Օրակարգից հանվել է

06/11/2010

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նոյեմբերյան նստաշրջանի օրակարգից հանվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակութության ղեկավար Կարեն Ավագյանը: Ըստ նրա` բանաձեւի նախագծի ներկայացումից հետո ՆԱՏՕ-ի ԽՎ-ին հայկական եւ ադրբեջանական կողմերը բանաձեւի առնչությամբ մի շարք նամակներ եւ առաջարկություններ են ներկայացրել: Բացի այդ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ադրբեջանական կողմը նամակ էր ուղարկել` հայտնելով, որ իրենք չեն կարողանալու մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին. «Այս ամենի հանրագումարում բանաձեւի նախագծի քննարկումը դուրս հանվեց Վեհաժողովի օրակարգից: Բայց թե նախագծի քննարկումը որքան ժամանակով է հետաձգվել եւ երբ նորից կհայտնվի Վեհաժողովի օրակարգում, այս պահին հայտնի չէ: Բայց ուզում եմ նշել, որ անգամ բանաձեւի նախագծի քննարկումը խնդիր չէր ներկայացնում, որովհետեւ նախագծի առնչությամբ հայկական կողմը համապատասխան առաջարկություններ էր ներկայացրել, բացի այդ, միշտ պատրաստ է բոլոր ատյաններում ներկայացնել իր դիրքորոշումները»: Հիշեցնենք, որ հիշյալ բանաձեւի նախագիծը ՆԱՏՕ-ի ԽՎ էր ներկայացվել ադրբեջանական կողմի առաջարկությամբ: ՀՀ ԱԺ նախագահը ՆԱՏՕ-ի ԽՎ-ին էր դիմել` նշելով նախագծի քննարկման անընդունելիությունը: