Վրացի պաշտոնյայի On-Line հարցազրույցը

21/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

On-Line հարցազրույցին մասնակցում էին Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողները, ովքեր ինտերնետի միջոցով հարցեր էին ուղղում վրացի պաշտոնյային: Վերջինս ոչ միայն ուշացավ հարցազրույցից, այլեւ շատ կցկտուր պատասխաններ տվեց մեր հարցերին: Ինչեւէ, այդքանն էլ էր հերիք հասկանալու համար, որ հայկական եւ վրացական մենթալիտետը նույնիսկ կրթական հարցերում գրեթե չի տարբերվում:

«168 ժամ»-ի այն հարցին, թե ինչպիսի կրթական բարեփոխումներ են սպասվում Վրաստանի թե միջնակարգ եւ թե բարձրագույն կրթության ոլորտում, Գ. Թեւզաձեն պատասխանեց. «Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, քանզի մեկ օր կարող եմ խոսել: Կարող եմ ասել, որ հաջորդ տարվանից վրացական դպոցներն անցնում են 12-ամյա կրթակարգի: Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով եւ փորձում ենք արմատախիլ անել այն անհեթեթություններն ու հիմարությունները, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից հետո: Ցավոք, այս գործընթացը պետք է սկսվեր 15 տարի առաջ, մենք ուշացել ենք»: Խոսելով բարեփոխումների փուլային բաժանումների մասին, Գ. Թեւզաձեն նշեց, որ դպրոցական կրթության բարեփոխումների առաջին փուլը կավարտվի 2010-ին, բարձրագույն կրթության հիմնական փուլը՝ նույնպես, իսկ մասնագիտական կրթության բարեփոխումները կսկսվեն հաջորդ տարվանից եւ կտեւեն մոտ 5 տարի: Ինչ վերաբերում է գիտական համակարգի բարեփոխումներին, ապա դրանք արդեն սկսվել են եւ կտեւեն 2 տարի։ Կրթության համար նախատեսված գումարից 50 մլն լարին հաջորդ 3 տարիներին տրամադրվելու է դպրոցների վերականգնողական աշխատանքներին: Գիտությանը կհատկացվի 3 մլն լարիի չափով գումար: «168 ժամ»-ի հաջորդ հարցը, որ վերաբերում էր Վրաստանի եւ Հայաստանի համագործակցությանը կրթության ոլորտում, մասնավորապես` փոխանակման ծրագրերին, լիարժեք պատասխան չստացավ: Գ. Թեւզաձեն սահմանափակվեց ասելով՝ «Որքանով ես տեղյակ եմ, այս խնդրի շուրջ միջպետական քննարկումների գործընթացն արդեն սկսվել է, եւ շուտով կսպասենք արդյունքներին»:

Ի՞նչ եղավ Ջավախքի հարցը

Այսօր Ջավախքում բնակվող հայերը լուրջ լեզվական խնդիրներ ունեն: Մասնավորապես, այս տարի ջավախահայերի համար բուհ ընդունվելը բավական բարդ եղավ ու արդյունքում ընդամենը երկու հայ դիմորդ դարձավ ուսանող: Համաձայն կրթական նոր օրենքի, որն այս տարի է ընդունվել, բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է վրացերենի քննություն հանձնել: Թեպետ վրացերենին շատ հայեր բավական լավ են տիրապետում, սակայն սա դեռ չի նշանակում, որ նրանք կարող են այդ լեզվի քննությունը հանձնել: «168 ժամ»-ի այն հարցին, թե արդյոք օրենքը վաղաժամկե՞տ ուժի մեջ չմտավ, Գ. Թեւզաձեն պատասխանեց. «Վրաստանի Կրթության նախարարությունն անցած տարի հատուկ դասընթացներ բացեց այն շրջաններում, որոնք բնակեցված են Վրաստանի ոչ վրացի քաղաքացիներով, որպեսզի վերջիններս պատրաստվեն քննությանը: Վրաստանի բուհերում գործում է երկու լեզու, որով դասավանդվում են առարկաները: Մոտ 95 տոկոսը՝ վրացերեն, 5-ը՝ ռուսերեն: Այնպես որ, ես համաձայն եմ, որ այդ շրջաններում ոչ բոլոր դպրոցներն են պատրաստ վրացերեն քննություն հանձնելուն, բայցեւայնպես Վրաստանում լիարժեք բարձրագույն կրթություն կարելի է ստանալ միայն վրացերեն լեզվով»: «Ազգ» օրաթերթի այն հարցին, թե թույլատրվելո՞ւ է արդյոք Վրաստանի դպրոցներում հայ ժողովրդի պատմություն առարկայի դասավանդումը, Գ. Թեւզաձեն պատասխանեց, որ «Վրաստանի պատմություն առարկայի սահմաններում ենթադրվում է լայն ծավալով ներկայացնել Վրաստանի ոչ վրացի բնակչության պատմությունը: Ինչ վերաբերում է առանձին պետությունների պատմություններին, ապա ոչ մի պետության պատմություն առանձին առարկա չի լինելու»:

Ադրբեջանական կողմի լրագրողներն ավելի հետաքրքրված էին քաղաքական բնույթի հարցերով: Դրանցից մեկը հետեւյալն էր՝ «2003 թվի պառլամենտական ընտրություններից հետո դուք Շեւարդնաձեի խորհրդականների, նաեւ ձեր գործընկերների՝ Նիկոլա Օնիանիի եւ Դավիթ Կիկալիշվիլիի հետ միասին հրաժարական տվեցիք։ Փաստորեն Շեւարդնաձեի ամենամոտ մարդիկ նրա դեմ դուրս եկան: Կա կարծիք, որ եթե ձեր եռյակը չթողներ Շեւարդնաձեին ճգնաժամի պահին, հեղափոխությունը անխուսափելի չէր լինի»: Գ. Թեւզաձեն պատասխանեց. «Այն, ինչ դուք ասում եք, շոյող է, սակայն ես չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը: Մենք թողեցինք հակակոռուպցիոն խորհուրդը, որովհետեւ այլեւս հնարավոր չէր համագործակցել իշխանության հետ: Խորհրդում մնացին մեզանից ավելի հեղինակավոր մարդիկ, ովքեր կարծում էին, որ բանակցել դեռ հնարավոր է: Եվս մի հանգամանք: Նախկին կառավարությունում կրթության հարցը ոչ ոք չէր կարեւորում եւ չէր հավատում, որ կրթությունը կարող է երկրում ինչ-որ բան փոխել»:

Թերեւս Գ. Թեւզաձեի համար ամենաանսպասելի հարցը սեփական աշխատավարձի չափի մասին էր, որը նրան ուղեց «Հետքի» լրագրողը, ինչին Գ. Թեւզաձեն պատասխանեց. «Ես չեմ ասի որքան է իմ աշխատավարձը: Այն բարձրաստիճան պաշտոնյաներին վայել չափի է»: Իսկ վերջում, լրագրողներին շնորհակալություն հայտնելուց հետո, Գ. Թեւզաձեն ասաց, որ հաջորդ անգամ կցանկանար հարցազրույցն անցկացնել անգլերեն լեզվով: «Ոչ այն պատճառով, որ ես չեմ հարգում ռուսերենը, այլ այն պատճառով, որ ժամանակակից միջազգային հիմնական լեզուն անգլերենն է: Իսկ ռուսերենը` որպես միջռեգիոնալ պաշտոնական լեզու խանգարում է մեզ հեռանալ խորհրդային անցյալից»: