Զինվորին դաժանաբար ծեծել են

04/11/2010

Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանը այժմ գտնվում է Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքում` ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով: Զինվորը պատմել է, որ հոսպիտալում է հոկտեմբերի 28-ից, սակայն խուսափել է այլ մանրամասներ հայտնելուց: Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ, 5 ամսվա ծառայող Էրիկի հայրը` Գագիկ Գրիգորյանն ասել է, որ որդուն ծեծել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը: Տղային մեկ ժամից ավելի ծեծել է` առավոտյան ժամանակին չարթնանալու համար: Հոր խոսքով` Էրիկ Գրիգորյանը ծեծվել է բազմաթիվ զինվորների աչքի առաջ. «Էդքան զինվորներն էլ ասում են` վախենում էինք գնայինք մոտ, գոնե չթողնեինք ծեծել: Երեխան արդեն ուշագնաց ընկած է եղել, բայց ինքը խփել է: Հետո ուշաթափված, զինվորները տարել են լվացնելու, բռնացրել լվացարանի մոտ՝ նորից ծեծել է»: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 1-ին Երեւանի 4-րդ կայազորային քննչական բաժնում այս փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը): Քննչական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ Արմեն Բարեղամյանին նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք է առաջադրվել` մեկ այլ զինվորի ծեծելու համար, հոկտեմբերի 18-ին գործը դատարան է ուղարկվել, սակայն նա ազատության մեջ է ու շարունակում է աշխատել: