբ, խարդախություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. մայիսի 3-ին շինծու առուվաճառքի եւ փոխառության պայմանագրերը որպես վստահությունը չարաշահելու եղանակ օգտագործելու պատրվակով, Շ. Մանուկյանից հափշտակել է վերջինիս պատկանող «Մերսեդես ԵՄ-Էլ 320» մակնիշի ավտոմեքենան` նրան պատճառելով 5 մլն դրամի գույքային վնաս: Մասիս Ավեդիսը եւ Ա. Թադեւոսյանը կատարել են հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով»: Այս որոշման մեջ բացակայում են նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված նյութերը, քանի որ ընդամենը շարադրվել են ահազանգը հնչեցնող երկու քաղաքացիների բողոքները: Քննիչն արձանագրել է, որ հանցագործություն է կատարվել, խարդախությամբ տիրացել են այս երկու քաղաքացիների ավտոմեքենաներին, մինչդեռ գրավատանը գտնվող մեքենաներին անդրադառնալ նա չի ցանկացել: Իսկ թե ինչո՞ւ նախաքննություն կատարած քննիչն իր որոշման մեջ չի արձանագրել, որ գրավատունը եւս հանցակից է, քանի որ ապօրինի ճանապարհով է այդ գույքը որպես գրավ վերցրել, ինչո՞ւ են գողացված մեքենաները կեղծ փաստաթղթերով որպես կանոն ձեւակերպվել «Վեմ եւ Վիգ» գրավատանը, ինչո՞ւ քննիչը մեղադրանք չի առաջադրել նաեւ գրավատան ապօրինի գործունեություն ծավալելու համար` հայտնի չէ: Նշենք, որ գրավատունն իրավունք ուներ միայն վերցնել սեփականատերերի կողմից գրավ դրվող մեքենաները, մինչդեռ փաստաթղթերով այդ մեքենաները եղել են Է. Մանասերյանի եւ Շ. Մանուկյանի սեփականությունը: «Որովհետեւ գրավատունը պատկանում է ԴԱՀԿ-ի պետին, եւ կարելի է աչք փակել պետությունը, արդարադատությունը ներկայացնող մարդուն պատկանող մասնավոր բիզնեսի անօրինական գործողություններին: Այսինքն` քննիչը գործը հարուցում է, բայց շրջանցում է այն կարեւոր հանգամանքը, թե հիմա որտե՞ղ են այդ մեքենաները, ինչո՞ւ են հայտնվել այդ գրավատանը` էն էլ անօրինական ճանապարհով»,- ասում է Ա. Հայրապետյանը, ով դեռեւս օգոստոս ամսին հայտնաբերել էր, որ գրավատունն այդ մեքենաները աճուրդի է դրել, եւ դիմել էր Արաբկիրի դատախազին` դրանց վրա արգելանք դնելու համար: «Քննչական բաժինը ի դեմս քննիչ Արամյանի՝ չի փորձել մեքենաների ճակատագրով հետաքրքրվել: Մեղադրական որոշման մեջ նկարագրված չէ ողջ գործընթացի էությունը, որովհետեւ արձանագրվել է այն, ինչ տպագրվել է մամուլում, եւ ինչ փաստ ես եմ ներկայացրել: Բացառությամբ գրավատան, որի մասին ակնարկ էլ չկա»: Ա. Հայրապետյանը ստիպված եւս մի դիմում-բողոք է ներկայացրել Արաբկիրի դատախազին, որտեղ նա պնդում է «Վեմ եւ Վիգ» գրավատան ապօրինի գործունեության փաստերի մասին: «Եթե մեղադրանքի մեջ ապացուցվում է ուրիշի գույքը հափշտակելու գործողությունն, ապա մեղադրանքի մեջ ինչո՞ւ է բացակայում գրավատան հանցակից լինելու մասին փաստը: Այսինքն` բացի իմ բողոքներից, քննիչը քաջատեղյակ է եղել, որ ավտոմեքենաները գրավատանն են, որովհետեւ իրեն հանձնարարվել էր արգելանք դնել դրանց վրա: Ինչո՞ւ այդ գրավատան գործունեության մասին նախաքննությունը չի անդրադարձել: Համոզված եմ, որ եղել է միջամտություն: Այսինքն` մեխը դրել են Աննայի եւ Մասիսի վրա, բայց գրավատունը մասնակից է եղել: Ընդ որում` միայն այս երկու ավտոմեքենաները չեն, ջիփեր էլ կան, որոնք հենց այդ գրավատանն են հայտնվել»,- ասում է իրավաբանը, համարելով որ, այնուամենայնիվ, հիմքեր կան ենթադրելու, որ գրավատունն ակտիվ համագործակցել է Մ. Պետրոսյանի եւ Ա. Թադեւոսյանի հետ: Ա. Հայրապետյանը քննիչին նաեւ հորդորել է ոսկու շուկայից խարդախության ճանապարհով տուժած քաղաքացիների մասին նյութեր հավաքել` օգտագործելով Քրեական հետախուզության օպերատիվ տվյալները։ «Մինչ օրս ոչ մի ինֆորմացիա չկա: Սպասում են, որ պատրաստի ինֆորմացիան ծամես-դնես իրենց բերանը: Թե հետագայում այս հանցագործ խմբի գործողություններն ի՞նչ ընթացք են ստացել, ի՞նչ հանցակից կա` չկա շարունակություն, քննիչը ոչինչ ինքնուրույն չի արել: Աննայի եւ Մասիսի գործողությունները սահմանափակվում են հափշտակությամբ, բայց հափշտակությունն ինչո՞վ է զուգորդված եղել, ո՞ւր են այդ ավտոմեքենաները: Եթե գործից անտեղյակ լինեի` կմտածեի` ենթադրենք՝ տարել մաս-մաս վաճառել են: Ասում եմ` գրավատան գործունեության մասով ամեն ինչ փակված է: Բայց եթե իրենց մի գործ պետք լինի` էնպիսի օպերատիվությամբ նյութերը կհավաքեն, մարդու գլխին կսարքենգ»,- ասում է Ա. Հայրապետյանը` տեղեկացնելով, որ Ա. Թադեւոսյանի եւ Մ. Պետրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նշենք նաեւ, որ հավաստի տեղեկություններով` Ա. Թադեւոսյանը գտնվում է Դամասկոսում, իսկ Մ. Պետրոսյանը` Իրաքում: Ընդ որում` Հայաստանը Սիրիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, եւ Ա. Թադեւոսյանին բերման ենթարկելու լծակները սահմանափակ չեն: Ա. Հայրապետյանի փոխանցմամբ` քննիչ Արամյանն իրեն ասել է, թե Ոստիկանությունում տվյալներ կան, որ Ա. Թադեւոսյանն ինչ-որ մեկին լիազորել է Հայաստանում եկեղեցու ծխական մատյանից իր ամուսնության վկայականը վերցնել եւ իրեն փոխանցել: Այսինքն` Ոստիկանությունում լավ էլ գիտեն նրա գտնվելու վայրը, ուղղակի հետախուզում են հայտարարում: