– Հանրապետական կուսակցությունն արդեն մի քանի ամիս անվճար բուժօգնության ծրագիր է իրականացնում ՀՀ մարզերում: Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ միջոցառումները, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրականացվող նման քայլերն արդյո՞ք նախընտրական ակցիաներ, ժողովրդին կաշառելու փորձեր չեն:
– Ոչ, ես բազմիցս նշել եմ, դա նախընտրական ակցիա չէ: Եթե քաղաքական ուժը մարզերում ունի ռեալ գործող տարածքային կառույցներ, եւ եթե միջոցառումներ չպիտի անի, ապա ինչի՞ համար են դրանք: Պետք է միայն դիմում-բողոքնե՞ր հավաքեն, թե՞ մարդկանց իրենց կուսակցությանն անդամագրեն: Քաղաքական ուժը նաեւ հասարակական ակտիվություն պետք է ունենա, իսկ դրա համար իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, այդ թվում եւ՝ անվճար բուժօգնության ծրագիրը: Անվճար բուժօգնություն չանեն, զինծառայողների հետ կապված միջոցառումներ չանեն, բա ինչո՞վ զբաղվեն:
– Բայց այդ ոլորտների խնդիրների լուծումը պետության գործառույթն է, իսկ ՀՀԿ-ն այսօր Հայաստանում գրեթե միահեծան իշխանություն ունի: Ինչո՞ւ այդ խնդիրները տնտեսությունը զարգացնելով ու պետական միջոցներով չեն լուծում, եւ ընտրությունների նախաշեմին կուսակցության խողովակներն են գործի դրվում:
– Սահմանադրությամբ ու օրենքներով քաղաքական ուժին չի արգելվում զբաղվել նման սոցիալական խնդիրներով եւ մասնակցել հասարակական կյանքին: Իսկ իշխանություններն իրենց տնտեսական ու սոցիալական խնդիրներն աստիճանաբար լուծում են:
– Ամեն դեպքում ՀՀԿ-ում պատասխանատվություն զգո՞ւմ են, որ իրենց ղեկավարած երկրում շատ քաղաքացիներ, հատկապես՝ գյուղաբնակներն ի վիճակի չեն հոգալ իրենց առողջական խնդիրները եւ ստիպված օգտվում են կուսակցության կազմակերպած անվճար բուժօգնության ծրագրերից:
– Ոչ, պետությունն էլ ունի պետպատվերի շրջանակում որոշակի միջոցառումներ, ծրագրեր, պարզապես ՀՀԿ-ն այստեղ իրականացնում է այս ակցիան` հաշվի առնելով, որ հեռավոր գյուղերում երբեմն նեղ մասնագետների խնդիր է առաջանում: Եվ դրա հետ կապված՝ նաեւ զուտ գյուղաբնակ մեր հասարակությունն ի վիճակի չի լինում քաղաք հասնել: Մեր մենթալիտետի մեջ կա նաեւ բժշկին չայցելելու սովորույթ, այցելում ենք, երբ դանակը ոսկորին է հասնում: Այս ակցիայի շրջանակներում բոլոր մարզերի առողջապահական հաստատություններից տեղեկություններ ենք ստացել, թե հատկապես ինչ կարգի մասնագետի կարիք է զգացվում, եւ ծրագրում ընդգրկում էինք մասնագիտացված բժիշկների: Եվ այս ակցիայի ամենակարեւոր մեխերից մեկն այն էր, որ կարողացանք մեր ժողովրդի մեջ հավատ եւ կուլտուրա մտցնել, որ այցելեն բժշկի պարզապես հետազոտվելու համար, որ կարողանան հիվանդությունները կանխարգելել վաղ ժամանակահատվածում: Շատ կարեւոր էր նաեւ ժողովրդի հավատը հանդեպ մեր կուսակցության եւ միջոցառմանը: Յուրաքանչյուր մարզից հետո այս ծրագրին մասնակիցների թիվը գնալով ավելանում էր, ինչը վկայում էր, որ ծրագիրն արդյունավետ էր եւ իր նպատակին ծառայեց: Մենք կարողացանք ժողովրդին ինչ-որ չափով օգտակար լինել:
– Խոսեցիք պետպատվերով իրականացվող բուժծառայության մասին: Հայտնի է, որ առողջապահության ոլորտին հատկացվող գումարների գերակշիռ մասն այդ նպատակին է ուղղվում: Արդյո՞ք այդ միջոցներն իրենց նպատակին ծառայում են: Այսօր բազմաթիվ դժգոհություններ են հնչում, որ նույնիսկ արտոնյալ խավերի շատ ներկայացուցիչներ չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից:
– Եթե հիվանդը պետպատվերից օգտվելու համար պահանջվող չափանիշներն ունի, պատկանում է այդ ծառայությունից օգտվողների խմբին, ապա այդ մարդու համար պետպատվերի շրջանակում տրամադրվում է անվճար բուժօգնության հնարավորություն: Իսկ թե նախարարությունում կլինեն դեպքեր, որ այդ գումարները նպատակին չեն ծառայում, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս ծրագրի շրջանակներում պետական գումարներից գոնե մեկ լումա չի օգտագործվել, որեւէ պետական պաշտոնյայի պետական դիրքը չի չարաշահվել:
– Իսկ ի՞նչ միջոցներով եք իրականացրել անվճար բուժօգնության այդ ծրագիրը:
– Հնարավոր է, որ որոշակի անձինք աջակցել են, բայց պետական որեւէ միջոց չի օգտագործվել:
– Ովքե՞ր են աջակցել:
– Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
– Ինչո՞վ է օգնել:
– Նա կուսակցության ներսում համակարգում է 10 մարզերի կուսակցական գործունեությունը: Եվ եթե այս ծրագրերն իրականացվել են մարզերում, ապա գտնվում են նրա համակարգման ներքո: Եղել նաեւ դեպքեր, երբ ֆինանսական աջակցություն է եղել:
– Որքա՞ն գումար եք ծախսել եւ ի՞նչ միջոցներից:
– Դա մեր գաղտնիքն է:
– Ծրագրին մասնակից բժիշկներն անվճա՞ր են մասնակցում այդ միջոցառումներին:
– Դա մեր կազմակերպչական խնդիրն է, լինում են կամավորներ, լինում են նաեւ դեպքեր, որ փոխհատուցում ստանում են: Այս ակցիան այնպիսի գաղափարական հիմքերի վրա է, որ նույնիսկ ցանկացող բժիշկների թիվն է շատ:
– Նրանք ՀՀԿ անդամնե՞ր են:
– Այսօր հանրապետության ցանկացած խավի մեջ գերիշխողը հանրապետականներն են: Կան նաեւ անկուսակցական բժիշկներ, ովքեր տեսել են ժողովրդին օգնելու մեր մղումը եւ ցանկացել են մաս կազմել:
– Ծրագրի արդյունքում այցելեցիք ու շփվեցիք շատ աղքատ մարդկանց հետ: Պատկերացում կազմեցի՞ք, թե ՀՀ-ում սոցիալական վիճակը որքան ծանր է:
– Խնդիրը մեծ է, եւ միայն առողջապահական ծրագրերով չէ, որ պետք է պատկերացում կազմենք: Եվ նշեմ, որ ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից է, որ հանրապետության բոլոր տարածքներում ունի գործող գրասենյակներ, որտեղ կան մարդիկ, ովքեր ամեն օր շփվում են ժողովրդի հետ եւ ընդունում են դիմումներ, բողոքներ եւ այլն: Նաեւ այդտեղից մենք կարող ենք եզրակացություն կազմել: Գյուղական շրջանակում կան սոցիալական որոշակի խնդիրներ, եւ իշխանությունները փորձում են դրանք լուծել: Եվ եթե համեմատենք մեր ծրագրերն ու գործունեությունը, ապա կտեսնենք, որ թեկուզ տնտեսական ծանր ճգնաժամի պայմաններում մենք հետեւողականորեն իրականացնում ենք բոլորը: