2010թ. դեկտեմբերի 31-ից Թուրքիայի Քրեական դատավարության օրենսգրքում շրջանառության մեջ է մտնելու մի օրենք, համաձայն որի` ամբաստանյալների կալանքի ժամկետը սահմանվելու է 1,5-ից մինչեւ 3 տարի: Այս մասին է գրում թուրքական «Aksam» օրաթերթը` նշելով, որ դա մի նոր «բինգո» է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի համար: Պարբերականի փոխանցմամբ` Օգյուն Սամասթն, արդեն 3 տարի 9 ամիս է, կալանավորված է: Եվ վերոնշյալ օրենքը շրջանառության մեջ մտնելուց հետո դատարանը կվերացնի Սամասթի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանված կալանքը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլի դատարանը, բավարարելով Օգյուն Սամասթի փաստաբան Լեւենթ Յըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպես անչափահասի: Այս դեպքում Սամասթին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով: