ՀՀ կառավարությունը բավական ընդգրկուն փոփոխությունների ու լրացումների նախագիծ է պատրաստում ՀՀ քրեական օրենսգրքում:
Այդ առաջարկության համաձայն` ՔՕ մի շարք հոդվածներում փոփոխվելու են տարբեր հոդվածներով սահմանված գործող պատժաչափերը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ փոփոխության իրականացման նպատակներից մեկը, կամ գլխավորը` քաղբանտարկյալներին ազատ արձակելու ելքեր գտնելն է: Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ այս պահին քննարկվում է կառավարության կողմից ներկայացված մի նախագիծ, որը նախատեսում է պատժաչափերի կրճատման որոշակի հայեցակարգային փոփոխություններ: «Մասնավորապես առաջարկվում է՝ առավելագույն պատիժը լինի ոչ թե 15 տարի, այլ 10 տարի: Անդրադարձ է կատարվում նաեւ կրկնակիության ինստիտուտին: Արդյոք պետք է դա պահպանվի՞, թե՞ հանվի»,- ասաց Դ.Հարությունյանը: Սակայն Դ.Հարությունյանը ձեռնպահ մնաց ասել, թե կառավարության ներկայացրած այդ նախագիծը որքանով կտարածվի քաղբանտարկյալների պատժաչափերի վրա: Նույն հարցին պատասխանելով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, թե ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի տրամադրության տակ է գտնվում մի նախագիծ` կապված ՔՕ շատ հոդվածների հետ: «Մի շարք հոդվածներով պատժաչափերը մեղմանում են, եւ ըստ Կ.Նահապետյանի՝ այդ հոդվածներով կարող է մոտ 1000 մարդ ազատ արձակվել: Եվ դա ողջունելի կլինի, որովհետեւ այսօրվա մեր քրեակատարողական հիմնարկների վիճակը ծանր է: Անհրաժեշտ է մի շարք առաջին անգամ հանցագործություն կատարած կալանավորներին, ինչ-որ չափով պատիժը կրած անձանց ազատել, որ քրեակատարողականների վիճակն էլ թեթեւանա»,- այսպես ներկայացրեց Ռ.Պետրոսյանը: Կ.Նահապետյանն էլ փոխանցեց, թե Կառավարության նախագիծը քննարկվել է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում: Հանձնաժողովի անդամները որոշ առաջարկություններ են ներկայացրել, կառավարության ներկայացուցիչը համաձայնել է լրամշակել, ընդունել որոշ առաջարկություններ եւ ետ է վերցրել նախագիծը: Սեպտեմբերի 14-ին կառավարության առաջարկով ԱԺ-ն երկու ամսով հետաձգեց այդ նախագծի քննարկումը: Կ.Նահապետյանը կարծում է, որ գործադիրն այդ նախագիծը կներկայացնի մինչեւ նոյեմբերի 14-ը: Սակայն մեր երեք զրուցակիցներն էլ խուսափեցին նշել, թե այդ նախագիծը որքանով կազդի ընդդիմադիր գործիչների, քաղբանտարկյալների պատժաչափերի վրա: Հիշեցնենք, որ ներկայումս անազատության մեջ են գտնվում ընդդիմության 12 գործիչներ, որոնք մեղադրվում են հիմնականում ՔՕ 225 եւ 316 հոդվածներով` զանգվածային անկարգություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով: Այս եւ ընդդիմության ներկայացուցիչների համար մեղադրանք հանդիսացող մի քանի այլ հոդվածներ կառավարության ներկայացրած նախագծի նախնական տարբերակում ընդգրկված չէին: Սակայն որոշ խոսակցությունների համաձայն՝ չի բացառվում, որ նախագծի լրամշակված տարբերակում արդեն ընդդիմության գործիչներին առաջադրված մեղադրանքների հիմքում դրված հոդվածներն էլ ներգրավված լինեն: Հատկապես, որ հիմա աշխուժացել են միջազգային կառույցների ճնշման արդյունքում քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին խոսակցությունները, եւ բացի այդ՝ իշխանություններն իրենք էլ նրանց ազատելու ելքեր են փնտրում: Եվ քանի որ այդ նախագծի հետաձգման ժամկետի ավարտը մոտենում է, երեկ փորձեցինք արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից եւս ճշտել, թե երբ կներկայացնեն նոր տարբերակը, կամ արդյո՞ք դրանում քաղբանտարկյալների պատժաչափերի մեղմացում նախատեսվում է: Նախարարը կարճ պատասխանեց` ասելով, թե չի հիշում` խոսքը որ նախագծին է վերաբերում եւ, որ Քրեական օրենսգրքի փոփոխության շատ առաջարկներ են լինում: Նաեւ ավելացրեց, թե որոշ առաջարկություններ նաեւ Գլխավոր դատախազությունն է ներկայացրել: Մի խոսքով, այս խճճված պատմության մեջ որեւէ մեկը չցանկացավ ասել, թե այդ նոր նախագիծն ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղբանտարկյալների վրա: Ավելացնենք, սակայն, որ, անցած ամիս պարզ դարձավ, որ ԵԽ ԽՎ-ում բանաձեւ է պատրաստվում, որտեղ պետք է տրվի «քաղբանտարկյալ» կատեգորիայի սահմանումը: Եվ շատերը չեն բացառում, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, մինչ ԵԽ ԽՎ-ն կընդունի այդ սահմանումը: Իսկ Դ.Հարությունյանն ավելացրեց, թե Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված կալանավորներին ազատ արձակելու իրավական հնարավոր 3 լուծումներ կան: «Մեկը համաներումն է, բայց ես չեմ կարծում, որ երկիրը պետք է իսկապես հաճախ համաներում կիրառի: Բայց եթե կիրառեց, միգուցե տարածվի, կամ` ոչ: Երկրորդը ներումն է, երբ անձինք ուղղակի դիմում են նախագահին, եւ երրորդը դա պատժից պայմանական վաղաժամկետ ազատելն է, երբ լրանում է որոշակի ժամկետ: Ինձ հայտնի չէ որեւէ այլ իրավական լուծում»,- ասաց Դ.Հարությունյանը: Առաջիկայում, գոնե պաշտոնական աղբյուրների համաձայն, համաներում չի սպասվում, ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները քաղբանտարկյալներից չկարողացան ներման խնդրագրեր պոկել: Միգուցե փորձեն բոլորին արձակել պատժից վաղաժամկետ ազատման տարբերակով: Դա կլինի «փոքր համաներման» նման մի բան: Հիշեցնենք, որ պատժաչափի նման մեղմացման ակտ մի անգամ էլ կիրառվել է 2002թ.: ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Դալլաքյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Արթուր Բաղդասարյանը հեղինակել էին նման մի օրինագիծ: Եվ այդ մեղմացման արդյունքում կրկին մոտ 900 կալանավորների պատժաչափը մեղմացվեց, ու նրանք ազատ արձակվեցին: Այդ ակցիան էլ ժամանակին գնահատվեց որպես «փոքր համաներում»: Իշխանական կուլիսներում խոսում են, որ քաղբանտարկյալների դեպքում էլ այս տարբերակն են օգտագործելու: