Օրերս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղումներ է մտցրել: Անկարայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրանը: Ենթադրվում էր, որ դրանց շարքում կհայտնվի նաեւ Ռուսաստանը: Սակայն Թուրքիան համարել է, որ դեռ վաղ է ՌԴ-ին իրենց բարեկամ կամ չեզոք վերաբերվող երկրների ցանկում ընդգրկելը: Հետխորհրդային երկրների նկատմամբ թուրքական դոկտրինայի փոփոխությունների մասին մեր թղթակցի հետ զրույցում ՌԴ Պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին պետ, ՌԴ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովն ասել է. «Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում տերուտնօրեն լինել: Եվ նա պարզապես մեր եւ Հայաստանի հետ, այսպես ասած, խաղ է խաղում. թե` ահա տեսեք, մենք Ռուսաստանին թողել ենք թշնամի երկրների ցուցակում, իսկ ձեզ (ՀՀ-ին) մոտեցրել ենք մեզ: Անկարայի գործողությունները նման են ՀՀ-ին ՌԴ-ից պոկելու, իր թեւի տակ քաշելու փորձերի: Այսպես ասենք. ինչ-որ մեկը, թուլացնելով հայ-ռուսական դիրքերն ու կապերը, փորձում է Հայաստանին քաշել դեպի ՆԱՏՕ»: