ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը նախօրեին հայտարարել էր, թե նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու նպատակով կնքված պայմանագիրը Սահմանադրական դատարան չի ուղարկում, քանի որ Ռուսաստանը չի տվել Հայաստանի ակնկալած 1 մլրդ դոլար վարկը: «Ես կարող եմ ասել, որ այդ մեկնաբանությունը մտացածին է եւ իշխանությունների հետ որեւէ կապ չունի»,- անդրադառնալով այս տեղեկությանը՝ ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Սակայն Ա.Կարապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում պնդել է իր հայտարարությունը: «Առաջին անգամ այդ վարկը ուզել են դեռ այն ժամանակ, երբ կայացել է ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հիմնադրամի ստեղծումը: Դա պայմանագիրը ստեղծելուց ամիսներ առաջ էր: Երբ եկել է այդ պայմանագրի խնդիրը, իմ կարծիքով՝ հայկական կողմն այդ հարցերն իրար փոխկապակցել է: Կարող եմ ավելացնել, որ Եկատերինբուրգում կայացել է Հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի 12-րդ նիստը, այս վարկի հարցը ռուսական մի շարք ձեռնարկություններին, այդ թվում եւ՝ «Մարս» գործարանին ֆինանսավորելու հետ միասին՝ նորից է բարձրացվել: Ուրիշ բան ասեմ, այդ պայմանագիրը աշխարհով մեկ ներկայացվեց որպես PR: Բա հիմա ինչո՞ւ չի վավերացվում, ինչո՞ւ չի ուղարկվում Սահմանադրական դատարան, եթե ինչ-որ բանի հետ կապված չէ: Հարցրեք, թե հոկտեմբերի կեսին, որ Ս.Սարգսյանը զանգահարել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, ի՞նչ էր խոսում»,- հարցրել է Ա.Կարապետյանը: