Քաշքշուկներն անթույլատրելի են

04/11/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, եղել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանի «Այրում-Ջիլիզա» մաքսային կետում:

Մաքսակետում պետբյուջեից կատարված ֆինանսավորման շրջանակում 125 մլն դրամի ներդրումներ են կատարվել, ինչի արդյունքում աշխատակազմի համար կառուցվել է նոր տեխնիկայով եւ օպտիկամանրաթելային ինտերնետ կապով հագեցած նոր շենք: Նշենք, որ «Այրում» մաքսային կետում հիմնականում կատարվում են երկաթուղային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների աշխատանքներ: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանի պետ Հովիկ Աբովյանը լրագրողներին տեղեկացրել է, որ փոփոխությունների արդյունքում մաքսային կետը մեծ թողունակություն է ապահովում. «Կատարված վերազինման արդյունքում բեռնափոխադրումներն ավելի արագ են կատարվում՝ օրական մոտ 70 վագոն՝ 400.000 տոննա բեռով»:

Շրջայցի ժամանակ Ս. Սարգսյանին ներկայացրել են, որ մինչ Այրում-Ջիլիզա մաքսակետի վերակառուցումը, մաքսային ծառայողներն աշխատել են դեռեւս անցյալ դարի կեսերին կառուցված փոքր տարածքով մեկ հարկանի շինության մեջ, որը չէր համապատասխանում մաքսակետի գործունեության ժամանակակից պահանջներին: Այժմ մաքսատան աշխատանքները կշարունակվեն բարեփոխված, տեխնիկապես արդիականացված եւ գրեթե կրկնակի տարածքով երկհարկանի շենքում: Այրում կայարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը Ս. Սարգսյանին ներկայացրել է Հարավկովկասյան երկաթգծի անձնակազմի վերապատրաստման, երկաթգծի վերանորոգման եւ տրանսպորտային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այնուհետեւ Ս. Սարգսյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ, շրջել մաքսատան տարածքում, ծանոթացել սահմանային անցակետի խնդիրներին: Նա եղել է նաեւ ռենտգենային տեսազննման համար նախատեսված շենքում եւ մաքսային ծառայության վարչական շենքում, որտեղ շրջայցի ավարտին խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ այլ պատասխանատուների մասնակցությամբ: Ս. Սարգսյանը կարեւորել է սահմանային անցակետերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը` ընդգծելով, որ պետք է արագ տեմպերով շարունակել արդիականացման ուղղությամբ սկսած աշխատանքը: Նա խոսել է հատկապես սահմանային անցակետերից օգտվող ՀՀ քաղաքացիների, գործարար համայնքի ներկայացուցիչների, զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, նրանց որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտության մասին` նշելով, որ այսօր անցակետերում գոյություն ունեցող վիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց, իսկ բարեփոխման համար անհրաժեշտ է տեխնիկական հագեցվածություն եւ հարմարավետ աշխատանքային պայմաններ ապահովել այդ ծառայությունները մատուցողների` սահմանապահների ու մաքսային ծառայության աշխատակիցների համար, որքան էլ դրանք մեծ միջոցներ են պահանջում: «Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները եւ գտնելու ենք: Մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում պետք է կարողանանք գոնե երկու-երեք ժամանակակից անցումային կետ ունենալ: Առաջինը պետք է լինի Բագրատաշենը, երկրորդը, երրորդը կարող եք ինքներդ որոշել, թեեւ կարծում եմ, որ այս հարցը հավասարապես վերաբերում է նաեւ Մեղրիի մաքսատանը: Այն քաշքշուկները, որ ստեղծվում են առաջին հերթին ամառվա ամիսներին, ուղղակի անթույլատրելի են, նաեւ անընդունելի՝ ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ Հայաստան այցելող մեր հյուրերի համար»,- ընդգծել է Ս. Սարգսյանը` նշելով, որ բարձրորակ ծառայությունների մատուցումը չպետք է պայմանավորել միայն լավ աշխատանքային պայմաններով ու ժամանակակից սարքավորումներով ապահովվածությամբ, այլ չափազանց կարեւոր է ունենալ որակյալ ու բարեխիղճ կադրեր: ՀՀ նախագահի հանձնարարությամբ այնուհետ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է հարկային մուտքերի ընթացիկ տարվա անցած տասը ամիսների կատարողականի, ՊԵԿ բարեփոխումների ընթացքի, սահմանային անցակետերի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Գ. Խաչատրյանը նշել է, որ սահմանային կետերը պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին, եւ անցակետերում պետք է լինեն բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որպեսզի միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցվեն: Նրա խոսքով, Հայաստանում ստեղծվելու է սահմանային մեկ միասնական համակարգ. «Ներկայումս անցակետերը տարբեր փաստաթղթեր են պահանջում մարդկանցից, իսկ սահմանային կառավարման միասնական համակարգի անցնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերը բոլոր մաքսային անցակետերի համար նույնը կլինեն»: Սահմանային միասնական կառավարման համակարգը պատրաստ կլինի Հայաստանում 2 տարի հետո: «Նախագահին հետաքրքրում են համակարգի բարեփոխումները, խորհրդակցության ժամանակ կարեւորվել է միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր ունենալը: Նպատակը մեկն է, որպեսզի բիզնես միջավայրը եւ այն քաղաքացիները, որոնք հատում են սահմանային կետերը, զգան այն բարեփոխումները եւ այն ընթացակարգերը, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Այդ գործառույթները գտնվում են նախագահի ուշադրության կենտրոնում,- խորհրդակցությունից հետո ասել է Գագիկ Խաչատրյանը։ -Չունենք միջազգային ստանդարտներին համապատասխան անցակետեր, որոնք հնարավորություն կտան ձեւավորել սահմանային միասնական կառավարման համակարգ»: Ի դեպ, նա տեղեկացրել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր կառուցելու համար հայտարարվել է մրցույթ, սահմանվել են ժամկետներ: Իսկ մրցույթին կմասնակցեն եվրոպական երկրներից կազմակերպություններ. նրանք տեխնիկական առաջարկներ կգրեն, այնուհետեւ կսկսվեն համապատասխան աշխատանքներ:

Գ. Խաչատրյանն անդրադարձել է նաեւ Բագրատաշենի սահմանային կետի մոտ գտնվող մոթելի առկայությանը` նշելով, թե սահմանային կետը պետք է լինի «ստերիլ» տարածություն: Պետք է առկա լինեն միայն այնպիսի կառույցներ, որոնք անհրաժեշտ են սահմանային կետի աշխատանքի համար: «Եթե սահմանային կետերի փոփոխության աշխատանքում նախագծողները գտնեն, որ մոթելը չի խանգարում սահմանային կետի բնականոն գործունեությանը, ապա կթողնենք: Իսկ եթե գտնեն, որ խանգարում է` այն կչեզոքացվի»,- ասել է Գ. Խաչատրյանը:

Ի դեպ, Տավուշի մարզ այցի շրջանակում Ս. Սարգսյանը նաեւ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ: