Մարդահամարը սկսվել է

21/10/2005

Հոկտեմբերի 18-27-ը ԼՂՀ-ում մարդահամար է անցկացվելու, որը առաջինն է ԼՂՀ անկախությունից ի վեր: Դրա համար նախատեսված է 120 մլն դրամ: Հայտնի է, որ մարդահամարի պատշաճ կազմակերպման եւ անցկացման համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ. նշանակվել է մարդահամարի իրականացման պետական լիազոր մարմինը՝ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հաստատվել են մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման հանրապետական ու շրջանային հանձնաժողովների կազմերը եւ այլն: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ կարեւորելով հանրապետությունում մարդահամարի անցկացումը, իր ուղերձում նշել է. «Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի նշանակություն կունենա մարդահամարի անցկացումը ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության զբաղվածության ու բարեկեցության ապահովման հեռանկարների սահմանման գործում, ինչը, բնականաբար, մեզ թույլ կտա իրատեսորեն ծրագրավորել մեր հետագա անելիքները՝ ուղղված Արցախի անկախ պետականության ամրապնդմանը, երկրի շենացմանն ու նրա պաշտպանունակության բարձրացմանը»։

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Բենիկ Բաբայանից տեղեկացանք, որ մարդահամարի անցկացման առաջին օրը բավական կազմակերպված է անցել: Հոկտեմբերի 18-ի վաղ առավոտից հանրապետության ողջ տարածքում աշխատանքի են անցել թվով 462 հաշվարարներ, իսկ ընդհանուր առմամբ մարդահամարի անցկացման աշխատանքներում ընդգրկված է շուրջ 600 հոգի: Բ. Բաբայանը փաստեց նաեւ, որ առաջին օրվա տվյալներով` հանրապետությունում լրացվել է 5338 հարցաթերթիկ, ըստ որի՝ գրանցված անձանց թվաքանակը կազմում է 19.932:

Ա. Դ.