Բուժիչ նամակներ

06/11/2010 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Երիտասարդության էլիքսիրը` ծոթրին

Մոսկովյան բիոքիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են այն բույսը, որը երիտասարդ մնալու կենսահյութ է հանդիսանում: Այդ բույսը բոլորիս հայտնի ծոթրինն է (ծոթոր, ծիտրոն, կորթին, չաբեր): Հնագույն ժամանակներից այս բույսն օգտագործվել է որպես դեղաբույս: Ծոթրինը հրաշալի համեմունք է մսային, ձկնային կերակուրների համար եւ լայն տարածում ունի նաեւ Հայաստանում: Նույնիսկ թեյ է պատրաստվում այս բույսով: Ծոթրինի եթերայուղերը չեզոքացնում են ազատ ռադիկալների մահացու ներազդեցությունը: Գիտնականները համոզված են, որ ամենօրյա սննդակարգի մեջ այն ընդգրկելով` այդպիսով կդադարեցվի օրգանիզմի ժամանակից շուտ ծերանալու պրոցեսը:

Գազար

Հյութերով բուժումը մեծ կիրառություն ունի մանկաբուժության մեջ, ճիշտ չափաքանակը, սակայն, պետք է որոշի բժիշկը: Խնձորը, գազարը եւ մաղադանոսը (10։10։1) միասին ամրապնդում են օրգանիզմը: Սակավարյունության դեպքում օգտակար են դդումից, գազարից, ծիրանից (1։3։1), կամ գազարից, սպանախից, բողկից, հազարից, մաղադանոսից (10։1։1։1։1), ինչպես նաեւ` նուռից, գազարից, բազուկից (1։1։1) պատրաստված խառը թարմ հյութերը։ Ոսկորները ամրացնելու համար խմեք գազարից, խնձորից, կաղամբից, մաղադանոսից (10։5։5։1) պատրաստված թարմ հյութը։ Այս հյութերը շատ օգտակար են երեխաների համար:

Փոքրիկներին շատ օգտակար է դդմիկը (կալիում, երկաթ, C,PP եւ B խմբի վիտամիններ), որն ունի հանգստացնող, հակաալերգիկ հատկություն.

Խառնել գազարի, դդմիկի եւ խնձորի հյութերը։ Պետք է հիշել, որ հյութերն անհրաժեշտ է խմել անմիջապես դրանց պատրաստելուց հետո, քանի որ դրանք կկորցնեն իրենց օգտակար հատկությունները։ Խառնեք միմյանց եւ խմեք`

– Գազար, բազուկ, վարունգ (10։3։3),
– Գազար, սպանախ (10։6),
– Գազար, քարավուզ, մաղադանոս (9։5։2),
– Գազար, քարավուզ, բազուկ (8։5։3)
– Գազար, մաղադանոս (10։2)։

Մաղադանոսը պարունակում է մինչեւ 22% ճարպեր, մեծ քանակությամբ եթերային յուղ (սերմերը՝ մոտ 7%), օգտագործում են նաեւ տերեւները եւ արմատները։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել կիրառել արմատների կեղեւը։ Երբեք չի կարելի խմել 50 գրամից ավելի։ Այս հյութը լայն կիրառում ունի աչքերի հիվանդությունների բուժման համար։

Քարավուզը (նեխուր) ունի ցավազրկող, հականեխիչ, հակաալերգիկ, վերքամոքիչ, միզամուղ, վնասակար գոյացությունները լուծելու եւ օրգանիզմից հեռացնելու հատկություն։ Օգտակար է լյարդի համար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղեր։ Առանձին խմում են 1-2 թեյի գդալ` օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

Բազուկն օգտակար է լյարդին։ Պահպանում է այն ճարպակալումից։ Վերականգնում է արյան բջիջները, արյունաստեղծ է, միզամուղ լավ միջոց է։ Միայն թե հյութը խմելուց առաջ անհրաժեշտ է 2 ժամ սառեցնել սառնարանի մեջ։

Ոսկորների ամրության եւ ատամների առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում հետեւյալ կոկտեյլը.

գ գազարը, խատուտիկը (տերեւները կամ արմատները), սպիտակ բողկի տերեւները (11։3։2) միմյանց խառնել եւ հյութ պատրաստել։ Հետաքրքիր է, որ նույն կոկտեյլը (10։1,5։1 համադրությամբ) օգնում է հաճախակի կրկնվող ձայնի կորստի դեպքում (աֆոնիա), սակայն այս դեպքում օգտագործվում է բողկի արմատապտուղը։ Այս կոկտեյլը նաեւ օգտակար է միզապարկի եւ երիկամային հիվանդությունների, նյարդային խանգարումների, մաշկաբորբի դեպքում, լավացնում է տեսողությունը։

Դեղատոմսեր

– Հազի դեպքում ընդունեք թարմ գազարահյութը` կաթի հետ խառնած (1։1): Օրը մի քանի անգամ կեսական բաժակով խմեք:

– Կրծքահեղձուկի դեպքում (ստենոկարդիա) 10-15 գրամ գազարի սերմերի վրա լցնել 300 մլ եռջուր, տաքացնել 15 րոպե (ջրային բաղնիք), քամել։ Ընդունել օրվա մեջ 2-3 ճաշի գդալ։ Պահպանել հով տեղում։

– Լնդերի բորբոքման դեպքում թարմ գազարահյութով ողողել բերանի խոռոչը։

– Բերանաբորբի (ստոմատիտ) դեպքում պատրաստել հյութերի խառնուրդ (1։1) գազարից եւ կիտրոնից։ Կատարել ողողումներ։

– Կոկորդաբորբի (լարինգիտ) դեպքում.

1-ին տարբերակ։ 0,5լ կաթի մեջ եփել 100 գրամ քերիչով անցկացրած գազարը։ Քամել։ Խմել փոքր կումերով։

2-րդ տարբերակ: Գազարահյութը խառնել (1։1) մեղրի հետ, ընդունել օրվա մեջ 4-5 անգամ։

– Հարբուխի դեպքում խառնել երեքական մաս թարմ պատրաստած գազարահյութը արեւածաղկի յուղին, ավելացնել 1 մաս սխտորի հյութ։ կաթեցնել երեքական կաթիլ յուրաքանչյուր քթանցքի մեջ, օրը 3 անգամ։ Սխտորահյութը կարելի է փոխարինել սոխի հյութով։

– Ցնցուղատապի (բրոնխիտ) դեպքում խառնել գազարահյութը, տաք կաթն ու մեղրը (5։5։1), թրմել 4 ժամ։ Խմել կեսական բաժակ, օրվա ընթացքում 4-6 անգամ։

– Փորկապության դեպքում ընդունել գազարի մանրացրած սերմերը` մեկական գրամից, օրվա ընթացքում։

– Շաքարային դիաբետի դեպքում գազարից հյութ քամել, իսկ քուսպը իրար կպցնելով՝ կոնֆետի տեսք տալ։ Քաղցրի պահանջը կլրացնեն այդ «կոնֆետները»։

– Էկզեմայի դեպքում 200 մլ գազարահյութը խառնել 100մլ կանաչ պղպեղի հյութի հետ։ Այս խառնուրդը շատ լավ վերականգնում է վերնամաշկը։

Խորհուրդ. Էկզեմայի դեպքում առաջին հերթին կարեւոր է չնյարդայնանալը, չհուզվելը։ Քիմիական նյութերի հետ շփվելուց ձեռքերին ձեռնոցներ կրել։

Հիպերտոնիայի դեպքում` 1. խառնել մեկական բաժակ գազարը, բազուկը, կեսական բաժակ լոռամրգի հյութը եւ օղին (օղին կարելի է փոխարինել մեղրով՝ 1 բաժակ)։ Խմել մեկական ճաշի գդալ օրը 3 անգամ։

2-րդ տարբերակ. 100-ական գրամ գազարի, ծովաբողկի, բազուկի հյութերի մեջ ավելացնել կես բաժակ մեղր, կես կիտրոնի հյութ։ Ընդունել մեկական ճաշի գդալ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ։